Մայիսի ութին Հայաստանը կունենա վարչապետ

մայիս 04, 2018 - 00:01        Viewed: 285       

Իշխող Հանրապետական խմբակցությունը որոշել է «կողմ» քվեարկել այն թեկնածուի օգտին, ով կներկայացվի խորհրդարանի 1/3-րդի կողմից: Այս մասին պաշտոնապես հայտարարել է Հանրապետական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ներկայացնելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած նիստի արդյունքները։

Վերջինս հայտարարել է, որ Հանրապետականը սեփական թեկնածու չի առաջադրելու: «Մենք անուն չենք նշում, մենք կքվեարկենք «կողմ» այն թեկնածուի օգտին, ում կառաջադրի ԱԺ 1/3-րդը: Մայիսի 8-ին Հայաստանը կունենա վարչապետ», -հայտարարել է Բաղդասարյանը:

Նշենք, որ վարչապետի համաժողովրդական թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, վայելում է խորհրդարանական 3 ուժերի աջակցությունը:

Վարչապետի համաժողովրդական թեկնածու Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելու համար Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը պահանջում է իր պատգամավոր Աղվան Վարդանյանին վայր դնել մանդատը։ Խնդիրը նրանում է, որ Դաշնակցությունը հայտարարել էր Ն․ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին, իսկ Աղվան Վարդանյանը խմբակցության որոշման հակասող կեցվածք էր ցուցաբերել և դեմ քվեարկել թեկնածուին։

ՀՅԴ-ն իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն նախկին գործընկերն էր։ Վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՅԴ-ն հայտարարել էր կոալիցիայից դուրս գալու մասին։

Հայտնի է դարձել վարչապետի ընտրության երկրորդ փորձի օրը: Ազգային ժողովի փոխանցմամբ այն տեղի կունենա մայիսի 8-ին: Մայիսի 1-ին վարչապետի ընտության առաջին փորձը տապալվեց, որովհետև պատգամավորները դեմ քվեարկեցին միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Սահմանադրության համաձայն՝ Փաշինյանի թեկնածությունը երկրորդ անգամ մերժելու պարագայում Ազգային ժողովը կցրվի և կնաշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Օրացույց