Թբիլիսիում ծեծի են ենթարկել սևամորթ ուսանողների

ապրիլ 11, 2018 - 00:22        Viewed: 410       

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել Թբիլիսիում մի քանի սևամորթ ուսանողների ծեծի ենթարկելու փաստով: «Netgazeti.ge» պարբերականի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 8-ին: Մի քանի սևամորթ երիտասարդներ ֆուտբոլ խաղալիս են եղել մարզահրապարակում: Խաղը սկսվելուց մոտ 2 ժամ հետո նրանց մի քանի մարդ է մոտեցել: Հենց սկզբից նրանք թշնամական են տրամադրված եղել, զրույցում օգտագործել են ոչ նորմատիվ բառապաշար, սպառնացել իրենց հետ բերած մահակներով և աֆրիկացիներին վտարել են մարզահրապարակից:

Տեղի ունեցածը սևամորթ ուսանողներից մեկը նկարահանել է և տեղադրել Facebook-ում: Կադրերում երևում է՝ ինչպես են նա և իր ընկերները փախչելով փրկվում հաշվեհարդարից: Ուսանողները ոստիկանություն են կանչել և նրանց ցույց տվել տեսագրված ապացույցը:

«Իրավապահ մարմինների աշխատակիցները խորհուրդ են տվել մոռանալ կատարվածը և հարձակվողներին», -ուսանողներից մեկի խոսքերն է մեջբերում netgazeti.ge –ն:

«Մեզ վիրավորած վրացիներից ոչ մեկը չի ձերբակալվել: Ոստիկանությունը նրանցից չի պահանջում անգամ ներողություն խնդրել՝ ինչ տեսքով էլ դա լինը: Ընդհանրապես ոչինչ: Ինչու՞: Եթե իրավիճակը շրջենք, եթե սևամորթները վիրավորեին վրացիներին, ոստիկանությունը նույնկե՞րպ կվերաբերեր իրավիճակին, թե՞ այլ կերպ: Ներողություն երկարաբանության համար, բայց մենք կպայքարենք ռասիզմի դեմ: 21-րդ դարու՞մ: Ուղեղի մեջ չի տեղավորվում: Սրան պետք է վերջ տրվի», -netgazeti.ge-ին ասել է Թբիլիսիի New Vision University-ի ուսանող Բենիթը:

Ուսանողները մտավախություն ունեն, որ պատմությունը դեռ չի ավարտվել: Այն բանից հետո, երբ Facebook-ում տեղադրվել է կատարվածի տեսագրությունը, նրանց դեմ ագրեսիայի նոր ալիք է բարձրացել. սոցցանցի վրացական սեգմենտի օգտատերերը աֆրիկացիների դեմ նոր սպառնալիքներ և ռասիստական ուղերձներ են հնչեցրել:

Քրեական գործը հարուցվել է 126-րդ հոդվածով, որը ենթադրում է «բռնություն», հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից:

Չնայած ուսանողների այն հայտարարություններին, որ իրենց նկատմամբ հաշվեհարդարը պայմանավորված է բացառապես իրենց մաշկի գույնով, իսկ դա լավ երևում է նաև տեսագրության մեջ, ներքին գործերի նախարարությունը գործը չի հարուցել ՔրՕր 142-րդ հոդվաղով, որը ենթադրում է ռասսայական խտրականություն:

Օրացույց