«Գաթա» բենդը կենդանացնում է հետաքրքրությունը դեպի հայկական ժողովրդական երաժշտությունը

մարտ 14, 2018 - 00:04        Viewed: 473       

Երբ վրացական «Մանդիլի» տրիոյի համբավը հասավ Հայաստան ու համացանցում տարածում գտան երիտասարդ թբիլիսաբնակ աղջիկների ազգային երաժշտության կատարումները՝ շատերը հիացական սակայն և հիասթափությունից բխող հարց էին տալիս. «Իսկ ինչո՞ւ մենք՝ հայերս, չունենք նման մի խումբ, որը կկենդանացներ հետաքրքրությունը դեպի ժողովրդական երաժշտությունը»:

Դժվար է ասել վրացի աղջիկների հաջողությունն էր պատճառը, թե պարզ պատահականությամբ ստացվեց, բայց շատ չանցած Youtube-ն արդեն ազդարարեց հայկական «Գաթա» բենդի հաջողության մասին:

«Ձեռքի տակ եղած, մեր ունեցած ռեսուրսներով կարողացանք հաղթահարել խոչընդոտները: Youtube-ն էր այդ պահին անվճար տարբերակը, ընտրեցինք դա: Տեսախցիկ չկար, հեռախոսով էինք նկարում, պետք էր մի բան մոնտաժել՝ ինքս էի անում: Այդ կերպ մենք կարծրատիպերը կոտրեցին, թե ռեսուրսների բացակայությամբ է պայմանավորված հետաքրքրության բացակայությունը դեպի ազգայինը», -պատմում է «Գաթա» բենդի գաղափարի հեղինակներից Գարիկ Առաքելյանը:

Այժմ «Գաթա» բենդի մի շարք կատարումներ «Դոնե յար», «Տոտիկ» որոշ փաբերի ոչ պաշտոնական օրհներգերն են անգամ դարձել: Երբ երգացանկում հայտնվում են դրանք, երիտասարդները միանգամից նետվում են պարելու՝ անգամ նրանք, ովքեր ոչ միշտ է, որ պարահրապարակ դուրս կգային ազգային երգերի ուղեկցությամբ:

Նման փաբերից մեկի մշտական հաճախորդ Արմանը վստահեցնում է. «Ազգայինը նոր սերդին միայն այս ձևով պետք է հասցնես: Հինը՝ հին տարբերակով նոր սերդին անհասկանալի է»: Արմանը «Տոտիկ»-ին առանձնահատուկ տեղ է տալիս. «Երբ տխուր եմ, ուրեմն ժամանակն է այդ երգը լսել», -ասում է նա:

«Գաթա» բենդի միջազգայնացմանը նպաստեց նաև բրիտանուհի Ջոս Սթոունը, ով նախորդ տարի Հայաստան այցի ընթացքում հասցրեց ձայնագրել բենդի հետ հենց «Դոնե Յար» կատարումը:

«Մեր նպատակը ինչ-ինչ հաջողությունները չեն: Մենք ուզում ենք հայկականը մասսայականացնել: Ջոս Սթոունի դեպքում, բոլոր նրանք, ովքեր «աչքերով են լսում», այսինքն ցանկանում են հայտնի մարդկանց տեսնել, կամ էլ թանկարժեք տեսահոլովակներ են նախընտրում, այս հոլովաի շնորհիվ սկսեցիվ ազգային երաժշտություն լսել», -բացատրում է Գարիկ Առաքելյանը: Նա գտնում է, որ պետք է պարզապես մոռանալ արհեստական խոչընդոտների մասին ու համացանցը ողողել որակյալ ազգային կատարումներով:

Գևորգ Ղազարյան

Օրացույց