Բախումներից խուսափելու համար ոստիկանությունը հավաքվածներին ավտոբուսներով դուրս բերեց տարածքից

մայիս 15, 2018 - 00:03        Viewed: 221       

Ներքին գործերի նախարարը խորհրդարանի շենքի մոտ էր եկել՝ ցուցարարներին հանդիպելու: Նա դիմեց ակցիայի մասնակիցներին և ներողություն խնդրեց: «Կներեք, -ցուցարարներին ասաց Գիորգի Գախարիան: -Հայցում եմ ձեր ներողամտությունը ոչ միայն իմ անունից: Կներեք, եթե ձեզնից որևէ մեկի անվտանգության համար սպառնալիք է ստեղծել ներքին գործերի նախարարության որևէ աշխատակից: Խնդրում եմ ձեզ նաև վիրավորանք հասցնելու համար ներողություն խնդրել համազգեստով այն մարդկանցից, որոնք ապահովում էին ձեր անվտանգությունը», -հայտարարեց Գախարիան:

Նախարարն ակցիայի մասնակիցներին խոստացավ, որ մոտ ապագայում կսկսի աշխատանքն օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ, որոնք կապահովեն նարկոքաղաքականության ազատականացումը: Նա խոստացավ նաև մանրազնին ուսումնասիրել հատուկ գործողության ժամանակ ոստիկանների կողմից ուժի գերազանցման հանգամանքներն ու պատժել մեղավորներին:

«Խոստանում եմ վաղն առավոտյան ժամը տասից ձեր ներկայացուցիչների հետ միասին մանրամասն քննարկել այն, թե ինչ տեղի ունեցավ ուրբաթ… Խոստանում եմ նաև, որ նարկոքաղաքականությունում մենք հստակ արդյուքների կհասնենք…», -հայտարարեց Գիորգի Գախարիան:

Ելույթից առաջ Գախարիան խորհրդարանի շենքի մոտ հանդիպեց ակցիայի կազմակերպիչներին: Բանակցությունները մեկ ժամից ավել տևեցին, որից հետո Գախարիան դուրս եկավ ցուցարարների մոտ:

Նախարարի ելույթից հետո «Սպիտակ աղմուկ» շարժման առաջնորդ Բեքա Ցիկարիշվիլին հայտարարեց, որ ակցիայի մասնակիցներն առաջին հաղթանակն են տոնում: Նա խորհրդարանին մեկ շաբաթ տվեց նարկոքաղաքականության ազատականացման վրա աշխատանք սկսելու համար: Նրա խոսքով՝ եթե այդ ժամկետը լրանալուց հետո առաջին միջոցները չձեռնարկվեն, ապա ակցիաները կվերսկսվեն:

Կարելի է ենթադրել, որ նախարարի ելույթը վերջ դրեց բողոքի ակցիաներին, որոնք սկսվել էին խորհրդարանի շենքի մոտ հակաթմրանյութային ռեյդից հետո և շարունակվում էին արդեն երկու օր:

Խորհրդարանի մոտ ակցիան սկսվեց մայիսի 13-ին 15:00-ին: Մի քանի հազար մարդ՝ հիմնականում երիտասարդներ, հաստատեցին իրենց պահանջը՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը. իշխանությունները պետք է օրենսդրական աշխատանք սկսեն նարկոքաղաքականության ազատականացման ուղղությամբ:

Ողջ օրվա ընթացքում Ռուսթավելիի պողոտայում հակաակցիա էր ընթանում: Ուլտրաազգայնական խմբավորումներն ու նրանց կողմնակիցները զբաղեցրել էին մոտակա փողոցները: Նրանք վիրավորում էին ակցիայի մասնակիցներին և մի քանի անգամ փորձել են ճեղքել ոստիկանական պատը, ինչը բախումներով է ավարտվել: Սակայն ոստիկանությունը կատարեց իր առջև դրված խնդիրը՝ թույլ չտալով դիմակայող ճամբարներին մոտենալ միմյանց, և կանխեց բախումը:

Իրադարձությունները սկսեցին սրընթաց զարգանալ օրվա երկրորդ կեսին:

Հայտարարությամբ հանդես գալով՝ երկօրյա լռությունը խախտեց վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Նրա խոսքով՝ «բոլոր կողմերը, ցանկացած մարդ ազատ կարծիք արտահայտելու իրավունք ունի, սակայն դիմակաայությունն անընդունելի է, և մենք ոչ մի դեպքում նման բան թույլ չենք տա»:

Վարչապետը կոչ արեց բոլորին միասնություն պահպանել: «Եվս մեկ անգամ դիմում եմ խնդրանքով. եկեք միասնականություն պահպանենք ընդհանուր նպատակի շուրջ՝ մեր երկրի վաղվա օրվա, մեր երիտասարդության, ապագա սերունդների մասին հոգածության շուրջ: Տարբեր տեսակետների պատճառով ատելությունն անթույլատրելի է: Միավորվենք հանուն մեր երկրի ապագայի պաշտպանության», -ասել էր վարչապետը:

Ցուցարարները սուլոցներով դիմավորեցին վարչապետի հայտարարությունը. «Նա ոչինչ չասաց: Չպատասխանեց մեր գլխավոր հարցին. ինչո՞ւ մեզ հետ այդպես վարվեցին»: Խորհրդարանի մոտ իրավիճակը սկսեց սրվել: Հակաակցիայի մասնակիցները հաճախակի դարձրին ոստիկանական պատը ճեղքելու փորձերը, հայհոյանքներ և վիրավորանքներ տեղալով սպառնում էին խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին: Միաժամանակ նրանք ոստիկաններին կոչ էին անում ցրել ցույցն ու ցանկություն էին հայտնում դա սեփական ձեռքերով անելու:

Երեկոյան տասին մոտ խորհրդարանի մոտ լրացուցիչ ուժեր բերվեցին: Այստեղ ավտոբուսներով հատուկջոկատայիններ եկան, ցույցերը ցրելու հատուկ տեխնիկա և ջրցան մեքենաներ բերվեցին:

Խորհրդարանի մոտ ընթացող ակցիայի երկրորդ օրն էլեկտրոնային երաժշտություն գրեթե չէր լսվում, որի տակ նախօրեին պարում էին ցուցարարները: Այն ոստիկանների խնդրանքով հակաակցիայի մասնակիցների հետ ավելորդ լարվածությունից խուսափելու համար ցուցարարները որոշել էին չմիացնել:

Երեկոյան տասն անց կեսին մոտ խորհրդարանի շենքի մոտ «Սպիտակ աղմուկ» կազմակերպության առաջնորդների հետ հանդիպման եկավ ՆԳ նախարար Գիորգի Գախարիան: Այդ հանդիպման արդյունքներին ակցիայի մասնակիցներն առանձնահատուկ անհամբերությամբ էին սպասում:

Այդ ամենին հետաքրքիր մի միջադեպ էր նախորդել, որը գրավել էր ակցիայի մասնակիցների և Ֆեյսբուքի օգտատերերի ուշադրությունը: Նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի տղան՝ ռեփեր Բերան, ֆեյսբուքյան իր էջում Legalize երգի նոր տեսահոլովակ էր տեղադրել: Այդ երգում իշխող կուսակցության առաջնորդի տղան աջակցություն էր հայտնում մարիխուանայի օրինականացման գաղափարին և դեմ արտահայտվում թմրանյութեր օգտագործողների կալանքին, ինչպես նաև սինթետիկ թմրանյութերին և նարկոդիլերներին: Երգում հնչում են նաև հետևյալ խոսքերը. «Ես իմ սերնդից եմ: Իմ սերունդը չի վախենում կառավարությունից»:

Հավաքվածների մեծ մասը կապ էր տեսել Բերայի երգի և այն բարյացակամության միջև, որն իշխանությունները ցուցաբերեցին մայիսի 13-ի երեկոյան ցուցարարների հանդեպ: Ակցիան ավարտվեց ներքին գործերի նախարարի հայտարարությունից հետո: Հակաակցիայի մասնակիցների հետ բախումներից խուսափելու համար ոստիկանությունը հավաքվածներին հատուկ ավտոբուսներով դուրս բերեց տարածքից:

Օրացույց