Որպես առավել հեղինակավոր ինստիտուտ հարցվածների 76%-ը նշել է եկեղեցին

մայիս 16, 2018 - 00:02        Viewed: 212       

«Միջազգային թափանցիկություն -Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության պատվերով անցկացված հարցումն իրականացրել է Ռեսուրսների ուսումնասիրման կովկասյան կենտրոնը 2018թ-ի մարտի 3-28-ն ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել է 1843 մարդ ողջ Վրաստանի տարածքում: Հարցման սխալվելու միջին ցուցանիշը 2,8% է:

Հարցվածների 99%-ը պնդում է, որ վերջին 12 ամիսներին ոչ ինքը, ոչ իր ընտանիքի անդամները չեն բախվել կաշառք տալու անհրաժեշտության հետ: Ընդ որում, 36%-ը վստահ է, որ վրացի պաշտոնյաներն ու պետական ծառայողները կոպտորեն շահագործում են ծառայողական դիրքը սեփական բիզնեսի զարգացման համար:

Բնակչության շրջանում ամենաքիչ վստահությունը վայելում է խորհրդարանը՝ 17%, և դատարանները՝ 20%: Աութսայդերների եռյակում են նաև լրատվամիջոցները: Ընդ որում, հարցվածների 60%-ը միանշանակ վերաբերմունք չունի զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ, մի մասը վստահում է նրանց, մյուս մասը՝ ոչ: Որպես առավել հեղինակավոր ինստիտուտ հարցվածների 76%-ը նշել է Վրաց ուղղափառ եկեղեցին: Հանրության բարձր վստահությունը վայելողների առաջին եռյակում են նաև մանկավարժները՝ 65%, բժիշկները՝ 50%: Հարցվածների 36%-ը հայտարարել է, որ վստահում է ոստիկանությանը, իսկ 32%-ը՝ տեղական ինքնակառավարման մարմիններին:

Վրաստանի նախագահին, որն, ըստ Սահմանադրության, նվազագույն իրավունքներ ունի, ավելի շատ մարդ է վստահում (41%), քան վարչապետին (27%): (Հարկ է նշել, որ հարցումն անցկացվել է մարտին, և դրա արդյունքների վրա արտացոլվել է նախագահի կողմից մի հանցագործի ներում շնորհելու հետ կապված սկանդալը, երբ վերջինս, ազատության մեջ հայտնվելով, շուտով կալանավորվել էր խորթ դստեր սպանության համար): Հարցման մեջ չեն ներառվել նաև Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին վերաբերող հարցեր, որը մի քանի օր առաջ դուրս եկել քաղաքական կուլիսներից և գլխավորում է իշխող կուսակցությունը:

Բնակչության մեծ մասը կարծում է, որ բոլոր զգալի պետական ինստիտուտներն իշխող կուսակցության պատվերն են կատարում և սպասարկում նրա շահերը:

Հարցվածների 58 %-ը վստահ է, որ դատական համակարգը «մասնավորեցված է»: 51%-ը կարծում է, որ այն ամբողջությամբ գտնվում է իշխող կուսակցության վերահսկողության տակ: Հարցվածները համոզված են նաև, որ իշխող «Վրացական երազանքը» վերահսկում է դատախազությունը (57%), ՆԳՆ-ն (55%) և Պետանվտանգության ծառայությունը (55%):

Հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Վրաստանում նախկինի պես մի պրակտիկա է գործում, երբ ոստիկանությունը քաղաքացիների գրպանը թմրանյութ է գցում: Մեծամասնությունը (45%) կարծում է, որ ոստիկանությունն ատիվորեն օգտագործում է այդ մեթոդը քաղաքացիներին ձերբակալելու համար: Հարցվածներից 36%-ի համար ոչ մի խնդիր չեն ներկայացնում այսպես կոչված ոստիկանական ռեյդերը, որոնց ընթացքում իրավապահները հենց փողոցում խուզարկում են անցորդենրին, անցնող մեքենաները, երբեմն էլ դրանից հետո մարդկանց տանում են նարկոթեստավորում անցնելու: Միայն 18%-ն է համոզված, որ այդ ռեյդերն արդարացված չեն:

Հարցվածների մեծ մասը՝ 72%-ը, կարծում է, որ մարիխուանա օգտագործելը չպետք է պատժելի լինի: 56 տոկոսը պնդում է, որ չի կարելի կալանավորել նաև ակումբային թմրանյութեր (MDMA, էքստազի և այլն) օգտագործողներին: Սակայն հարցման մասնակիցների 36%-ը կարծում է, որ թմրանյութ օգտագործողների տեղը բանտն է:

Հակասական վերաբերմունք ունեն հարցվածները թմրանյութերի (մորֆին, հերոին և այլն) ներերակային օգտագործողների հանդեպ. 53%-ը կարծում է, որ նրանք պետք է բանտ նստեն, իսկ 46%-ն այլ կարծիքի է:

«Միջազգային թափանցիկություն -Վրաստանի» հարցաշարի հարցերից մեկը վերաբերում էր ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի ճակատագրին, որը Թբիլիսիի կենտրոնից անհետացել էր անցյալ տարի և հայտնվել ադրբեջանական բանտում մի շարք մեղադրանքներով:

Հարցվածների 36%-ը լրագրողի անհետացման և ադրբեջանական բանտում «հանկարծակի» հայտնվելու հետ կապված իրավիճակի վերաբերյալ իր տեսլականը չներկայացրեց: 18%-ը կարծում է, որ Մուխտարլին առևանգվել է և փոխանցվել ադրբեջանական կողմին վրացական հատուկ ծառայությունների կողմից: 15%-ը կարծում է, որ դա արել են ադրբեջանական հատուկ ծառայությունները վրացի գործընկերների օգնությամբ: Ադրբեջանի պաշտոնական վարկածին, թե Մուխտարլին ինքն է հատել վրաց-ադրբեջանական սահմանը, հավատում է հարցվածների միայն 6%-ը:

Օրացույց