Կվիրիկաշվիլին պատրաստակամություն է հայտնում ուղղակի երկխոսություն սկսելու աբխազների և օսերի հետ

մարտ 13, 2018 - 00:55        Viewed: 230       

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հատուկ հայտարարությամբ դիմել է Ռուսաստանի իշխանություններին: Կվիրիկաշվիլին իր հայտարարության մեջ կոչ է արել Կրեմլին համատեղ քայլեր ձեռնարկել չպարզված հանգամանքներում Արչիլ Թաթունաշվիլիի մահվան կապակցությամբ: «Դիմում եմ Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, որպեսզի հանուն ներկա և ապագա սերունդների առջև պատասխանատվության համատեղ քայլեր ձեռնարկվեն բարդ դրությունը հաղթահարելու համար», -ասված է հայտարարությունում: 

Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետն Արչիլ Թաթունաշվիլիի մահվանից երկու շաբաթ անց: Վրաստանի քաղաքացի Արչիլ Թաթունաշվիլին մահացել է փետրվարի 23-ին Ցխինվալիի բանտում չպարզված հանգամանքներում: Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունները մինչ օրս հրաժարվում են Թաթունաշվիլիի մարմինն ընտանիքին հանձնել, ինչն ուժեղացնում է Թբիլիսիի կասկածներն առ այն, որ մահվան պատճառը սրտի նոպան չի եղել, ինչպես պնդում է հարավօսական կողմը, այլ բռնի գործողությունները: 

«Ցավոք, այսօր մենք գտնվում ենք ծանր իրականությունում: Վերականգնել ենք երկկողմանի առևտրատնտեսական հարաբերությունները, սակայն ողբերգական միջադեպերի շղթան չի հաջողվում կասեցնել: Դա խաչ է քաշում վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վրա: Վերջին ողբերգական օրինակը երկու շաբաթ առաջ չպարզված հանգամանքներում մեր քաղաքացի Արչիլ Թաթունաշվիլիի մահը դարձավ, որի մարմինը մինչ օրս ընտանիքին չի հանձնվել՝ չնայած անգամ պատրիարք Իլյա Երկրորդի բազմաթիվ փորձերին և միջազգային հանրության ջանքերին», -ընդգծվում է վարչապետի հայտարարությունում:

Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարությունում ցանկություն է հայտնում, որ Վրաստանն ու Ռուսաստանը կարողանան կարգավորել լարված հարաբերությունները, որոնք վատթարացել են 2008թ-ի պատերազմից հետո: Նրա խոսքով՝ ճիշտ կլինի, որ պատերազմի 10-րդ տարելիցը կողմերը դիմավորեն ոչ թե փոխադարձ մեղադրանքներով, այլ «ձեռնարկեն թեկուզ ոչ մեծ, սակայն խելամիտ քայլեր մեր հարաբերությունները կախարդված շրջանից դուրս բերելու համար»:

ՌԴ իշխանություններին հղած ուղերձում Կվիրիկաշվիլին պատրաստակամություն է հայտնում ուղղակի երկխոսություն սկսելու աբխազների և օսերի հետ և այդ հարցում ակնկալում է նաև ռուսական կողմի կառուցողական մոտեցումը. «Ռուսական կողմի կառուցողական դիրքորոշումը լավատեսությամբ կընկալվեր», -ասված է հայտարարությունում:

Վարչապետի խոսքով՝ վրացական կողմը հետաքրքրված է Ժնևի բանակցությունների իրական առաջընթացով, և ինքն անձամբ պատրաստ է ներգրավվել այդ գործընթացում:

Եթե իշխող կուսակցության ներկայացուցիչները վարչապետի ուղերձը «ժամանակին, գործնական և իրողությունների թելադրանքով արված» են համարում, ապա ընդդիմությունն այն կապիտուլյանտական է անվանում:

«Կապիտուլյացիա», «սեփական անօգնականության ընդունում», «ոչ հետևողական քաղաքականության արդյունք». հենց այսպիսի գնահատականներ են հնչում ընդդիմադիր միջավայրում և փորձագիտական հանրության որոշ շրջաններում: Ոմանք նույնիսկ կարծում են, որ այդպիսի հայտարարությունից հետո վարչապետը պետք է հրաժարական տա:

Հանրապետական կուսակցության անդամ Լևան Բերձենիշվիլի. «Սա այն բանի ուղղակի վկայություն է, որ Վրաստանի իշխանությունն ընդունում է սեփական անօգնականությունը… Եթե Վրաստանը կարող է էլ ավելի մեծ զիջումների գնալ, ապա Վրաստանի վարչապետը պետք է մտածի իր հրաժարականի մասին, տեղ ազատի նրա համար, ով ավելի լավ կկատարի Վրաստանի վարչապետի պարտականությունները: Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում զիջելու բան չունի: Ռուսաստանն օկուպանտ է, ուրեմն ի՞նչ բանակցությունների մասին կարող է խոսք գնալ: Ինչի՞ վերաբերյալ պետք է պայմանավորվեն… Վարչապետն ինքնասպանություն գործեց: Սպանված տղայի մարմինը չեն փոխանցում, քանի որ ռուսները սեփական նկատառումներն ունեն, նրանք ծիծաղում են մեզ վրա… Ես ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչ առաջարկների մասին կարող է խոսք գնալ: Իմ կարծիքով, օրկարգում շտապ պետք է ներառել վարչապետի հրաժարականի հարցը»:

Գիորգի Բարամիձե, «Ազգային շարժում». «Այս հայտարարությունն ի ցույց է դնում վրացական իշխանության նվաստացուցիչ դրությունը, և դա տհաճ էմոցիաներ է առաջացնում: Անհասկանալի է, թե ինչ նկատի ունի վարչապետն ինչ-որ քայլերի մասին խոսելիս, որոնք պետք է Վրաստանը կատարի իր շահերը պաշտպանելու համար: Կարծում եմ, որ ավելի նպատակահարմար կլիներ, եթե վարչապետը դիմեր միջազգային հանրությանը՝ Ռուսաստանին հիշեցնելով, որ գոյություն ունեն միջազգային պարտավորություններ: Խնդրողի, նվաստի, ճակատագրին համակերպվածի տոնը, որն առկա է հայտարարությունում, Ռուսաստանի հետ չի աշխատի: Իզուր չէ ասված՝ Մոսկվան արցունքներին չի հավատում»:

Գիգա Բոկերիա, «Եվրոպական Վրաստան». «Այս ուղերձը ոչ մի լուրջ արդյունք չի տա: Եթե Պուտինն արձագանքեր նման դիմումներին, Ռուսաստանի քաղաքականությունը վաղուց կփոխվեր: Իվանիշվիլիի կառավարությունն իշխանության եկավ Ռուսաստանի հետ հարաբերությունները սեղմ ժամկետներում կարգավորելու դատարկ խոստումներով: Սակայն պարզվեց, որ դրանք կեղծ խոստումներ են, և այն քաղաքականությունը, որ նրանք սկսեցին վարել, լուրջ վնաս հասցրեց Վրաստանի շահերին. խոսքը գնում է բարձր մակարդակի օրակարգից վրացական հարցի դուրս մնալու մասին: Պետք էր շատ ավելի ակտիվ արձագանքել Աբխազիայի հետ վարչական սահմանին Օտխոզորիայի վրդովեցնող սպանությանը: Եվ հիմա իշխանությունների արձագանքն ու գործողությունները կատարվածի հանդեպ անհետևողական են: Ինչպես այն ասացվածքում է, երբ գայլի գլխին Ավետարան են կարդում, այդպես էլ ռուսական քաղաքականության վրա նման ուղերձով չես ազդի»:

Օրացույց