Վրաստանի համար ծայրահեղ կարևոր է ԱՄՆ աջակցությունը Ռուսաստանի հետ կոնֆլիկտում

մայիս 24, 2018 - 00:15        Viewed: 238       

Մայիսի 21-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է պետքարտուղար Մայքլ Պամպեոյի հետ: «Մի քանի օրից Վրաստանը կնշի Առաջին հանրապետության 100-ամյակը: Վրաստանը երկար ճանապարհ է անցել նախքան ԱՄՆ արժանի գործընկեր և դաշնակից դառնալը», -ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Վաշինգտոնում կայացած հանդիպման ավարտին:

Նրա խոսքով՝ նախագահ Թրամփի կառավարման ժամանակահատվածում երկկողմանի հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել: «Ապագայում մենք էլ ավելի մեծ ներուժ ենք տեսնում», -ընդգծել է Կվիրիկաշվիլին:

Վարչապետի խոսքով՝ հենց ԱՄՆ մշտական աջակցության շնորհիվ են Վրաստանում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի բնույթ սկսել կրել, ամրապնդվել են պետական ինստիտուտները, Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար տնտեսական զարգացման լուրջ հնարավորություններ են ստեղծվել:

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհամբեր սպասում է այն պահին, թե երբ է Վրաստանն անդամակցելու ՆԱՏՕ-ին:

«Մեր որոշումն անփոփոխ է: Նախագահ Թրամփը միանշանակ աջակցում է Բուխարեստի 2008թ-ի գագաթնաժողովի որոշումներին, ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է այն օրվան, թե երբ է Վրաստանն ընդունվելու ՆԱՏՕ: Մեր այսօրվա հանդիպմանը մենք դիտարկել ենք բոլոր հարցերը, որոնք կապում են ազգային անվտանգությունը, դինամիկ տնտեսությունն ու ժողովրդավարությունը», -հայտարարել է Պոմպեոն:

Վրաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարն ուշադրություն են դարձրել մի քանի թեմաների:

Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանի համար ծայրահեղ կարևոր է ԱՄՆ դիրքորոշումը Ռուսաստանի հետ կոնֆլիկտի կապակցությամբ և Սպիտակ տան անվերապահ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

«Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի համար ծայրահեղ կարևոր է ԱՄՆ աջակցությունը Ռուսաստանի հետ կոնֆլիկտում և Աբխազիայի ու Ցխինվալիի շրջանի՝ վրացական տարածքների դեօկուպացիային խաղաղ ճանապարհով», -հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Մայքլ Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից վրացական հողերի օկուպացիան, որն իրականացվել է ուղիղ 10 տարի առաջ: «Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիան ու Հարավային Օսիան Վրաստանի անքակտելի մաս են կազմում: ԱՄՆ-ն աջակցում է ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին 2008թ-ին կնքված խաղաղ համաձայնագրի շրջանակում կատարել բոլոր պարտավորությունները՝ դուրս բերել իր զինված ուժերն այն դիրքեր, որոնք դրանք զբաղեցնում էին 2008թ-ի օգոստոսի հակամարտությունից առաջ, հետ կանչել Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանության ճանաչումն ու այդ երկու շրջանների համար ապահովել հումանիտար օգնություն ստանալու հնարավորություն», -հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար:

Գիորգի Կվիրիկաշվիլին առանձնահատուկ կերպով ընդգծել է ԱՄՆ օգնության կարևորությունը ռազմական ոլորտում, Վրաստանի պաշտպանունակության բարձրացման գործում: Նրա խոսքով՝ Վրաստանը կատարում է անհրաժեշտ ամեն ինչ ՆԱՏՕ-ի ստանդարտներին հասնելու համար: Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին JAVELIN հակատանկային համակարգ ձեռք բերելու հնարավորության համար:

«Այս տարի մենք ակնկալում ենք, որ կայանալիք բրյուսելյան գագաթնաժողովին ՆԱՏՕ-ին անդամակցելու մեր ձգտումներն ու այդ գործում ունեցած առաջընթացն արժանի ճանաչում կստանան: ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցումը կընդլայնի եվրատլանտյան անվտանգության հնարավորությունները: Պարոն պետքարտուղար, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցում Ձեր աջակցության համար», -ասել է Վրաստանի վարչապետն՝ ընդգծելով այն հանգամանքը, որ Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը մասնակցող Վրաստանը մարդկային կորուստներ է կրում:

Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն խոնարհվում է զոհերի հիշատակի առջև, բարձր է գնահատում խաղաղապահ գործողություններին Վրաստանի մասնակցությունն ու Վրաստանին դիտարկում է որպես «ուժեղ, պաշտպանունակ գործընկերոջ»:

«Վրաստանը հենց այնպիսի գործընկեր է, որն ապացուցել է միջազգային անվտանգության հաստատման և արևմտյան արժեքների հարցում իր ավանդն ունենալու պատրաստակամությունը: ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից Վրաստանն ամենախոշոր հակաակտորն է աֆղանական առաքելությունում: Վրացի զինծառայողներն անձնուրաբար կատարում են այդ պարտականությունը: 32 վրացի մարտիկ է իր կյանքը տվել խաղաղության ամրապնդման և կայունության ապահովման համար», -հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու Վրաստանը կշարունակեն խորացնել իրենց համագործակցությունն անվտանգության ոլորտում, այդ թվում՝ գլոբալ ահաբեկչության դեմ պայքարի, Վրաստանի տարածք ահաբեկիչների ներխուժման և մաքսանենգ ճանապարհով ռադիոակտիվ նյութերիներկրման կասեցման գործում:

«2016 և 2017թթ-ին վրացի ժողովուրդը խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ևս մեկ անգամ հաստատեց իր եվրատլանտյան ընտրությունն, այդ թվում՝ մոտ ապագայում Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին», -հայտարարեց Պոմպեոն:

Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքով՝ ԱՄՆ օգնությամբ Վրաստանը ներդրողների համար դարձել է առավել գրավիչ երկրներից մեկը: Նրա խոսքով՝ Վրաստանի համար ծայրահեղ կարևոր են մասնավոր ամերիկյան ներդրումներն այնպիսի նախագծերի մեջ, ինչպիսին է Անակլիայի խորջրյա նավահանգիստը:

«Վրաստանն աշխարհի այն երկրներից մեկն է, որն ունի բոլոր անհրաժեշտ ինստիտուտները, ռազմավարությունն ու բիզնես-միջավայրն ԱՄՆ հետ փոխշահավետ առևտրային համաձայնագրերի համար: Մեր երկրների միջև ազատ առևտրի ռեժիմ ներդնելու դեպքում, ինչպես վկայում է PricewaterhouseCoopers-ի վերջին հետազոտությունը, 5 տարում ամերիկյան արտահանումը կարող է աճել 360%-ով, ինչը կնպաստի ԱՄՆ-ում նոր աշխատատեղերի ստեղծմանը», -հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Մայք Պոմպեոյի խոսքով՝ Վրաստանում ԱՄՆ ուղերձն այսօր բացարձակ հասկանալի է. ԱՄՆ-ն հաստատակամորեն և անխախտորեն աջակցում է Վրաստանին, և ապագայում դա չի փոխվի: Պոմպեոն հայտարարել է նաև, որ Վրաստանի անվտանգության ապահովման համար գլխավորը բաց հասարակությունն է և ուժեղ տնտեսությունը: Նա ընդգծել է, որ Վրաստանի համար չափազանց կարևոր է ապահովել օրենքի գերակայությունը, ինչն ապահովվում է անկախ դատական համակարգով, հաշվետու իշխանությունով և բազմակարծությամբ:

«ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի այն ձգտմանը, որ նա հնարավորություններ ստեղծի յուրաքանչյուր քաղաքացու ձայնն, այդ թվում՝ քաղաքականությունում և ԶԼՄ-ներում, լսելի դարձնելու, իշխանական ինստիտուտներում զսպման և հակակշիռների մեխանիզմներ և վերահսկողություն սահմանելու համար», -հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ շնորհավորելով Վրաստանի անկախության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Օրացույց