Ի՞նչ է Ռուսաստանը պահանջում Վրաստանից

ապրիլ 03, 2018 - 08:09        Viewed: 161       

Գլխավոր «բեկումը», որն ակնկալում էին Ժնևում մարտի 27-28-ը կայացած բանակցությունների հերթական փուլից Մոսկվայում, Ցխինվալիում և Սուխումիում հույսով, իսկ վրացական ընդդիմությունում՝ անհանգստությամբ և վրդովմունքով, տեղի չունեցավ: Կողմերն այդպես էլ չկարողացան համատեղ հայտարարություն ընդունել, որի վրա աշխատանքն, ըստ ռուսական կողմի, վաղուց էր ընթանում:

Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուան բանակցություններից հետո հայտարարել է, որ պայմանավորվածության ձախողման պատճառը ռուսական կողմի, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչների գործողություններն են եղել. բանակցությունների առաջին իսկ օրվանից նրանք այնպիսի հայտարարություններ են արել, որոնք անհնար էին դարձնում այդ հարցի շուրջ բանակցությունները:

Մասնավորապես, «նրանք հարցականի տակ են դրել հիմնարար սկզբունքները, որոնց վրա հիմնված են Ժնևի բանակցությունները: Խոսքը գնում է հրադադարի համաձայնագրի մասին, որը ստորագրվել է Ռուսաստանի և Վրաստանի նախագահների կողմից 2008թ-ի օգոստոսի 12-ին»:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը նույնպես հաստատել է, որ իբր արդեն համաձայնեցված տեքստի շուրջ կողմերի մոտ «տարբեր պատկերացումներ» են առաջացել:

«Իհարկե, ամեն ինչ նախկինի պես հանգում է 2008թ-ի համաձայնագրերի կարգավիճակի հարցին, որոնք նույնպես տարբեր կերպ են հասկանում Թբիլիսիում, Ցխինվալիում, Սուխումիում և Մոսկվայում», -մանրամասնել է Կարասինը:

Նա նշել է, որ վրացական կողմի դիրքորոշման պատճառով ուժի չկիրառման մասին փաստաթղթի առումով Ժնևյան բանակցությունները «մի քանի տարի հետ գնացին»:

Գրիգորի Կարասինը բանակցությունների ավարտից հետո վրացական կողմին բողոքներ է ներկայացրել:

Կարասինը գովել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին ռուսական իշխանություններին ուղղված նամակի համար, որը նա հրապարակել էր մարտի 9-ին: Ռուս դիվանագետն այդ նամակը կառուցողական է անվանել: Մոսկվան հատկապես գոհ է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ուղիղ երկխոսություն սկսելու Վրաստանի վարչապետի պատրաստակամությամբ:

Սակայն միաժամանակ Կարասինը դժգոհություն է հայտնել մարտի 22-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ: Այդ բանաձևի համաձայն՝ Թաթունաշվիլիի մահվան համար պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա: Իսկ Վրաստանի կառավարությունը պետք է «Օթխոզորիայի-Թաթունաշվիլիի ցուցակ» կազմի, որում կներառվեն օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների սպանությյունների և կտտանքների համար մեղավոր անձինք: Վրաստանը հույս ունի ցուցակի անձանց հանդեպ միջազգային պատժամիջոցների հասնել: Կարասինի խոսքով՝ խորհրդարանի բանաձևը «ի չիք դարձրեց» Կվիրիկաշվիլիի հայտարարության դրական արդյունքը:

«Թբիլիսիի համար ժամանակն է ընտրել՝ կո՞շտ լինել, թե՞ ճկուն և հետևողական», -հայտարարել է ռուս դիվանագետը:

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունն իր հայտարարությունում, որը հրապարակել է Ժնևի հանդիպումից հետո, կոչ է արել Վրաստանին ուղիղ երկխոսություն սկսել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ, ինչպես նաև չեղարկել «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, որը պատիժ է նախատեսում առանց Թբիլիսիի գիտության Աբխազիա և Հարավային Օսիա այցելելու համար:

Ժնևյան բանակցությունների հերթական փուլը կկայանա հունիսին: Գրիգորի Կարասինը չի բացառել, որ հաջրոդ փուլում խոսք կգնա ժնևյան ձևաչափի «բարեփոխման» մասին: Սակայն վրացի դիվանագետներն ասում են, որ իրենց պլաններում ձևաչափի որևէ փոփոխություն չկա: Թբիլիսին պնդում է, որ վարչապետ Կվիրիկաշվիլին պատրաստ է անձամբ մասնակցել Ժնևյան քննարկումներին, սակայն ռուսական կողմը դեռևս նման ձևաչափին համաձայնություն չի տվել:

Օրացույց