Քրիստոսի մասին «կատակի» պատճառով ուլտրաազգայնականները հարձակվել են լրագրողի վրա

մարտ 22, 2018 - 00:12        Viewed: 253       

Ոստիկանությունը ձերբակալել է Թբիլիսիում «Ռուսթավի-2» հեռուստաընկերության շենքի մոտ «Վրացական երթ» ուլտրաազգայնականների շարժման կողմից կազմակերպված բողոքի ակցիայի 6 անդամներին: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 6 մարդ է մեղադրվում «մանր խուլիգանության» և ոստիկանությանը չենթարկվելու համար:

«Վրացական երթի» ներկայացուցիչները հավաքվել էին հեռուստաընկերության գրասենյակի մոտ մարտի 19-ին, որպեսզի իրենց վրդովմունքն արտահայտեն հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի այն արտահայտության կապակցությամբ, որում հիշատակվել էր Քրիստոսը:

Իր «Պոստսկրիպտում» հեռուստաշոուի ժամանակ Գաբունիան Աջարիայից Գուրիա՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դենդրոպարկ, ծառերի տեղափոխման մասին սյուժեն ներկայացնելիս ասել էր, որ «Հիսուս Քրիստոսը սխալ է գործել, երբ երկու հազար տարի առաջ քարոզելու է գնացել Իսրայել. նա պետք է գար Աջարիա, որովհետև այնտեղ նրան չէին խաչի, քանի որ շրջանում խաչ պատրաստելու համար ծառ չի մնացել»:

«Վրացական երթի» ներկայացուցիչներն այդ կատակը «հավատացյալների զգացմունքների վիրավորում» անվանեցին: Նրանք հեռուստաընկերության մուտքի մոտ արգելափակել էին ավտոմեքենան, որում նստած էր Գաբունիան և «Ռուսթավի-2»-ի իրավաբան Թամթա Մուրադաշվիլին, և թույլ չէին տալիս, որ այն լքի տարածքը:

Այնուհետև քաշքշուկ սկսվեց լրագրողների մասնակցությամբ: Արդյունքում՝ «Վրացական երթի» ներկայացուցիչները վնասեցին ավտոմեքենան, որում գտնվում էին Մուրադաշվիլին և Գաբունիան և կոտրեցին մարզական լրագրող Դավիթ Էրաձեի քիթը:

«Վրացական երթն» միավորում է, որն ակցիաներ է անցկացնում Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում: Նախորդ տարվա աշնանը նրանք ակցիա անցկացրին Թբիլիսիի Դավիթ Աղմաշենեբելիի պողոտայում, որի ժամանակ պահանջեցին միգրացիոն օրենսդրության խստացում և Վրաստանից «ապօրինի և կրիմինալ արտասահմանցիների» վտարում: 

Կատարվածի վերաբերյալ հատուկ բրիֆինգ անցկացրեց հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվամարիան: Նա միջադեպը հանցագործություն անվանեց և իշխանություններից պահանջեց խստագույնս պատժել բոլոր մեղավորներին:

Միաժամանակ գլխավոր տնօրենը հաղորդեց, որ ընկերության ղեկավարությանը նույնպես դուր չի եկել Քրիստոսի հիշատակումը լրագրողի կողմից, ինչի կապակցությամբ Գեորգի Գաբունիային նկատողություն է արվել. այդպիսի որոշում է կայացրել հեռուստաընկերության կից էթիկայի խորհուրդը:

«Ցանկանում եմ հեռուստաալիքի անունից ներողություն խնդրել բոլոր հավատացյալներից, որոնց զգացմունքները վիրավորվել են, լրագրող Գեորգի Գաբունիային այդ հայտարարության պատճառով նկատողություն է արվել», -հայտարարել է Գվամարիան: Ընդ որում, նա ընդգծել է, որ ներողության հասցեատերերն այն մարդիկ չեն, որոնք հարձակվել են լրագրողների վրա, և նրանք չեն դիտարկվում որպես Քրիստոսի հետևորդներ:

Գվամարիայի հայտարարությունից հետո սոցցանցերում նոր սկանդալ տեղի ունեցավ. շատերն անընդունելի համարեցին աշխարհիկ պետությունում ներողություն խնդրելը Քրիստոսի մասին կատակի համար, քանի որ դա խախտում է ազատ արտահայտվելու սահմանները:

«Կրոնական զգացմունքներ չկան: Այդ եզրը հորինել են ՊԱԿ-ում և այն հաճախ են օգտագործում ներկայիս Ռուսաստանում որպես բռնաճնշումների գործիք: Այդ պատճառով էլ այդ եզրն օգտագործելը նշանակում է խաղալ այն կանոններով, որը թելադրում է Ռուսաստանը», -ֆեյսբուքյան իր էջում գրել է փիլիսոփա Լևան Գամբաշիձեն:

«Ռուսամետ ուլտրաազգայնականների ագրեսիվ պահվածքից հետո ներողություն խնդրելով Քրիստոսի մասին կատակի համար՝ «Ռուսթավի-2»-ը վտանգավոր նախադեպ է ստեղծում բոլոր այն լրագրողների համար, որոնք աշխատում են կրոնի թեմայով: Այդ ներողություն խնդրելը կարող է նրանց գործունեության սահմանափակման պատճառ դառնալ», -կարծում է կրոնական թեմաներով աշխատող լրագրող Լևան Սուտիձեն:

Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել «բռնություն» և «գույքի վնասում կամ ոչնչացում» հոդվածով, որի համար տուգանք, կամ 100-180 ժամ հասարակական օգտակար աշխատանք, կամ մինչև 1 տարի ուղղիչ աշխատանքներ, կամ 1-3 տարվա ազատազրկում է սահմանվում:

Օրացույց