Վրաստանում, հնարավոր է, մարդկանց սկսեն ձերբակալել կրոնական զգացմունքների վիրավորման համար

ապրիլ 27, 2018 - 00:09        Viewed: 297       

Վրաստանի խորհրդարանաը կքննարկի օրինագիծ, որը պատիժ է նախատեսում հավատացյալների կրոնական զգացմունքների վիրավորման համար: Առաջարկի համաձայն՝ համապատասխան փոփոխություններ պետք է կատարվեն Վրաստանի Քրեական օրենսգրքում: Օրինագծով որպես պատիժ տուգանք կամ ազատազրկում է նախատեսվում:

Օրինագծի նախաձեռնողը «Հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավոր Էմզար Կվիցիանին է, որը հայտնի է իր պահպանողական հայացքներով և հակաարևմտյան հռետորաբանությամբ: Կվիցիանին կարծում է, որ Վրաստանում գրոհ է իրականացվում ուղղափառության վրա, այդ պատճառով էլ այն պետք է պաշտպանել օրենսդրության խստացմամբ:

Փաստաթուղթն քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նիստին հոգևորականների ներկայությամբ: Կոմիտեի նախագահ Սոֆյա Կիլաձեն հայտարարել է, որ նա փաստաթղթի հետ կապված որոշակի հարցեր ունի, սակայն ընդհանուր առմամբ ընդունելի է համարում:

Սոֆյա Կիլաձեն հայտարարել է, որ «վրդովված է, որ վերջին ժամանակներս ուղղափառ արժեքներն անպատեհ ձևով են ներկայացվում», այդ պատճառով էլ կարծում է, որ «ինչ-որ ձևով կարգավորումներ են անհրաժեշտ մարդկանց տարբեր խմբերի փոխադարձ վիրավորանքներից խուսափելու համար»:

«Ինձ՝ որպես ուղղափառ մարդու, վրդովեցնում են վերջին ժամանակներս հաճախակի դարձած երևույթները, երբ ուղղափառ արժեքներն անպատեհ կերպով են ներկայացվում: Դա բազմաթիվ մարդկանց վրդովմունքի պատճառ է դարձել, և ես կիսում եմ նրանց զայրույթը: Միաժամանակ մենք հպարտանում ենք, որ դարեր շարունակ մեր երկիրը հանդուրժողականության, հարգանքի և սիրո դրսևորման օրինակ է եղել: Երկրի պատմության մեջ այդպիսի բազում օրինակներ կարելի է գտնել: Փոխադարձ վիրավորանքն անընդունելի է, երբ խոսքը գնում է կրոնի մասին: Ես կողմ եմ օրինագծի գաղափարին, ինչ-որ տեսքով պետք է օրենքի օգնությամբ կարգավորում իրականացվի», -հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական կոմիտեի նախագահը:

Օրինագծի համաձայն՝ կրոնական սրբավայրերի, կրոնական կազմակերպությունների, հոգևորականների, հավատացյալների հասցեին արված արտահայտությունները, նրանց մասին նյութերի հրապարակումը, դիրքորոշման հանրային արտահայտումը, որը նպատակ ունի վիրավորել հավատացյալների կրոնական զբացմունքները, կպատժվեն տուգանքով կամ մինչև 1 տարի ազատազրկմամբ: Բացի այդ, տուգանքով կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ կպատժվի կրոնական շինությունների, սրբավայրերի պղծումը:

Վրաստանի խորհրդարանն արդեն քննարկել է հավատացյալների զգացմունքների վիրավորման հարցում օրենսդրության խստացման հարցեր: Նման նախաձեռնությամբ օրենսդիրին 2013թ-ին դիմել էր ներքին գործերի նախարարությունը, իսկ 2016թ-ին՝ իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Սոսո Ջաչվլիանին: (Սակայն նշված դեպքերում, ի տարբերություն ներկայիս օրինագծի, նախատեսվում էր միայն վարչական պատասխանատվություն):

Երկու դեպքում էլ ներկայացված նախաձեռնություններին դեմ էին ոչ կառավարական կազմակերպություններն ու օմբուդսմենը: Նրանք համարում էին, որ նման կարգավորումները հակասում են ինքնաարտահայտման ազատությանը, արդար պետության սկզբունքներին և ժողովրդավարական զարգացման համար սպառնալիք են ներկայացնում:

Վերջերս կրոնական զգացմունքների վիրավորման համար արմատական խմբերը, հոգևորականությունն ու խորհրդարանական մեծամասնության անդամները մեղադրեցին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի քաղաքական թոք-շոուի հաղորդավար Գիորգի Գաբունիային: Քրիստոսի մասին կատակը նրա վրա հարձակվելու պատճառ էր դարձել:

Օրացույց