Զենքի գնման հարցում Հայաստանը չի սահմանափակվելու միայն Ռուսաստանով

մարտ 26, 2018 - 00:03        Viewed: 190       

Սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման հարցերում Հայաստանն օգտագործելու է տարբեր երկրների հետ համագործակցության հեռանկարները: Նման հայտարարություն է հնչեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը. «Այս հարցում մեր հիմնական դաշնակիցը և գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որն այսօր աշխարհում սպառազինության խոշորագույն մատակարարներից մեկն է և որի հետ մենք ունենք հստակ պայմանավորվածություններ։ Դրանք մեզ հնարավորություն են տալիս ամենամրցակցային պայմաններով ձեռք բերել արդիական սպառազինություն: Այլ հնարավորություններ մենք, իհարկե, նույնպես օգտագործելու ենք»:

Փորձագետները կարծում են, որ Հայաստանն այսպիսով պաշտպանական քաղաքականության դիվերսիֆիկացիա է ազդարարում, ինչը թույլ կտա ազատվել այս ոլորտում Ռուսաստանից ունեցած կախվածությունից:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը փակագծեր չի բացում, բայց հստակ ակնարկում է, որ զենք գնելու հարցում Հայաստանը չի սահմանափակվելու մեկ աղբյուրով.

«Սա լավ է: Ռուսաստանը մշտապես ասում է, որ զենքի վաճառքն իր համար միայն բիզնես է, իսկ մեզ համար սա անվտանգության հարց է: Մեր անվտանգության շահերը թելադրում են մեզ ձեռքբերել այն, ինչ պետք է, այնտեղից որտեղից պետք է: Վախենամ՝ մեր և մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հարաբերություններն էլ տեղափոխվեն բիզնեսի դաշտ»:

Քաղաքագետն ասում է, որ Հայաստանը հետևություններ է արել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում 2016թ.-ի ապրիլին ծավալված ռազմական գործողություններից հետո, հասկացել է, որ զենքը միայն մեկ աղբյուրից գնելը սխալ է: Սակայն միաժամանակ Սաֆարյանը, ինչպես և նախագահը, կարևոր է համարում, որ լինելով ՀԱՊԿ անդամ, Հայաստանը ներքին գներով է ՌԴ-ից զենք գնում:

Օրացույց