Նախագահն աշխատանքային անվտանգության միջոցների խստացման նախաձեռնությամբ է հանդես եկել

ապրիլ 06, 2018 - 00:09        Viewed: 273       

Արևմտյան Վրաստանի Թկիբուլի քաղաքում Մինդելիի անվան հանքի փլուզման հետևանքով 6 հանքափոր է զոհվել, երեքը վիրավորվել են: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 5-ին առավոտյան ժամը 4-ին մոտ: Ըստ քննության նախնական տվյալների՝ հանքի թունելներից մեկում պատերի դեֆորմացիա է տեղի ունեցել, ինչը կամարի փլուզում է առաջացրել:

Քննությունը վարում է Վրաստանի ՆԳՆ-ն՝ ՔՕ 240-րդ հոդվածի համաձայն (անվտանգության կանոնների խախտում լեռնային և շինարարական աշխատանքների ժամանակ): Հոդվածը մինչև 5 տարվա ազատազրկում է նախատեսում:

Զոհված հանքափորների ընտանիքներին ցավակցություն է հայտնել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Նա հայտարարել է, որ տուժածները կստանան անհրաժեշտ բուժօգնություն, պետությունն իր վրա կվերցնի բոլոր ծախսերը:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ցավակցել է զոհվածների ընտանիքներին և նշել, որ աշխատավայրում անվտանգության տեսանկյունից իրավիճակը երկրում «դրամատիկ կերպով ծանր և անընդունելի է»:

«Սա ոչ միայն աշխատողների անվտանգության թեմա է, այլ կյանքի և մահվան հարց», -ասված է նախագահի հայտարարությունում:

Մարգվելաշվիլին նշել է, որ «անհնար է, որպեսզի պետությունն ու հասարակությունը համակերպվեն այսպիսի իրավիճակի հետ»:

«Անհրաժեշտ են հասարակության, այդ թվում՝ գործատուների և, առաջին հերթին, իշխանության ջանքերը, որպեսզի ամենախիստ կերպով վերահսկվի աշխատանքային անվտանգության նորմերի իրականացումը», -նշված է նախագահի հայտարարությունում:

Արդեն երկար տարիներ Վրաստանում սուր արտահայտված է աշխատանքային անվտանգության խնդիրը: 2018թ-ի սկզբից մինչև օրս աշխատավայրում զոհվել է 19 մարդ՝ հաղորդել են Վրաստանի առողջապահության նախարարության աշխատանքի տեսչության դեպարտամենտում:

Վերջին դժբախտ դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ՝ մարտի 26-ին, Չիատուրում. փլուզման հետևանքով զոհվել է 45-ամյա բանվոր: Արհմիությունների տվյալներով՝ 2017թ-ի ընթացքում անվտանգության կանոնների խախտման պատճառով աշխատավայրերում զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ 63-ը:

Օրացույց