Հայ ժողովուրդն ապացուցեց, որ պատրաստ չէ անհետանալ երկրի երեսից, պատրաստ չէ, և երբեք էլ պատրաստ չի´ լինի

մայիս 25, 2018 - 00:06        Viewed: 464       

1918թ. փետրվարի 10-ին Անդրկովկասի տարածաշրջանում ստեղծվել էր Անդրկովկասյան Սեյմ` խորհրդատու մարմին` անդրկովկասի ժողովուրդների ինքնատիպ խորհրդարան: Անդրկովկասյան Սեյմի աշխատանքին էին մասնակցում 23 պատգամավոր Սոցիալ-Դեմոկրատներից, 27 պատգամավոր Դաշնակցությունից և 50 պատգամավոր Մուսավաթ կուսակցության խմբակցությունից և անկուսակցականներից: Անդրկովկասյան Սեյմի ստեղծման հիմնական նպատակներից մեկն էր Թուրքիայի հետ խաղաղ բանակցությունների անցկացման նախապատրաստումը:

Հարկ է նշել, որ այդ պահին Ռուսաստանում արդեն տեղի էր ունեցել պետական հեղափոխություն և կառավարության գլուխ եկած բոլշևիկները պատրաստվում էին ստորագրելու Բրեստ-Լիտովսկու հաշտության ամոթալի պայմանագիրը Գերմանիայի և նրա դաշնակից Թուրքիայի հետ, որի պայմանների համաձայն` Ռուսաստանը Թուրքիային էր զիջում Կարսի և Բաթումիի վիլայեթները: Առաջին Համաշխարհային պատերազմն ավարտին էր մոտենում: Անտանտի երկրները` Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և այլն, այդ պահին արդեն փաստացիորեն հաղթանակած էին, և բնականաբար, Ռուսաստանի` պատերազմից դուրս գալը, առավել ևս Գերմանիայի հետ անջատողական պայմանագրի ստորագրումը չէր կարող չառաջացնել մեղմ ասած` հիասթափություն: Ռուս զինվորները սկսեցին լքել ճակատային գիծը: Վրացիները և հայերը մնացին միայնակ խստագույն թշնամու` թուրքերի հետ, որոնք դեռևս մի քանի շաբաթ առաջ պատրաստվում էին կապիտուլյացիայի, իսկ հիմա, տեսնելով Ռուսական կայսրության կամավոր նահանջը, նորից հիշեցին իրենց վաղեմի երազանքի մասին` գրավել Կովկասը: Սկսվեց թուրքական զինվորների գրոհը Բաթումի-Կարսի ուղղությամբ:

Հատկապես նման պայմաններում էր ստեղծվել Անդրկովկասյան Սեյմը: Թուրքիայի հետ բանակցությունների սկիզբը նշանակված էր փետրվարի 23-ին: Բանակցությունների անցկացման վայր էր նշանակված Տրապիզոնը: Իր պատվիրակությանը Թուրքիայի հետ բանակցությունների ուղարկելով` Անդրկովկասյան Սեյմը տվել էր հստակ առաջադրանք: Ինչ ուզում է լիներ, ոչ մի դեպքում չընդունել Բրեստ-Լիտովսկու պայմանագրի պայմանները և համոզել Թուրքիային պահպանել այն սահմանները, որոնք կային 1914թ. Առաջին Համաշխարհային պատերազմի սկսվելու պահին: Չնայած թաթար պատգամավորների եռանդուն բողոքին` Անդրկովկասյան Սեյմը որոշում ընդունեց բանակցությունների օրակարգում ներառել նաև թուրքական պետության կազմում Արևմտյան Հայաստանին Ազհային ինքնավարություն շնորհելու հարցը:

Տրապիզոնում բանակցությունները սկսվեցին մարտի 1-ին և թուրքական պատվիրակությունը իսկույն ևեթ առաջադրեց Անդրկովկասյան Սեյմը ներկայացնող պատվիրակության լեգիտիմության հարցը: Թուրքերն առաջ քաշեցին երկու պահանջ. առաջինը` Անդրկովկասյան Սեյմը պետք է անկախ հռչակվեր Ռուսաստանից և երկրորդ` պետք է ճանաչեր Բրեստ-Լիտովսկու պայմանագրի դրույթները: Մի խոսքով թուրքերը պահանջում էին, որ Անդրկովկասյան Սեյմը անկախ ճանաչվեր, և միաժամանակ ընդուներ այնպիսի պայմաններ, որոնք կդարձնեին այդ անկախությունը հերյուրանք, օճառի պղպջակ:

Բրեստ-Լիտովսկու պայմանագրի պայմանների տակ ստորագրելը հայերի և վրացիների համար հավասարազոր էր մահվան: Միակ մարդիկ, ովքեր համաձայն էին ընդունել թուրքական վերջնագիրը, կովկասյան թաթարներն էին: Անդրկովկասյան Սեյմի պատվիրակությունը լքեց Տրապիզոնը…

Անդրկովկասի Սեյմի` 1918թ. մարտի 31-ին կայացած նիստի ընթացքում վրացական սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչ Եվգենի Գեգեչկորին հայտարարել էր հետևյալը. «Մենք թույլ ենք, բայց ոչ այնքան, որ ընդունենք Բրեստ-Լիտովսկու պայմանագրի պահանջները: Բրեստ-Լիտովսկու պայմանագրի ճանաչումը հավասարազոր է, որ մենք խաչ քաշենք Անդրկովկասի անկախության վրա և կամավոր հայտարարենք մեզ` որպես թուրքական վիլայեթ: Մենք չենք ընդունի նման ամոթալի որոշում: Կանենք ամեն ինչ, որպեսզի թուրքական ագրեսորին արժանավայել պատասխան տանք»:

Անդրկովկասյան Սեյմի հայ և վրացի պատգամավորները Գեգեչկորիի տվյալ հայտարարությունն ընդունեցին բուռն ծափահարություններով, թաթար պատգամավորները` ի նշան բողոքի, լքեցին Սեյմի նիստի դահլիճը:

«Այս պատերազմում մենք կհաղթենք միայն այն դեպքում, եթե դավաճաններից չստանանք հարված թիկունքից», -հայտարարել է Սեյմի պատգամավոր Ալեքսանդր Ծերեթելին:

«Դուք բոլորդ հիանալի գիտեք մուսուլման-դեմոկրատների դիքորոշումը պատերազմական հարցերի վերաբերյալ: Առաջին հերթին մենք չունենք համատեղ պատերազմ վարելու փորձ, իսկ երկրորդ հերթին մեր հատուկ` մշակութա-կրոնական կապերը Թուրքիայի հետ թույլ չեն տա մեզ պատերազմ մղել այդ երկրի դեմ, կամ էլ մասնակցել Թուրքիային հակադիր ռազմաճակատում: Պարոն Ծերեթելին հայտարարում է, որ այս պատերազմում մենք կարող ենք հաղթանակ տանել միայն այն դեպքում, եթե հանդես գանք միացյալ ռազմաճակատով:

Մենք շատ կասկածում ենք, որ ընդհանրապես հնարավոր է, որ այս պատերազմում բոլորն ունենան միասնական նպատակներ: Կարծում եմ` դա անհնար է, և բոլորն են դա հասկանում», -հայտարարել էր թաթարական «Մուսավաթ» կուսակցության պատգամավորը:

Այդ կերպ թաթար պատգամավորները բացեիբաց հայտարարում էին, որ չեն պատրաստվում պատերազմել Անդրկովկասի Սեյմի կազմում: Նրանք հայտարարեցին, որ թուրքական շահերի հետևորդներ են, հայտարարեցին, որ թուրքական շահերն իրենց համար ամեն ինչից վեր են: Հայտարարեցին, որ իրենք և թուրքերը մեկ միասնական ամբողջություն են:

Հայերն ու վրացիները մնացին միայնակ ուժեղագույն թշնամու դիմաց: Բազմադարյա պատմությունը պատրաստվում էր կրկնվել:

Թուրքերի դեմ պատերազմ մղելու համար Անդրկովկասյան Սեյմը ստեղծեց Ծայրահեղ Մարմին, որի կազմում էին մտնում Գեգեչկորին (ռազմական նախարար և նախագահ), Կարչիկյանը (ֆինանսների նախարար) և Ռամիշվիլին (Ներքին գործերի նախարար): Պատերազմ հայտարարելու պահից ի վեր իրադարձությունները զարգացան կայծակնային արագությամբ:

Թուրք զինվորները միանգամից գրավեցին վրացական Գուրիա և Բաթումի նահանգները: Զինվորները սկսեցին շարժվել Թբիլիսիի ուղղությամբ: Վրացական հողերի գրավմանը զուգահեռ թուրքերը մոտենում էին հայկական Կարսին: Դրա հետ միաժամանակ թաթարները սկսեցին գրոհ դեպի Լեռնային Ղարաբաղ և Երևանի մարզ: Թշնամին շրջապատել էր հայերին և վրացիներին բոլոր կողմերից: Նման պայմաններում անկախության մասին հայտարարելը հավասարազոր էր ինքնասպանությանը: Թուրքերն արդեն Թբիլիսիին էին մոտենում:

Ապրիլի 9 (22) հայ գործընկերների հետ երկարաժամ բանակցություններից հետո վրացիները որոշում ընդունեցին Անդրկովկասի Սեյմի անկախությունը հռչակել: Վրացիները ուզում էին հուսալ, որ այն բանից հետո, երբ Թուրքիայի պահանջներից մեկը` Ռուսաստանից անկախության հռչակումը, իրականացված կլինի, թուրքերը կդադարեցնեն ներթափանցել վրացական տարածքների խորքերը:

Ստեղծվել էր Անդրկովկասի Ֆեդերատիվ անկախ Հանրապետությունը: Ապրիլի 12-ին ԱՖՀ-ն Կարսը թուրքերին հանձնելու որոշում ընդունեց: Մինչդեռ, ինչպես սպասելի էր, ո´չ Կարսի հանձնումը, ո´չ անկախության հռչակումը, ո´չ Բաթումիի և Գուրիայի հանձնումը չհանգեցրին «ցանկալի» արդյունքի: Թուրքիան չէր էլ պատրաստվում կանգ առնել:

1918թ. մայիսի սկզբին թուրք զինվորները շարժվեցին դեպի Գյումրի: Այդ իսկ օրերին թուրքական Բաթումիում անկացվում էին «խաղաղ» բանակցություններ «անկախ» Անդրկովկասի և Թուրքական Հանրապետության միջև: Թուրքիան ներկայացրեց հերթական վերջնագիր: «Ռազմական գործողությունները կդադարեցվեն միայն այն դեպքում, եթե Անդրկովկասի Ֆեդերացիան պաշտոնապես Թուրքիային հանձնի Կարսը, Բաթումին, Ախալցիխեն, Ախալքալաքը, Գյումրին, Արդվինը, ինչպես նաև թուրքերին փոխանցի Անդրկովկասին երկաթուղիների ամբողջ վերահսկողությունը»: Կասկած չմնաց նույնիսկ ամենալավատես վրացիների մեջ: Թուրքերը որոշել էին լիակատար վերահսկողություն սահմանել Անդրկովկասի վրա:

1918թ. մայիսի 15-ին թուրք զինվորները գրավեցին Գյումրին և շարժվեցին Արարատյան դաշտավայրի ուղղությամբ: Թուրքերն իրենց ծրագրերը չէին թաքցնում: Թուրքիան ծրագրում էր ամբողջական վերահսկում Անդրկովկասի վրա: Անդրկովկասի վրա, որտեղ հայերը տեղ չունեին: Թուրքերը պատրաստվում էին ավարտին հասցնել հայ ժողովրդի ցեղասպանությունը:

Եվ հանկարծ, երբ թուրքական հարյուրամյա լծից և ցեղասպանությունից արնաքամ եղած, հայ ժողովուրդը հասկացավ, որ դրված է իր ամբողջական և անդառնալի ոչնչացման հարցը, «հրաշք» կատարվեց: Սակավաթիվ հայկական ուժերը կարողացան առավելագույնս մոբիլիզացվել և արժանավայել ետ մղել թուրքերին: Արարատյան դաշտավայրում հայ ժողովուրդն ապացուցեց աշխարհին, որ պատրաստ չէ անհետանալ երկրի երեսից, պատրաստ չէ, և երբեք էլ պատրաստ չի´ լինի:

1918թ. մայիսին ոչնչացված, բայց դեռևս չանհետացած Հայաստանի ողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց և զենք վերցրեց: Ծերերը, երեխաները, տղամարդիկ և կանայք, քահանաներն ու անդամալույծները: Ամբողջ ազգը կանգնեց` ի պաշտպանություն իր ժողովրդի ապագայի: «Մահ կամ Ազատություն», -այդ նշանաբանով հայ ժողովուրդը արտաքսեց թուրքերին Սարդարապատից, Արարատյան դաշտավայրից, Վանաձորից, Բաշ-Ապարանից: Բազմահազարանոց թուրքական բանակը փախուստի դիմեց:

Հաղթանակից ոգեշնչված հայերը ծրագրում էին արտաքսել թուրքերին մինչև իսկ Կարսից: Բայց մայիսի 26-ին Թբիլիսիից ստացած հեռագրից իմանում են, որ Վրաստանն իրեն անկախ է հռչակել Անդրկովկասի Ֆեդերացիայից: Վրաստանն այդ պահից ոտք դրեց իր պատմության նոր փուլը: Թուրքական լծից փրկվելու հույսով նա սկսեց նոր բանակցություններ, Թուրքիայի հետ «դիվանագիտական խաղերի» սկիզբ դրվեց:

Մայիսի 28-ին իր անկախության մասին հռչակեց նաև հայ ժողովուրդը: Մայիսի 30-ին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները, որոնք ավարտվեցին 1918թ. հունիսի 4-ին ստորագրված «խաղաղ պայմանագրով»: Այդ պայմանագրի պայմանների համաձայն` թուրքերը դադարեցնում էին ռազմական գործողությունները և ճանաչում էին Հայաստանի անկախությունը: Սարդարապատի և Բաշ-Ապարանի պաշտպանների արյամբ լվացված հայկական հողերի մի մասը վերապրելու «հնարավորություն» էր ստանում: 12 000 քառ.կմ. Հայաստան, որի վրա հայ ժողովուրդը պետք է Հարություն առներ: Եվ առավ:

Մայիսի 26-28-ին 100 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթանակ տարավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի (Վանաձոր) ճակատամարտերում: Շատ է գրվել այն հերոսական օրերի մասին, երբ ամբողջ ազգը` կանայք և տղամարդիկ, ծերերն ու երեխաները, զենք վերցրին և «Մահ կամ Ազատություն» մարտական կոչով ամբողջովին ջախջախեցին թուրքական բանակը, ստիպեցին նրանց ետ կանգնել հայ ժողովրդի սրտից` Արարատյան դաշտավայրից: Բայց արդյո՞ք մինչև վերջ ենք հասկանում այն օրերի իրադարձությունների ողջ նշանակությունը: Անցկացնո՞ւմ ենք արդյոք զուգահեռներ ներկայի հետ:

Օրացույց