Նախարարներն երդում են տվել բարեխղճորեն կատարել պարտականությունները

մայիս 23, 2018 - 00:18        Viewed: 199       

Հայաստանի կառավարության անդամները նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում են տվել: Երդման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի նախագահի նստավայրում: Նախ երդում է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա գործադիր մարմնի մյուս անդամները:

Երդման արարողությունը նախտեսված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նոր օրենքով: Նույն օրենքով էլ սահմանվել է երդման տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և Հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Կառավարության անդամները մինչ նախագահական նստավայր մուտք գործելը ասել են լրագրողներին, որ դեմ չեն երդման գաղափարին։ «Որքան պարտավորեցնող, այնքան լավ», -ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Իսկ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը երդումից առավել կարևորել է անձնական պատասխանատվությունը:

Օրացույց