Թանդոյանց եկեղեցու հարցով դատական նիստը հետաձգվեց

մարտ 15, 2018 - 00:01        Viewed: 421       

Մարտի 13-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում, դատավոր Նանա Դարասելիայի նախագահությամբ, տեղի ունեցավ Վիրահայոց Թեմի կողմից Հանրային Ռեեստրի ազգային գործակալության դեմ ընթացող վեճի շրջանակներում առաջին դատական նիստը:

Դատական նիստին ներկայացել էին ինչպես հայցվոր կողմը՝ այս պարագայում Վիրահայոց Թեմը՝ ի դեմս առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Հանրային Ռեեստրի ազգային գործակալությունից լիազորված անձինք։

Որպես երրորդ կողմ ներկայացել էր Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանը։

Վիրահայոց թեմը գտնում է, որ 2017 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ «Թանդոյանց Սուրբ Աստվածածին» հայոց եկեղեցին փոխանցելով Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանին, Վրաստանի հանրային ռեեստրը խախտել է Վիրահայոց թեմի շահերը՝ չուսումնասիրելով եկեղեցու ծագումը, նրա պատմությունը և եկեղեցու նկատմամբ թեմի ունեցած պահանջը:

Գործի Վարչական իրավական վարույթին, որպես երրորդ կողմ այսօր ընդգրկվեց նաև էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալությունը, որը Թանդոյանց եկեղեցին և դրան կցված հողակալվածքը, առանց որևէ հիմնավորման, պետության հաշվեկշից օտարել է` այդպիսով հեշտացնելով հայոց եկեղեցին Պատրիարքարանի հաշվեկշռին փոխանցելու գործը:

Վիրահայոց թեմի շահերը դատարանի և համապատասխան վարչական մարմինների առջև պաշտպանում են EMC-ի և TDI-ի իրավաբանները:

Հայցվոր և պատասխանող կողմերը դիմեցին դատավոր Դարասելիային հետաձգել դատավարությունը գործի վարույթում նոր փաստեր և ապացույցներ ներառելու համար: Դատավորը բավարարեց կողմերի դիմումը:

Դատական հաջորդ նիստը կկայանա ս․թ․ մայիսի 1-ին, ժամը 11:00-ին:

Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցին (Պլեխանովի, այժմյան Դավիթ Աղմաշենեբելի փողոց 38), կառուցվել է մոտավորապես 19-րդ դարի 50-60-ական թվականներին: 1866թ. Թանդոյան ընտանիքի նախաձեռնությամբ հարց է բարձրացվել Սբ. Աստվածածին փայտաշեն հին եկեղեցու տեղում նորը կառուցելու առնչությամբ: Եկեղեցին ի սկզբանե կառուցվել է որպես հայկական առաքելական եկեղեցի` հայազգի Սահակ Թանդոյանցի կողմից: Վերջինիս անունով էլ այն ստացել է Թանդոյանց անվանումը: Այդ մասին է վկայում նաև եկեղեցու հարևանությամբ մինչև վերջերս պահպանված գրությունը:

1923-1924թթ. Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցին փակվել է Խորհրդային իշխանությունների կողմից: Եկեղեցու ունեցվածքը բռնագրավվել է, իսկ Եկեղեցին հանձնվել Հանրապետության պիոներական կազմակերպությանը, ապա այն վերածվել է «Կոլխիդա» (Կոլխեթի) կինոթատրոնի:

Վրաստանի անկախության հռչակումից հետո՝ 1990-ական թվականներից, Վրաստանի կառավարությունը, հաշվի չառնելով կիսավեր եկեղեցու պատմական ծագումն ու դավանանքային հատկանիշները, այն չի վերադարձրել Վիրահայոց թեմին:

2017 թվականին Վրաստանին Հանրային Ռեեստրի ազգային գործակալությունը Թանդոյանց Եկեղեցին փոխանցել է Վրաց Եկեղեցու Պատրիարքարանին` որպես սեփականություն:

Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը Թանդոյանց եկեղեցու հիմքերի վրա արդեն իսկ տարբեր տեսակի աշխատանքներ է իրականացրել։

Օրացույց