Վրաստան՝ աշխարհների պատերազմ

մայիս 22, 2018 - 00:03        Viewed: 283       

Թբիլիսիի գիշերային ակումբներում ոստիկանության կողմից անցկացված հատուկ գործողության դեմ բողոքի երկօրյա ակցիան ի հայտ բերեց խնդիրներ, որոնք դուրս են գալիս նարկոքաղաքականության, մարդու իրավունքների կամ ոստիկանական ամենաթողության թեմայի շրջանակից:

Մայիսի լույս 14-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում բախվեցին երկու Վրաստաններ: Ավելի ճիշտ՝  դրա ապագայի երկու արմատապես տարբեր վարկածներ:

Երիտասարդական ակցիայի մասնակիցները պաշարման մեջ հայտնվեցին՝ շրջապատվելով իրենց ազգայնականներ կոչող և խորհրդարանի մոտ հավաքված «լիբերաստների և պեդերաստների» հախից գալու մտադրությունները չթաքցնող երիտասարդների ամբոխով: Ագրեսիվ ամբոխը պարբերաբար փորձում էր ճեղքել ոստիկանական պատն, արդյունքում խորհրդարանի առջև տեղի ունեցող ակցիայի մասնակիցներին ՆԳՆ ղեկավարի հետ բանակցություններից հետո ոստիկանությունն ավտոբուսներով դուրս բերեց տարածքից:

Ովքե՞ր էին դիմակայում միմյանց: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանի հասարակությունը մեծ մասամբ այդպես էլ չհասկացավ, թե ովքեր էին մայիսի 12-ին դուրս եկել բողոքելու և ինչու:

Շատերը համարեցին, որ ակցիայի նպատակը «նարկոբարիգաների» պաշտպանությունն էր, որոնց կալանավորել էր ոստիկանությունն, ու թմրանյութերի օրինականացումը: Թեև ցույցի գլխավոր շարժառիթն, ինչպես պնդում են մասնակիցները, չարդարացված բռնությունն ու մարդու իրավունքների խախտումներն էին թբիլիսյան ակումբներում հատուկջոկատայինների ռեյդի ժամանակ: Ցուցարարների հանդեպ բացասական վերաբերմունք ավելացրին տարօրինակ հագնված բացահայտ ֆրիկների կամ ակցիայի մասնակից ոչ ադեկվատ մարդկանց մասին տեսանյութերը, որոնք տարածվեցին սոցցանցերում:

Սակայն հարկ է հիշել, որ Թբիլիսիի գիշերային ակումբների մշտական այցելուները հիմնականում բնավ թմրամոլներ և «նարկոշներ» չեն: Նրանց զգալի մասը 30 տարեկանից ցածր, կայացած երիտասարդներ են՝ հաճախ արևմտյան կրթությամբ: Նրանք բանկերի աշխատակիցներ են, միջին օղակի մենեջերներ, պետական պաշտոնյաներ, մի խոսքով, Վրաստանի ծնվող միջին դասը: Նրանք տիրապետում են լեզուների, աշխարհ են տեսել, պահանջված մասնագետներ են իրենց ոլորտներում, որոնց համար ծանր աշխատանքային շաբաթից հետո ակումբ գնալը լավագույն հանգիստն ու ժամանակ անցկացնելու միջոցն է:

Այդ դասի համար ոստիկանության ներխուժումն ակումբներ իսկական ապոկալիպսիս էր: Վրացական միջին դասի, ըստ էության, ապաքաղաքական զանգվածը չհամակերպվեց իր անձնական տարածք ներխուժելու հետ, որտեղ նա մինչ այդ թաքնվում էր քաղաքականությունից, միաժամանակ էլ՝ շրջակա իրողություններից: Սակայն արդյունքում իրականությունից այդպես էլ չհաջողվեց փախչել:

Պայմանական բարիկադների մյուս կողմում միանգամից մի քանի աջ խմբավորումների ներկայացուցիչներ էին, որոնց մասին մինչ այս քիչ բան էր հայտնի: «Սև վերնաշապիկներ», ինչ-որ «ջոկատներ», «քաղաքացիական գվարդիա». այն, թե ինչպես էին իրենց անվանում այդ երիտասարդները, հնչում էր որպես զառանցանք և 90-ականների սկզբի արձագանք:

Ընդդիմությունն ու ցուցարարները պնդում են, որ այդ խմբավորումները ղեկավարում է կառավարությունը: Միգուցե դա այդպես է, միգուցե՝ ոչ: Սակայն դա չէ կարևոր, այլ այն, թե ինչպես էին դիմակայող ճամբարների ներկայացուցիչներն արձագանքում միմյանց:

Ակցիայի հակառակորդների տեսանկյունից՝ խորհրդարանի առջև հավաքվածներն օտար, դրսից պարտադրված մշակույթի ներկայացուցիչներ են, որոնք չեն հարգում վրացական ավանդույթներն ու արժեքները: Որոնք հագնվում են, այնպիսի տեսք ունեն և իրենց պահում են ոչ այնպես, ինչպես հարկն է: Եվ եթե նրանք չպատժվեն, Վրաստանը կկործանվի նրանց ապականող ազդեցությունից:

Իսկ ակցիայի մասնակիցների համար լիակատար անակնկալ և հայտնություն էր, որ «կրեատիվ դասից» բացի գոյություն ունի երիտասարդության նաև այլ տեսակ, որի բախտը կրթության և շրջապատի առումով այնքան էլ չի բերել: Որը կյանքի մասին իր պատկերացումները հաճախ քաղում է  ուղղափառ հոգևորականների քարոզներից, որոնցից շատերը քարոզում են, որ Արևմուտքից Վրաստան է գալիս միայն չարիք և այլասերում, իսկ միակ նույնադավան եղբայրը Ռուսաստանն է:

Նրանցից շատերը կյանքում ակումբում չեն եղել, սակայն վստահ են, որ այնտեղ են գնում միայն «նարկոշներն» ու «գոմիկները»: Եվ նրանք, լինելով մանր պրոպագանդայի տակ և տրվելով մանիպուլյացիաների, ատում են բոլորին, ովքեր ինչ-որ բանով տարբերվում են իրենցից (ճիշտ է, տիկնիկավարները լավ հոգ են տանում, որպեսզի ագրեսիան չուղղվի Ռուսաստանի և Կրեմլի դեմ. վերջիններիս հասցեին այդ կատեգորիայի կողմից նեգատիվ ընդհանրապես չի հնչում):

Ընդհանուր առմամբ, ակումբային-կրեատիվ Վրաստանը հանկարծ իր համար հասարակության այլ կես բացահայտեց, որն ատում է «լիբերաստներին» և պատրաստ է նրանց հետ իր հաշիվները մաքրել: Եվ, ըստ իմ տպավորության, այդպիսի ատելություն տածողներն ավելի շատ են ցածր որակավորում ունեցող մասնագիտությունների ներկայացուցիչների կամ գործազուրկների շրջանում: Այնպես որ, այդ դիմակայությունը սոցիալական դեմք էլ ունի:

Վրացական հասարակությունը թերևս ամենաարևմտամետն է նախկին ԽՍՀՄ երկրների շրջանում՝ ներառյալ Բալթիայի երկրները, անգամ եթե իրենք այդ մասին չեն կռահում: Պարզապես մարդիկ սովոր են, որ երկրում քիչ թե շատ անկախ լրատվամիջոցներ կան, սովոր են ընտրությունների չկանխորոշված արդյունքներին, որ կարելի է հանգիստ բարձրաձայնել սեփական կարծիքն ու պնդել այն ցույցերի ժամանակ առանց դրա համար ձերբակալված լինելու վախի:

Նախորդ իշխանությունը 2004-2014թթ-ին Վրաստանի քաղաքացիներին ետ է սովորեցրել զանգվածային կոռուպցիայից և հանցավորությունից, սովորեցրել է քիչ թե շատ հարգել օրենքը: Սակայն, ըստ ամենայնի, հասարակությանը հանուրժողականություն սովորեցնելու համար ժամանակը քիչ էր:

Հավանաբար Վրաստանի սրընթաց վեստերնականացումը հասարակության զգալի հատվածի ուղեղներում դեռևս ամուր նստած տոտալիտար մտածողության և «սովոկի» ֆոնին արդյունքում չէր կարող չհանգեցնել նման կոնֆլիկտի:

Ինչպես ցույց տվեց մայիսի 14-ը, «սովոկային»-պահպանողական Վրաստանի կառավարվող զանգվածներն՝ իրենց մտածողության սահմանափակությամբ, քարացածությամբ, ամեն օտար և անհասկանալի բանի հանդեպ ագրեսիայով, լուրջ սպառնալիք են այն պրոգրեսի համար, որը Վրաստանում գրանցվել է հետխորհրդային բոլոր տարիներին:

Ընդ որում, կոնֆլիկտը հստակ աշխարհաքաղաքական չափում ունի. վեստերնականացված վրացական միջին դասը նույնիսկ չի կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է որևէ կապ ունենալ Ռուսաստանի հետ: Նրանք Ռուսաստանում չեն լինում, չգիտեն և չեն ուզում իմանալ, թե ինչ է այն, նրանց ընկերներն ու համակուրսեցիները Եվրոպայում և ԱՄՆ-ում են, այլ ոչ թե Ռուսաստանում:

Մյուս կողմից, կրթություն չունեցող, չիրացված երիտասարդները հեշտությամբ դառնում են «պահպանողական» պրոպագանդիստների զոհը, որոնք ագիտացիա են անում նրանց հօգուտ «նույնադավան ավագ եղբոր» գիրկը վերադառնալու:

Վրաստանում նույն սերնդի ներկայացուցիչների միջև այսպիսի բևեռացում և մտածելակերպի անդունդ ես չեմ կարող հիշել, նույնիսկ երբ կրակում էին միմյանց վրա, ծեծում նրանց, ովքեր այլ տեսք ունեին կամ այլ կերպ էին հագնվում 90-ականներին: Նրանք բոլորը նույն միջավայրում, սակայն տարբեր հայացքներով մեծացած մարդիկ էին:

Իսկ հիմա աշխարհների պատերազմ է, որոնք համագոյակցում են մեկ տարածքում, սակայն միմյանց հետ մինչև հիմա չեն առնչվել: Նման բան թերևս չկա ոչ մի այլ հետխորհրդային երկրում:

Դիմիտրի Ավալիանի

Օրացույց