Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող են ստաժավորում անցնել պետական գերատեսչություններում

մարտ 19, 2018 - 00:12        Viewed: 464       

Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչները կարող են ստաժավորում անցնել երկրի պետական գերատեսչություններում: Այս մասին հաղորդվում է հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության նախարարության պաշտոնական կայքում: Դրա համար անհրաժեշտ է մինչև մարտի 31-ը պետնախարարի աշխատակազմի ինտերնետային կայքում հայտ լրացնել:

Թեկնածուներին կընտրի հատուկ հանձնաժողովը, որը նրանց 1-6 ամսով ստաժավորման կուղարկի պետական գերատեսչություններ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ:

«Մենք ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչներին հնարավորություն ենք տալիս զարգացնելու իրենց հմտությունները, դրսևորելու իրենց գիտելիքներն ու, ամենակարևորը, աշխատանքի տեղավորման առաջին քայլն անել, որպեսզի նրանք ներգրավվեն երկրի կյանքի տարբեր ոլորտներում և հաջողակ լինեն մասնագիտական կարիերայում», -հայտարարել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

Ստաժավորման ծրագիրը հասանելի է «1+4 կրթական ծրագրի» մասնակիցներին, քանի որ այն վրացերեն լեզվի դասընթացներ է նախատեսում: Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների բարձրագույն կրթության համար նախատեսված 1+4 արտոնյալ ծրագիրը գործարկվել է 2010-2011 ուստարում: Այդ ծրագրով դիմորդներն, ազգային փոքրամասնության մայրենի լեզվով (հայերենով, ադրբեջաներենով, օսերենով, աբխազերենով) հանձնելով ընդհանուր հմտությունների ընդամենը մեկ քննություն, բուհ են ընդունվում վրացերեն լեզվի ինտենսիվ նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար:Վրացերենի միամյա նախապատրաստական դասընթացն անցնելուց և 60 կրեդիտ ստանալուց հետո ուսանողներն ուսումը շարունակում են բակալավրիատում:

Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված նախագիծը պետնախարարի աշխատակազմն իրականացնում է Վրաստանի ՄԱԿ ասոցիացիայի և Հանրային ծառայության ազգային բյուրոյի հետ համատեղ: Նախագծի գլխավոր նպատակն ազգային փոքրամասնությանը պատկանող երիտասարդության քաղաքացիական ինտեգրմանը նպաստելն է:

2014թ-ի մարդահամարի արդյունքների համաձայն՝ Վրաստանի բնակչության 13,2%-ն ազգային փոքրամասնություններն են: Ադրբեջանցիները Վրաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունն են. ընդհանուր թիվը կազմում է 233 000 մարդ, կամ Վրաստանի բնակչության 6,3%-ը: Թվով երկրորդը հայկական համայնքն է (168 100 մարդ, ինչը կազմում է 4,5%):

Օրացույց