Ուժի չկիրառման պայմանագիր. որո՞նք են Վրաստանի շահերը

մարտ 30, 2018 - 00:05        Viewed: 294       

Ժնևում Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման սովորական դարձած բանակցություններն այս անգամ ակտիվ քննարկման կենտրոնում են հայտնվել ոչ միայն Վրաստանում, այլև Ռուսաստանում: Աղմուկ բարձրացավ, երբ մի քանի օր առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ» թերթին ասաց, որ Ժնևում 2018թ-ի մարտի 27-28-ը կայանալիք հերթական հանդիպմանը «կարող է երկար սպասված բեկում լինել». ուժի չկիրառման մասին հայտարարություն է ընդունվելու, որը ստորագրելու են բանակցությունների բոլոր մասնակիցները՝ Վրաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանություններն, ինչպես նաև խորհրդատվությունների համանախագահներ Եվրամիությունը, ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն:

Կարասինն ասել է, որ այդ սպասված հայտարարագրում չի խոսվելու Աբխազիայի ևՀարավային Օսիայի կարգավիճակի մասին, և Ժնևյան քննարկումների մասնակիցները «պարզապես կհայտարարեն միմյանց հանդեպ ուժի կիրառումից հրաժարվելու մասին»:

Թբիլիսիում անմիջապես պատասխան հայտարարություն տարածեց Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն: Նա հարցազրույց տվեց Հանրային հեռուստատեսությանն ու ասաց, որ «ոչինչ չի պլանավորվում ստորագրել, հայտարարության տեքստի վերաբերյալ բանակցություններ կլինեն»:

Սերգի Կապանաձե, «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր. «Խորապես համոզված եմ, որ Վրաստանն այդ թեմայով ոչինչ չպետք է ստորագրի: Մենք 2010թ-ին արդեն պարտավորություն են վերցրել ուժի չկիրառման մասին: 2013թ-ին նույնպիսի պարտավորություն է ստանձնել Վրաստանի խորհրդարանը, և այժմ իրավաբանորեն այն պարտադիր կատարման է ենթակա: Այժմ խոսքը կարող է գնալ միայն այն մասին, որպեսզի նմանատիպ պարտավորություն իր վրա վերցնի Ռուսաստանը:

Ի՞նչ միտք ունի Սուխումիի և Ցխինվալիի հետ չհարձակման մասին պայմանագիր ստորագրել: Անգամ եթե մի կողմ թողնենք նրանց կարգավիճակի հարցը, մենք, ի՞նչ է, վախենո՞ւմ ենք, որ նրանք մեզ վրա կհարձակվեն: Վրաստանի տարածքներն օկուպացված են, և օկուպանտն է սպառնալիք ներկայացնում: Հենց Ռուսաստանը պետք է երաշխիքներ տա, գոնե Վրաստանի պես հայտարարի միակողմանի պարտավորությունների մասին: Ռուսաստանն ավանդաբար մեկ շահ ունի այս պատմության մեջ. Աբխազիայի և Ցխինվալիի լեգիտիմացումը: Եվ մենք ոչ մի դեպքում չպետք է գնանք դրան»:

Նինո Կալանդաձե, «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ. «Եթե հնչի անջատողական ռեժիմների ներկայացուցիչների բանավոր հայտարարությունը, կնշանակի, թե վրացական կողմը ճանաչում է նրանց անկախությունն ու հրաժարվում իր ինքնիշխանությունից: Հուսամ, որ այդ հարցն անգամ չի դիտարկվի»:

Գիորգի Կանաշվիլի՝ «Կովկասյան տուն» կազմակերպության գործադիր տնօրեն. «Այդպիսի փասթաղթի վրա աշխատանք է տարվում արդեն մի քանի տարի, սակայն փոխհամաձայնության չի հաջողվում գալ: Պատճառներից մեկն այն է, որ Վրաստանը պատրաստ է ստորագրել փաստաթուղթն այն դեպքում, եթե այն ստորագրի Ռուսաստանը: Սակայն Ռուսաստանն ամեն անգամ հայտարարում է, թե հակամարտության կողմ չէ: Եթե հիմա ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն բոլորն, այդ թվում՝ Ռուսաստանը, դա Մոսկվային հնարավորություն կտա ամրապնդելու այն կարծիքը, որ նա հակամարտության կողմ չէ, այլ ստորագրում է փաստաթուղթն այնպես, ինչպես ԱՄՆ-ն և միջազգային կազմակերպությունները»:

Թոռնիկե Շարաշենիձե՝ Հանրային գործերի վրացական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ծրագրի ղեկավար. «Ռուսաստանն առաջատար խաղացող է: Կովկասում տեղակայված են նրա ռազմաբազաները, Մոսկվան տարածաշրջանի վրա ազդելու լծակներ ունի: Այդ պատճառով էլ Ռուսաստանին փոփոխություններ պետք չեն, գոյություն ունեցող ստատուս քվոյի պայմաններում նա իրեն բավականին հարմարավետ է զգում»:

Պաատա Զաքարեիշվիլի, Գրիգոլ Ռոբակիձեի անվան համալսարանի պրոֆեսոր. «Այդպիսի պայմանագիր անպայման պետք է ստորագրել: Սակայն հարցն այն է, թե ինչպես և ում հետ: Ցավոք հիմա այդ հարցի զարգացման ոչ մի հնարավորություն ես չեմ տեսնում, բացի այն տարօրինակ հայտարարությունը, որը բարձրաձայնեց Ռուսաստանը:

Վրաստանը պետք է երկու տարբեր մոտեցումներ տարբերի. անհրաժեշտ է ոչ թե ինչ-որ մեկին զիջումներ անել, այլ քեզ անհրաժեշտ քայլերը կատարել: Այդ թվում՝ խոսքը գնում է աբխազական և օսական կողմերի հետ բանակցությունների մասին, պետք է պարզել, թե ինչ է նրանց պետք: Իսկ Ռուսաստանին պետք է ասել, որ նա մի կողմ քաշվի:

Համաձայն եմ, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Դա, մի կողմից, և վրաց-ռուսական հակամարտությունն է, մյուս կողմից, վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունները: Սակայն եթե վրաց-ռուսական մակարդակում ոչինչ չի ստացվում, միգուցե հնարավոր լինի՞ առաջընթաց գրանցել վրաց-աբխազական և վրաց-օսական մակարդակներում: Ի՞նչ է շահում Վրաստանը ժամանակ ձգելուց, նրանից, որ ոչինչ տեղի չի ունենում: Միգուցե արժե՞ վերանայել մեր քաղաքականությունը, ինչ-որ ուղղությո՞ւն ընտրել, որն ընդունելի կլինի աբխազական և օսական հասարակությունների համար, և քայլե՞ր ձեռնարկել հենց այդ ուղղությամբ»:

Ինձ Ռուսաստանը չի հետաքրքրում: Ես վրաստանի քաղաքացի եմ, և ինձ հետաքրքրում և մտահոգում է միայն Վրաստանը: Սակայն եթե մենք հրաժարվենք մեր շահերից միայն այն պատճառով, որ դրանք համընկնում են Ռուսաստանի շահերի հետ, անթույլատրելի և անգամ հանցավոր կլինի: Դե ուրեմն եկեք մեր շահերով զբաղվենք: Մեր շահերից բխո՞ւմ է աբխազների և օսերի հետ բանակցություններ վարել: Եթե մենք դրանից հրաժարվում ենք միայն այն պատճառով, որ Ռուսաստանն է այդպես ուզում, եկեք ամեն ինչ թողնենք, ինչպես կա ևս մեկ տասնամյակ, սակայն ո՞վ է պատասխանելու նրա համար, որ այդ ժողովուրդներն ավելի ու ավելի են հեռանում Վրաստանից:

Բնականաբար, Ռուսաստանն ուզում է ողջ աշխարհին ցույց տալ, որ նա կապ չունի: Սակայն աբխազների և օսերի հետ քննարկումներ սկսելը բնավ չի նշանակում, որ Ռուսաստանը կապ չունի: Վրաստանը Ռուսաստանի հետ զրույցը պետք է վարի ինչպես թշնամական պետության հետ, իսկ Աբխազիան և Ցխինվալին վրացական շրջաններ են, և նրանց հետ պետք է զրուցել, ինչպես սեփական շրջանների հետ: Բոլոր միջազգային կազմակերպությոնները խոսում են այն մասին, որ Վրաստանը պետք է տեսնի բանակցությունների այդ տարբեր մակարդակները»:

Վրաստանը խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 2008թ-ի օգոստոսին այն բանից հետո, երբ Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Այդ օրվանից Վրաստանի և Ռուսաստանի միջև երկխոսությունը երու ձևաչափով է իրականանում. Ժնևյան բանակցություններ և կողմերի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներ. Թբիլսիի կողմից դա Զուրաբ Աբաշիձեն է, Մոսկվայի կողմից՝ Գրիգորի Կարասինը: Ուժի չկիրառման մասին հայտարարության/պայմանագրի վրա աշխատանքը սկսվել է Ժնևյան բանակցություններին ժամանակ դեռևս 2012թ-ին: Որոշ ժամանակ առաջ Վրաստանի վարչապետը պատրաստակամություն էր հայտնել անձամբ միանալ Ժնևյան բանակցությունների դրանց ձևաչափը բարձրացնելու համար և կոչ էր արել ՌԴ ղեկավարությանը պատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Օրացույց