Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան այցելել է Ջավախք

մարտ 21, 2018 - 00:37        Viewed: 352       

Սամցխե-Ջավախքի տարածաշրջան կատարած այցի ընթացքում մարտի 20-ին Վրաստանում Հայստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Ախալքալաքի հայ համայնքի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Սադոյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Անդրադառնալով շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ դեսպան Սադոյանը նշեց, որ այդ հարցը գտնվում է իր մշտական ուշադրության կենտրոնում և իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի մի շարք խնդիրներ լուծում ստանան, ստեղծվեն նոր աշխատատեղեր և այլն։

Հարցեր հնչեցին Հայաստանի սահմանակից մարզերի հետ ապակենտրոնացված համագործակցության, մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտների հետ կապված։

Դեսպան Սադոյանն իր խոսքում ընդգծեց Թբիլիսիի հետ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայ բնակչության կապի ամրապնդման և վրացերեն լեզվի ուսուցման կարևորությունը։

Ներկաներից մեկին հետաքրքրում էր Իլհամ Ալիևի արած վերջին հայտարարությունը, որ Հայաստանի ողջ տարածքն ադրբեջանական պատմական հողեր են։ Հարցին ի պատասխան՝ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը նշեց , որ Ալիևի հայտարարություններն արդեն մառազմատիկ բնույթ են կրում, և եթե այսպես շարունակվի, ապա Ալիևն իր հաջորդ տարածքային պահանջները կներկայացնի Ադրբեջանի հարևան մնացած պետությունների նկատմամբ։

Հանդիպման ավարտին Ռուբեն Սադոյանը Գումբուրդո գյուղի Սուրբ Խաչ մատուռի կառուցման համար Սայաթ և Խաչատուր Սահարյան եղբայրներին պարգևատրեց Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով։

Սամցխե-Ջավախք կատարած այցի երրորդ օրը՝ մարտի 21-ին դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Նինոծմինդայի (նախկինում՝ Բոգդանովկա) հայ համայնքի հետ։

Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հնչեցին հայ համայնքին հետաքրքրող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին գյուղատնտեսությանը, կրթությանը, շրջանի սոցիալ-տնտեսական հարցերին։

Վրաստանում ՀՀ դեսպանն, անդրադառնալով ջավախահայության շրջանում վրացերենի ուսումնառության մակարդակին, կոչ արեց, որպեսզի հայ համայնքը մեծ ուշադրություն հատկացնի վրացական լեզվի ուսուցմանը, քանի որ դա առանձնակի կարևորություն է իրենից ներկայացնում։

Ներկաներից մեկին հետաքրքրում էր, հայ-վրացական ներկայիս հարաբերությունների մակարդակը, որին ի պատասխան Վրաստանում ՀՀ դեսպանը նշեց, որ դրանք աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, որում մեծ դեր են խաղում նաև Հայաստանի և Վրաստանի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչների միջև անձնական շատ ջերմ հարաբերությունները, որը ևս իր արտացոլումն է գտնում երկկողմ հարաբերությունների վրա։ Այս համատեքստում դեսպան Սադոյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Վրաստանի ներկայիս իշխանություններին, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայ բնակչության համար ստեղծում է նման բարվոք պայմաններ և նրանց խնդիրները պահում մշտական ուշադրության կենտրոնում։

Օրացույց