Վրաստանի իշխանությունները հո՞գ են տանում մեր մասին․ դա արժանի է հարգանքի

մարտ 27, 2018 - 00:09        Viewed: 323       

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանն Ախալքալաք այցի շրջանակներում հյուրընկալվեց Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոնում և պատասխանեց այնտեղ հավաքված մարդկանց հուզող բազում հարցերին: Երիտասարդական Կենտրոնի կողմից կազմակերպված գեղարվեստական մասից հետո դեսպանը կենտրոնի 10-ամյա հոբելյանի առթիվ հանդես եկավ շնորհավորական ուղերձով՝ կենտրոնի ուսուցիչներին մաղթելով բեղմնավոր գործունեություն, իսկ աշակերտներին՝ ուսումնառության մեջ նորանոր հաջողություններ։ Այնուհետև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը պատրաստակամ պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

Հարգելի ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի՝ հայաբնակ Սամցխե-Ջավախքի՝ Վրաստանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հնչած երեք հարց-պատասխանները։ Ներկայացված հարց ու պատասխաններին ընթերցողին ենք առաջարկում համառոտ մեկնաբանությունները, որոնք թույլ կտան ավելւի լավ հասկանալ գոյություն ունեցող խնդիրների էությունը։

Երիտասարդական կենտրոնի սաներից Ալբերտ Ալեքյանը բարձրացրեց Ջավախքի դպրոցներում հայոց պատմության դասավանդման հարցը:

Այսօր Ջավախքի դպրոցներում չի դասավանդվում հայոց պատմություն առարկան, դեսպանությունն իր հերթին ինչ քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի գոնե մեկ ֆակուլտատիվ դասաժամի տեսքով դասավանդվի:

- Ես Խնդրին ծանոթ եմ, բայց քանի-որ այս պահին պատասխան չունեմ, բայց կփորձեմ, որ, ինչպես դուք ասացիք ձեր խոսքում, գոնե մի փոքր առաջընթաց լինի այդ հարցում, անպայման կփորձեմ ինչ-որ բան անել:

Մեկնաբանություն. Վրաստանում գործող օրենսդրության համաձայն՝ ցանկացած դպրոցի վարչությունը և աշակերտ-ծնողները ազատ են այլընտրանքային առարկայի ընտրության մեջ։ Ցանկացած դպրոցի հոգաբարձուների խորհուրդը (ծնողներ, աշակերտներ, դպրոցի վարչություն) լիազորություն ունի լրացուցիչ այլընտրաքային առաջկա ներմուծելու որոշում ընդունել։ Հոգաբարձուների խորհուրդի որոշումը չեղյալ համարել կարող է միայն Դատարանը, այն դեպքում, եթե ընդունված որոշումը հակասում է վրացական օրենսդրությանը։ Այն փաստը, որ Վրաստանում գործող հայալեզու դպրոցների Հոգաբարձուների խորհուրդներից ոչ մեկը չի օգտվել իր օրինական իրավունքներից, գոյություն ունեցող օրենսդրությանը հակասող և մարդու իրավունքների ազատության բնագավառում պետության կողմից բարձրաձայնվող արժեքների վերաբերյալ ավելի խորը խնդիրներ է մատնանշում։

Այնուհետև 15 ամյա պատանին բարձրացրեց սահմանին հայալեզու գրականության արգելքի հարցը:

- Ժողովուրդ, եթե ինչ-որ մեկը հարց է պատրաստել, որ 15 տարեկան երեխան տա, ուրեմն ճիշտ չի, իսկ եթե 15 տարեկան երեխան ավելի մտահոգված է, քան դուք՝ բոլորդ, դա էլ ճիշտ չէ: Ես ողջունում եմ ձեր մտահոգությունները, ես աշխատում եմ այդ ուղղությամբ:

Մեկնաբանություն․ Հայ-վրացական սահմանի միջոցով Վրաստանի ուղղությամբ հայալեզու գրականություն ներմուծելու վերաբերյալ պաշտոնական արգելք գոյություն չունի։ Գրականության ներմուծման արգելքը կանոնակարգվում է Վրաստանի, այսպես կոչված, «համապատասխան» գերատեսչությունների կողմից, և ըստ էության խոսքի ազատության, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների մշակութային իրավունքների ակնհայտ խախտում է հանդիսանում։ Տվյալ համատեքստում շատ հետաքրքիր է պարոն դեսպանի պատասխանը։ Ռուբեն Սադոյանն անթաքույց հասկացրեց, որ իրեն ուղեկցող և դիմավորող պաշտոնյաներից է՛լ ավելի մեծ անկեղծություն է ակնկալում։

Երիտասարադական կենտրոնի մեկ այլ սան էլ խոսեց երկլեզու դասագրքերի մասին:

Ինչպես գիտեք, մեր դպրոցներում երկլեզու գրքեր են և աշակերտների համար բարդ է վրացերենով սովորել, ինչ կարող եք անել այս ուղղությամբ:

- Ես հորդորում եմ, իմ խորհուրդն է անպայման սովորել վրացերեն, անպայման: Վրացերեն լեզուն նույնքան կարևոր է ձեր համար, որքան մայրենի լեզուն: Դուք ապրում եք Վրաստանում, Վրաստանի իշխանությունները հոգ են տանում ձեր համար, շատ ապրեն իրենք: Ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհի մեկ այլ երկրում ապրող հայը պետք է այնքան սիրի, հարգի երկրի օրենքները, որ անպայման սովորի և իմանա այդ երկրի լեզուն: Դուք դրանցից մեկն եք: Դուք ապրում եք Վրաստանում և պարտադիր պետք է իմանաք վրաց լեզուն ու պատմությունը:

Մեկնաբանություն․ Պետական լեզվին տիրապետելու անհրաժեշտության հարցը Վրաստանի ոչ մի շրջանում կասկածի տակ չի դրվում։ Մինչդեռ նաև չպետք է մոռանալ, որ Վրաստանն իր վրա հստակ պարտականություններ է վերցրել լեզվաբանական փոքրամասնությունների՝ իրենց Մայրենի լեզուն ազատ օգտագործելու վերաբերյալ։ Ստանձնած պարտականությունները դեռևս անիրագործված են մնում, և տվյալ հարցը դուրս հանել կամ չհանել օրակարգից, Վրաստանի և Եվրոպական կառույցների փոխհամագործակցության գործն է։ Ինչ վերաբերում է պարոն Սադոյանի՝ «Վրաստանի իշխանությունները հոգ են տանում ձեր մասին, դա հարգանքի է արժանի» մեկնաբանությանը՝ հարկ է նշել, որ ցանկացած պետության գերագույն խնդիրն է հոգ տանել իր քաղաքացիների բարեկեցության մասին։ Ելնելով երկու նախորդ հարցերից, որոնց պատասխանեց Ռուբեն Սադոյանը, ակնհայտ է, որ Վրաստանի քաղաքացիների միջև իրավահավասարության ապահովման հարցում խնդիրներն ավելի շատ են, քան այն երևում է «անզեն» աչքով։ Այդ իսկ պատճառով երկրի ղեկավարությանը շնորհակալություն հայտնել ոչ միայն վաղ է, այլև հղի է իրավահավասարության խախտման է՛լ ավելի մեծ սրմամբ, և որպես հետևանք՝ Վրաստանի քաղաքացիների մեծամասնության օտարացմամբ։

Օրացույց