Հայաստանի 4-րդ նախագահը ստանձնեց իր պաշտոնը

ապրիլ 10, 2018 - 00:08        Viewed: 238       

Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնն ստանձնեց Արմեն Սարգսյանը: Ձեռքը դնելով Հայաստանի Սահմանադրության մայր օրինակի և Վեհամոր Ավետարանի վրա՝ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իր ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման hամար: «Աստված ինձ օգնական», -երդմնակալության արարողության ժամանակ ասաց Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը եղել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը: Խորհրդային Միության տարիներին (1984-1985 թթ. և1989-1991 թթ.) նա եղել է օտարերկրյա հետազոտող և դասախոս Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում: 1996թ.-ին նա նշանակվել է Հայաստանի հինգերորդ վարչապետի պաշտոնում, բայց պաշտոնավարել ընդամենը չորս ամիս:

Արմեն Սարգսյանի թեկնածությունն այս պաշտոնում առաջադրել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ում պաշտոնավարման լիազորությունները սպառվում են այսօր՝ Արմեն Սարգսյանի լիազորությունները ստանձնելու պահին:

4-րդ նախագահը չի ունենալու այն լիազորությունները, որոնք ունեին նրա նախորդները: Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում Հայաստանը փոխեց կառավարման համակարգը՝ դառնալով խորհրդարանական երկիր: Սա նշանակում է, որ պետության ղեկավարը լինելու է ոչ թե նախագահը, այլ՝ վարչապետը: Նախագահի պաշտոնն այսուհետ լինելու է խորհրդանշական, ներկայացուցչական: Արմեն Սարգսյանին ընտրեցին այսուհետ մյուս նախագահներին ընտրելու են ոչ թե քաղաքացիներն, այլ Ազգային ժողովի պատգամավորները 7 տարի ժամկետով:

Ընդդիմադիր որոշ ներկայացուցիչներ նշում են, որ Հայաստանում ստեղծվել է սուպերվարչապետական մի համակարգ, ինչի արդյունքում նախագահը որևէ որոշում չի կայացնելու: Ըստ նրանց՝ երկրի ղեկավարի, այսինքն՝ վարչապետի պաշտոնում, ամենայն հավանականությամբ ներկայացվելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ում պաշտոնավարման 2-րդ ժամկետն ավարտվեց և նա չէր կարող շարունակել ղեկավարել երկրը:

Արմեն Սարգսյանի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո կառավարությունը սահմանված կարգով հրաժարական է ներկայացրել: Երկու շաբաթների ընթացքում խորհրդարանական մեծամասնությունը պետք է ներկայացնի վարչապետի իր թեկնածուին, որին կընտրի խորհրդարանը: Նորընտիր վարչապետը կձևավորվի նոր կառավարություն:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից արդեն հաղորդում են Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ և այս պահին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունը երկրի առաջին դեմքի թեկնածության վերաբերյալ: Անդրադառնալով նախօրեին տեղի ուեցած իր հանդիպմանը Սերժ Սարգսյանի հետ, Կարապետյանն ասել է.

«Որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որովհետև չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին»:

Օրացույց