Մեկ տարի առաջ հաստատվեց Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմը: Թվեր և խնդիրներ

ապրիլ 02, 2018 - 02:10        Viewed: 276       

Ուղիղ մեկ տարի առաջ Վրաստանի քաղաքացիներն իրավունք ստացան առանց վիզայի Եվրոպա մեկնել: Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ այդ մեկ տարվա ընթացքում Վրաստանի 192 453 քաղաքացի է օգտվել առանց վիզայի ռեժիմից: Սահմանը հատելու մերժում է ստացել Վրաստանի ընդամենը 1001 քաղաքացի:

Վիզային ռեժիմի ազատականացմանը զուգահեռ նախապատրաստվել էր նաև առանց վիզայի ռեժիմի «կասեցման մեխանիզմը», որը նախատեսված է այն դեպքի համար, եթե Վրաստանը սկսի խախտել ԵՄ հետ համաձայնգրի պայմանները:

Առանց վիզայի ռեժիմ մտցնելուց մի քանի ամիս անց Վրաստանը ստացավ առաջին նախազգուշացումները: Եվրոպայի որոշ երկրներ (մասնավորապես Գերմանիան) մտահոգություն հայտնեցին այն հարցի վերաբերյալ, որ զգալիորեն աճել է Վրաստանի՝ ապաստան խնդրող քաղաքացիների թիվը:

Այդ փաստը հաստատում է նաև Վրաստանի կառավարությունը: Պաշտոնական Թբիլիսիի տեղեկատվության համաձայն՝ 2017թ-ին Եվրամիության երկրներից ապաստան խնդրող վրացիների թիվն աճել է 25 տոկոսով, և այդ միտումը պահպանվել է նաև այս տարի:

Օրինակ, 2018թ-ի հունվար-փետրվար ամիսներին Ավստրիայից ապաստան խնդրողների թիվն ավելացել է 100 տոկոսով:

Վրաստանի քաղաքացիները, որոնք փորձում են Եվրոպայում կարգավիճակ ձեռք բերել, որպես կանոն, որպես սեփական երկրից մեկնելու պատճառ նշում են առողջական վիճակը, ինչը վկայում է այդ ոլորտում առկա խնդիրների մասին:

Առանց վիզայի ռեժիմի գոյությանը ևս մեկ սպառնալիք է Եվրոպայի երկրներում Վրաստանից եկած քրեական տարրերի ավելացումը: Եվ այդ խնդրի մասին առավել հաճախ է խոսում Գերմանիան: Մարտի սկզբին այդ պետության ներկայացուցիչները եղել են Թբիլիսիում, հանդիպել Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ: Նրանք վրացական կողմին իրազեկել են, որ Գերմանիան զգալիորեն կրճատում է ապաստան ստանալու հայտադիմումների դիտարկումը: Վրացական կողմը նույնպես կանխարգելիչ միջոցառումներ և օրենսդրական փոփոխություններ է ձեռնարկել:

Մարտի 6-ին Վրաստանն առաջին հստակ քայլն է իրականացրել. խստացվել է ազգանունների փոփոխման ընթացակարգը իրավախախտումների հետ կապ ունեցող և այդ պատճառով էլ ազգանունը փոխած անձանց բացահայտումը հեշտացնելու համար:

Չնայած առկա խնդիրներին՝ վրացական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ տվյալ փուլում ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմին ոչինչ չի սպառնում:

«Այն գործողությունները, որոնք այսօր ձեռնարկում է Վրաստանի իշխանությունն, ուղղված են առանց վիզայի ռեժիմը խախտողների թիվը նվազագույնի հասցնելուն, մեր երկրին տրամադրած բարիքն առավելագույնս պահպանելուն: Ծայրահեղ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հոգածություն ցուցաբերի այդ մեծ ձեռքբերման հանդեպ, որին հասել է մեր երկիրը», -հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մարտի 27-ին՝ երկրի բնակչությանը շնորհավորելով վիզայի ազատականացման տարեդարձի կապակցությամբ:

Առանց վիզայի ռեժիմին զուգահեռ Վրաստանի և Եվրամիության երկրների միջև 2017թ-ի մարտին ուժի մեջ է մտել նաև միգրացիոն գործընթացների վերահսկման հատուկ մեխանիզմը՝ «կասեցման մեխանիզմը»: Այդ մեխանիզմով Եվրամիությունն իրեն ապահովագրել է այն դեպքերից, եթե եվրոպական երկրներից ցանկացածում կտրուկ ավելանան Վրաստանից եկած միգրանտների, ապաստան փնտրողների թիվը, Վրաստանից եկածների կողմից կատարած իրավախախտումների քանակը. բոլոր այդպիսի դեպքերում Եվրամիությունն իրեն իրավունք է վերապահում կասեցնել առանց վիզայի ռեժիմի գործողությունն ու անգամ վերանայել դրա պայմանները:

Օրացույց