Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն

մայիս 01, 2018 - 00:01        Viewed: 276       

Վրաստանում նախագահական ընտրություններից մի քանի ամիս անց, որոնք կայանալու են 2018թ-ի հոկտեմբերին, Վրաստանի նախկին վարչապետ (2012-2013թթ.) Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահի պաշտոնին: Այս մասին հաղորդել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Նրա խոսքով՝ ինքն անձամբ է խնդրել նախկին վարչապետին վերադառնալ քաղաքականություն, և Իվանիշվիլին համաձայնել է:

Այդ հայտարարությունը գործող վարչապետն արել է հատուկ բրիֆինգի ժամանակ, որը տեղի է ունեցել խորհրդարանական մեծամասնության հետ հանդիպումից հետո:

«Վրացական երազանք» կուսակցությունն առավելագույնս ուժեղացնելու անհրաժեշտություն է առաջացել: Մեզ համար շատ կարևոր են կուսակցության ներսում տեղի ունեցող գործընթացները: Այդ պատճառով էլ կարևոր է, որ մենք միասնականություն պահպանենք հիմնարար պետական հարցերի հանդեպ: Բոլորի համար պարզ է, թե որքան կարևոր է մեր թիմի համար դրա հիմնադրի՝ պարոն Իվանիշվիլիի գործոնը: Ուզում եմ ասել, որ ես նրան առաջարկել եմ դա և խնդրել մեր կուսակցության հիմնադրին գլխավորել այն: Շատ ուրախ եմ, որ նա համաձայնություն է տվել», -հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետի խոսքով՝ մոտակա օրերին կկայանա կուսակցության քաղխորհրդի նիստ, այնուհետև՝ համագումար, որին պատվիրակներն Իվանիշվիլիին կուսակցության ղեկավար կընտրեն: Կվերընտրվի նաև քաղխորհրդի կազմը:

Արդեն 4 տարի է, ինչ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին լքել է Վրաստանի վարչապետի պաշտոնը: 2012թ-ին նա և նրա կոալիցիան խորհրդարանական ընտրություններին պարտության մատնեցին Միխայիլ Սահակաշվլիի «Ազգային շարժում» կուսակցությանն ու երկրում իշխանության եկան:

Ընտրություններում տարած հաղթանակից հետո Իվանիշվիլին վարչապետ դարձավ, սակայն 2013թ-ի աշնանն ինքնակամ հրաժարական տվեց և, ինչպես ինքն էր հայտարարում, անցում կատարեց «քաղաքացիական հատված»:

Հրաժարականից հետո Իվանիշվիլին որևէ պաշտոն չէր զբաղեցնում: Որոշ ժամանակ նա հաճախ էր լրագրողների առջև հայտնվում, 2016թ-ին ակտիվորեն մասնակցում էև իր կուսակցության նախընտրական արշավին, մեծ մամուլի ասուլիսներ էր անցկացնում: Սակայն վերջին տարում նա շատ հազվադեպ էր հայտնվում հանրության առջև:

Նա չէր մասնակցում 2017թ-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրարշավին: Լրատվամիջոցների տեսադաշտում էր հայտնվում հիմնականում բազմադարյա ծառերն իր դենդրոպարկ տեղափոխելու գործընթացի կապակցությամբ:

Սակայն Վրաստանում քչերն էին կասկածում, որ Իվանիշվիլին Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավարն էր, և իշխող կուսակցությունը որոշումներ էր կայացնում միայն նրա համաձայնությամբ:

2018թ-ի աշնանը Վրաստանում նախագահական ընտրություններ կկայանան: «Վրացական երազանքը» դեռևս չի ներկայացրել իր թեկնածուին:

Օրացույց