Թբիլիսիում կայացավ Ջահերով Երթը

ապրիլ 23, 2018 - 22:44        Viewed: 1418       

Ապրիլի 23-ին Թբիլիսիում կայացավ 10-րդ Ջահերով Երթ՝ նվիրված Հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ջահերով երթը սկսվեց Վակե այգու մոտ և ավարտվեց Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ:

Երթի ժամանակ հարյուրավոր վիրահայ երիտասարդներ վանկարկում էին «Ճանաչում-Հատուցում», «Պայքար», «Թուրքիա-հանցագործ» կարգախոսները, ինչպես նաև երգում էին հայրենասիրական երգեր:

Ջահերով երթի ավարտին կայացավ բողոքի ցույց այն երկրի դեսպանատան առջև, որը հանցագործություն է իրականացրել մարդկության դեմ՝ Ցեղասպանություն, և պատիժ չի կրել իրականացրած հանցագործության համար, ավելին՝ շարունակում է Արևմտյան Հայաստանի բռնագրավումը:

Թուրքիայի դեսպանատան առջև անցկացված ցույցի ժամանակ շուրջ 300 մասնակից արտահայտեցին իրենց բողոքը 1915-23թթ. Հայ ժողովրդի ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ և պահանջում էին, որպեսզի Թուրքիան ամբողջ մարդկության առջև և միջազգային նորմերի համաձայն պատասխանատվության ենթարկվի կատարած հանցագործության համար:

Վաղը՝ ապրիլի 24-ին Թբիլիսիում թուրքիայի դեսպանատան մոտ կկայանա ավանդական ցույց:

Օրացույց