Խորհրդարանականները պատրաստվում են բոլոր մեղավորներին ներառել «Օտխոզորիա-Տատունաշվիլիի» ցուցակում

մարտ 12, 2018 - 00:01        Viewed: 283       

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը հանդես է եկել այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակի» անալոգ ստեղծելու նախաձեռնությամբ՝ «Օտխոզորիա-Տատունաշվիլիի» ցուցակ, որում կհայտնվեն նրանք, որոնք մասնակից են Վրաստանի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում մարդկանց առևանգումներին ու սպանություններին: Այդ մարդկանց դեմ պետք է կիրառվեն որոշակի պատժամիջոցներ:

Այդ նախաձեռնության գլխավոր նպատակն է պաշտպանել Վրաստանի քաղաքացիներին, քանի որ Թբիլիսիի իշխանությունները, ըստ էության, չունեն ոչ մի իրական օջախ այդ տարածքներում իրենց քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Գաղափարի հեղինակները կարծում են, որ այդպիսի «սև ցուցակը» կարող է դառնալ ստեղծված իրավիճակից որոշակի ելք: «Եվրոպական Վրաստանն» արդեն պատրաստել է բանաձևի նախագիծը, սակայն այն չի շտապում պաշտպանել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն ունի: Սակայն նախագիծն ակտիվորեն քննարկվում է վրացական մամուլում, փորձագետների շրջանում և ոչ կառավարական ոլորտում:

Նախաձեռնության համար առիթ է հանդիսացել երկու շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպը: Փետրվարի 22-ին Հարավային Օսիայի ուժայինները Ախալգորի շրջանում (շրջան Հարավային Օսիայի տարածքում, որտեղ ապրում են էթնիկ վրացիներ) ձերբակալեցին Վրաստանի երեք քաղաքացիների, նրանց թվում Ախալգորիի 34-ամյա բնակիչ Արչիլ Տատունաշվիլին, որը նույն օրը մահացավ չպարզված հանգամանքներում:

Հարավօսական իշխանությունների տվյալներով՝ Տատունաշվիլին փորձել է խլել զենքն ուժայիններինց, վեճ է առաջացել, որի ժամանակ նա ցած է գլորվել աստիճաններից և մի քանի ժամ անց մահացել է հիվանդանոցում սրտային անբավարարությունից:

Դե ֆակտո իշխանություններն ասում են, որ Տատունաշվիլին ձերբակալվել է 2008թ. «օսերի ցեղասպանությանը» մասնակցելու կասկածանքով:

Սակայն տեղի իշխանությունները պնդում են, որ Տատունաշվիլին ապրել է Ախալգորի շրջանի այդ գյուղում, այնտեղ զբաղվել է մրգի ու բանջարեղենի առևտրով, ազատ հատել է սահմանը և երբեք խնդիրներ չի ունեցել տեղի ուժայինների հետ: Նա 2008թ. ծառայել է վրացական բանակում, բայց երբեք պատերազմին չի մասնակցել, քանի որ առաքելությամբ գտնվել է Իրաքում:

Տատունաշվիլիի մահվան հարավօսական տարբերակին չեն հավատում ո՛չ նրա ընտանիքը, ո՛չ պաշտոնական Թբիլիսին: Այն հանգամանքը, որ օսական կողմը մինչ այս պահը փորձում էր ձգձգել մարմինը նրա ընտանիքին հանձնելը, Թբիլիսիում ավելի է ամրապնդվում տեսակետը, որ Տատունաշվիլին մահացել է Ցխինվալիի բանտում՝ իր դեմ կիրառված բռնության հետևանքով:

Վրաստանը և նրա միջազգային գործընկերները պահանջում են քննել կատարվածը: Հետաքննությանը պատրաստ է միանալ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, եթե կողմերն այդ հարցով համաձայնության գան:

Տատունաշվիլիի դեպքին նման է Գիգա Օտխոզորիայի հետ կապված միջադեպը: Վրաստանի 31-ամյա քաղաքացի Օտխոզորիան սպանվել է 2016թ. մայիսին վրաց-աբխազական վարչական սահմանին:

Նա փորձել է մթերք անցկացնել Աբխազիայի տարածք, բայց վեճ է սկսվել աբխազ սահմանապահների հետ: Նրանցից մեկը 6 անգամ ատրճանակից կրակել է նրա վզին: Դա տեղի է ունեցել սահմանի վրացական կողմում, մինչև որտեղ աբխազ ուժայինները հետապնդել են Օտխոզորիային, երբ նա փորձել է փախչել:

Միջադեպը մանրամասն հայտնի է դարձել շնորհիվ այն բանի, որ Օտխոզորիայի սպանությունը գրանցել են վրացական սահմանային անցակետում տեղադրված տեսախցիկները: Ավելի ուշ այդ կադրերը հայտնվել են մամուլում:

Սպանություն իրականացնողը՝ Ռաշիդ Քանջի-օղլին, որին Զուգդիդիի դատարանը հեռակա դատապարտել էր նախնական կալանավորման, աբխազական դատարանի կողմից տնային կալանքի էր ենթարկվել: Սակայն ավելի ուշ ապացույցների բացակայության պատճառով գործը փակվել է, և նա վերջնականապես ազատ է արձակվել:

Ո՛չ Օտխոզորիայի անմիջական սպանողները, ո՛չ սպանության այլ մասնակիցներ այդպես էլ չեն պատժվել:

Գաղափարի հեղինակները պնդում են, որ Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում մարդու իրավունքների խախտումների դեպքերի հաճախակի դառնալու ֆոնին միայն քաղաքական գնահատականն արդեն բավարար չէ, և անհրաժեշտ է ստեղծել պաշտպանության ու կանխման մեխանիզմ: Նրանց կարծիքով՝ այս փուլում միակ իրական օջախը միջազգային պատժամիջոցներն են:

«Այդ ցուցակը համադարման չէ, սակայն որոշակի խոչընդոտներ է ստեղծում: Առավել ևս, որ այժմ մեր ձեռքում որևէ մեխանիզմ չկա: Ցուցակը կունենա զսպող ազդեցություն. ոչ մեկ չի սիրում լինել թիրախ (պատժամիջոցների համար)», -ասում է «Եվրոպական Վրաստան»-ի պատգամավոր Սերգի Կապանաձեն՝ նախագծի անմիջական հեղինակը և նախաձեռնողը: Նա կարծում է, որ այդ ցուցակը անհարմարություններ կստեղծի Ռուսաստանի համար, այդ թվում բարձր քաղաքական մակարդակում, եթե Վրաստանի իշխանություները դրա մասին խոսեն բոլոր բարձր ամբիոններից:

Կալանքի տակ կդրվի «Օտխոզորիա-Տատունաշվիլիի» ցուցակի մասնակիցների՝ Վրաստանի կառավարությանը հասանելի ամբողջ գույքը: Կսամանափակվի Վրաստանի գործընկեր երկրներում գույք ձեռք բերելու կամ ֆինանսական փոխանցումներ ստանալու նրանց հնարավորությունները: Նրանք չեն կարողանա Վրաստանի գործընկեր-երկրների այցագիր ստանալ: Նրանք չեն կարողանա օգտվել այն արտոնություններից, որոնք Վրաստանը սահմանել է օկուպացված տարածքների բնակիչների համար, մասնավորապես, անվճար բուժման ծրագրից, որը գործում է 2010թ.-ից, և որից արդեն օգտվել են Աբխազիայի և Հարավային Օսիայի բազմաթիվ բնակիչներ:

Բանաձևի նախագծի համաձայն՝ ցուցակը պետք է նախապատրաստի կառավարությունը և դրա մեջ ներառի ոչ միայն Վրաստանի քաղաքացիների սպանությունների և խոշտանգումների անմիջական կատարողներին, այլև նրանց, որոնք մասնակից են եղել հանցագործությանը կամ թաքցրել են այն:

Առայժմ միակ մարդը, որի մասին հայտնի է՝ կհայտնվի ցուցակում, Ռաշոդ Քանջի-օղլին է, որը մեղադրվում է Օտխոզորիայի սպանության մեջ:

Գաղափարի հեղինակների կարծիքով՝ ցուցակը չպետք է մեծ լինի, կարևորը, այն պետք է ունենա զսպող ազեցություն: «Եթե մենք դրանում գրանցենք 500 մարդ, ոչ մեկին դա չի վախեցնի: Բայց եթե գրանցենք 5-ին, 495-ը կմտածեն՝ արժե՞ հայտնվել այնտեղ: Գլխավորը, որպեսզի նրանք տեսնեն, որ ցուցակի մեջ հայտնվողները խնդիրներ են ունենում», -մեկնաբանում է Սերգի Կապանաձեն:

Գաղափարի հեղինակները նաև պնդում են, որ իրենց առջև խնդիր չեն դնում խանգարել խաղաղության գործընթացին և ցուցակում ներառել բարձրաստիճան պաշտոնատար անձանց (օրինակ, Աբխազիայի ղեկավար Հաջիմբային կամ Ռուսաստանի նախագահ Պուտինին):

Նախագծի համաձայն՝ ցուցակի վրա պետք է աշխատեն Պետանվտանգության ծառայությունը, ՆԳՆ-ն և ԱԳՆ-ն, իսկ խորհրդարանին փաստաթուղթը պետք է ներկայացնել մինչև գարնանային նստաշրջանի ավարտը: Բանաձևի նախագիծը պարտավորեցնում է կառավարությանը քննել այդ բոլոր անձանց գործերը և արդյունքների մասին տեղյակ պահել Վրաստանի միջազգային գործընկերներին:

Օրացույց