Ազգային ժողովը դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում

մայիս 02, 2018 - 00:12        Viewed: 173       

Հայաստանի Ազգային ժողովը դեմ քվեարկեց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում: Համաժողովրդական շարժման առաջնորդը չստացավ պատգամավորների մեծամասնության ձայները՝ երկրի ղեկավար ընտրվելու համար:

Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին խորհրդարանական 4 ուժերից 3-ը, բայց դա բավարար չէր: Իշխող մեծամասնությունը դեմ է քվեարկեց: Արդյունքում Փաշինյանը ստացավ 45 կողմ ձայն, 56 պատգամավոր դեմ քվեարկեց նրա թեկնածությանը:

Սահմանադրության համաձայն 7 օր անց Ազգային ժողովը գումարելու է ևս մեկ նիստ, որտեղ նորից քննարկվելու է վարչապետի թեկնածության հարցը: Խորհրդարանական մյուս խմբակցությունները հնարավորություն կունենան առաջադրել վարչապետի իրենց նախընտրած թեկնածուին: Ընտրության երկրորդ փուլի ժամանակ ևս վարչապետ չընտրելու պարագայում Ազգային ժողովը կցրվի և կնշանակվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Դեռևս հայտնի չէ, արդյո՞ք 7 օր անց որևէ խմբակցություն կներկայացնի իր թեկնածուին, թե՞ Նիկոլ Փաշինյանը կրկին կլինի այս պաշտոնի միակ հավակնորդը:

Քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանը գնաց Հանրապետության հրապարակ, որտեղ նրան էին սպասում հազարավոր մարդիկ: Նրանք հենց այստեղից հետևում էին խորհրդարանական քննարկման ողջ ընթացքին, որն ի դեպ ժամեր տևեց:

Օրացույց