Հայաստանն վերջնականապես անցում է խորհրդարանական կառավարման

մարտ 29, 2018 - 00:15        Viewed: 150       

Հայաստանի ապագա վարչապետի լիազորություններն ավելի են մեծանում: Նրան ենթակա մարմինների ցուցակում կընդրկվեն Ոստիկանությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Պետական պահպանության և Պետական վերահսկողական ծառայությունները: Այս ուժային կառույցները երկրի նախագահի ենթակայությունից փոխանցվում են ապագա վարչապետի ենթակայության տակ ըստ կառավարության կողմից ներկայացված և խորհրդարանի կողմից արդեն ընդունված օրենսդրական փաթեթի: Օրենքներն ուժի մեջ կմտնեն այն պահից, երբ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրի դրանք:

Ապրիլին կայանալիք վարչապետի ընտրությունները վճռորոշ են լինելու Հայաստանի համար: 2015 թվականին ընդունված Սահմանադրական փոփոխությունների համաձայն, Հայաստանում, որը վերջնականապես անցում է խորհրդարանական կառավարման, երկրի առաջնորդի դերում լինելու է ոչ թե նախագահը, այլ վարչապետը:

Մինչև վարչապետին ընտրելը, կառավարությունն ու խորհրդարանը մեծացնում են նրա լիազորությունների շրջանակը:

Այդպիսով ավելի են նեղանում երկրի նախագահի լիազորությունները: Իսկ այդ պաշտոնն առանց այդ էլ, նույն Սահմանդարական փոփոխությունների համաձայն, այլևս խորհրդանշական է:

Իշխանությունները հավաստիացնում են, որ վարչապետին ուժային մարմինները վերահսկելու լծակները տրվում են մեկ պատճառով՝ դրանք չեն վարում քաղաքականություն, կատարում են ընդունված որոշումները: «Այս մարմինների համար պետք է պատասխանատու լինի կառավարության որևէ անդամ: Տվյալ պարագայում նպատակահարմար ենք համարել այդ պատասխանատվությունը վերապահել վարչապետին», -ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները կարծում են, որ վարչապետի նման լիազորությունների մեծացումը պայմանավորված է գործող նախագահ Սերժ Սարգսյանին որպես վարչապետ առաջադրելու իշխող կուսակցության մտադրությամբ:

Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց առաջնորդն անփոխարինելի է երկրի ղեկավարի դերում և չկա մեկը, ով կարող է ստանձնել այսչափ պատասխանատու պաշտոնը:

Սերժ Սարգսյանն առայժմ միակն է, ում անունը շրջանառվում է որպես վարչապետի թեկնածու:

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետ առաջադրելու իրավունք ունի Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժը: Այս պահին խորհրադրանական մեծամանությունը կազմում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի ղեկաված «Հանրապետական» կուսակցությունը:

Օրացույց