Պատրիարքարանը իշխանություններից պահանջում է հավատացյալների զգացմունքները վիրավորելու մասին օրենք ընդունել

մայիս 28, 2018 - 00:03        Viewed: 346       

Վրաստանի պատրիարքարանը կոչ է արել հոգևորականներին, ինչպես նաև բոլորին, «ում համար թանկ է եկեղեցին», հրաժարվել «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը հարցազրույց տալ և մասնակցել դրա բոլոր հաղորդումներին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է պատրիարքարանի պաշտոնական կայքում: Պատրիարքարանի հարվածն ուղղված է «Արչևանի» («Ընտրություն») հաղորդման դեմ, որը «Ռուսթավի-2» հեռուստաալիքով վարում է լրագրող Գիորգի Գաբունիան:

Պատրիարքարանը կարծում է, որ Գաբունիան վիրավորել է հավատացյալների զգացմունքները՝ եթեր մտնելով «Աստվածանարգը» սյուժեով: «Արչևանի» հաղորդման վերջին թողարկումը նվիրված էր ազատության թեմային: Ստուդիայում հավաքված հյուրերը քննարկում էին կառավարության վերջին նախաձեռնությունը, որի համաձայն՝ կրոնական կամ այլ զգացմունքները վիրավորելու համար կարելի է դատի տալ: Օրինակ, գրողին, նկարչին և այլն:

Հասարակության մեծ մասը նախաձեռնությունը գնահատեց որպես գրաքննություն մտցնելու և ինքնաարտահայտման ազատությունը սահմանափակելու փորձ: Գաբունիան հաղորդման մեջ օգտագործել էր վրացի նկարիչ Լիա Ուկլեբայի «Մարիամ Աստվածածնի ինքնասպանությունը» սկանդալային նկարը,որում հղի Մարիամը խաղալիք ատրաճնակը գլխին է պահել:

Ուկլեբայի այս նկարը բազմիցս արժանացել է պատրիարքարանի և հասարակության պահպանողական մասի սուր քննադատությանը: Հաղորդման մասնակիցները նշել են, որ նոր օրենքն ընդունելու դեպքում դատարանը կարող է պարզապես արգելել Ուկլեբայի այդ նկարը:

Հաղորդման սկզբում հաղորդավար Գաբունիան ստուդիայի հյուրերին հաղորդել էր, որ նկարում Մարիամի ձեռքին խաղալիք ատրճանակ է, այդ պատճառով էլ ինքնասպանություն նա չի կարող կատարել և հետագայում այնուամենայնիվ կծննդաբերի Հիսուսին:

Լրագրողի այս արտահայտությունն ազդեցիկ հոգևորական՝ Ուրբնիսիի միտրոպոլիտ տեր Հոբի ցասումն էր առաջացրել: Քարոզի ժամանակ նա անիծել էր լրագրողին՝ նրան անվանելով «սատանայի ծառա»:

«Այդ մարդը ոչ միայն պետք է չքանա լրագրությունից, այլ նաև Վրաստանից: Ես նրան անիծում եմ, նա չի զղջա, քանի որ սատանայի անմիջական ծառան է», -հայտարարել էր տեր Հոբը:

Քարոզի ժամանակ նա նաև հայտարարել էր, որ «ամբողջ «Ռուսթավի-2» հեռուստաալիքը պետք է կազմալուծել», քանի որ այդտեղից «մարդկանց վրա թույն է թափվում»: Տեր Հոբի քարոզին հետևեց պատրիարքարանի հայտարարությունը:

«Առաջին հերթին մենք կոչ ենք անում մեր հոգևորականներին դադարեցնել բոլոր կոնտակտները «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ, հարցազրույց չտալ և չմասնակցել այդ հեռուստաընկերության ոչ մի հաղորդմանը: Ցանկալի է, որ այս մոտեցումն ընդունելի լինի բոլոր նրանց համար, ում համար թանկ է եկեղեցին և մեր արժեքներն», -ասված է պատրիարքարանի հայտարարությունում:

Պատրիարքարանը կարծում է, որ որոշակի ուժեր նպատակաուղղված պայքարում են եկեղեցու դեմ՝ ձգտելով նրան ներկայացնել որպես կարծիքների ազատ արտահայտման հակառակորդ և ռուսամետ ուժ, և այդ արշավի ավանգարդում «Ռուսթավի-2» հեռուստաալիքն է:

«Եկեղեցին Աստծո տունն է, այն չի կարող կապված լինել քաղաքականության հետ, լինել ռուսամետ կամ արևմտամետ», -ասված է հայտարարությունում:

Հոգևորականությունը կոչ է անում իշխանություններին արագ և արդյունավետ գործողություններ կատարել և պաշտպանել հասարակությունն իրավական և այլ մեխանիզմներով, ինչպես նաև համապատասխան քաղաքականություն իրականացնել անկառավարելի գործընթացներից խուսափելու համար:

«Ռուսթավի-2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվամարիան հայտարարել է, որ պատրիարքարանի դիրքորոշումը մշակված է «հետադիմական վարչակազմի» կողմից, և պատրիարք Իլյան տեղյակ չէ, թե ինչ է կատարվում:

«Տեր Հոբի գործողություններն ու պատրիարքարանի հայտարարությունը ուժեղացնում են հնարավոր հաշիվ մաքրելու վերաբերյալ սպասումները… Այսուհետ «Ռուսթավի-2»-ի աշխատակիցների, այդ թվում՝ Գիորգի Գաբունիայի դեմ հնարավոր բռնի գործողությունների համար պատասխանատվությունը կընկնի Վրաստանի պատրիարքարանի վրա», -հայտարարել է Գվամարիան:

Ըստ նրա՝ «պատրիարքարանը դարձել է խավար, ռուսամետ ուժերի ապաստան, որոնք հակառակվում են երկրի զարգացմանը, վրաց եկեղեցու զարգացմանը, Վրաստանի եվրատլանտյան զարգացմանը»: Նա ընդգծել է, որ «վրացական եկեղեցին երբեք չի անիծել Վրաստանի թշնամուն՝ Վլադիմիր Պուտինին, փոխարենն անիծում է «Ռուսթավի-2»-ին»:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես պատրիարքարանի հայտարարությունը գնահատում են որպես խոսքի ազատության սահմանափակման դեմ ուղղված հայտարարություն:

«Նրանց պահանջները, որոնք սովորաբար լուրջ ազդեցություն են ունենում վրացական քաղաքականության վրա, վերաբերում են այնպիսի հարցերի կարգավորումների, որոնք պաշտպանված են Սահմանադրությամբ: Դա ինքնաարտահայտման ազատություն է: Բնականաբար պատրիարքարանը որպես ամենախոշոր և ազդեցիկ ինստիտուտներից մեկը որոշակի վախ ունի քննադատության հանդեպ: Այդ պատճառով էլ նա փորձում է պաշտպանել իրեն դրանից, սակայն ոչ թե խոսքով՝ խոսքի դիմաց, կարծիքով՝ կարծիքի դիմաց, այլ լռություն հաստատելով», -«Ռուսթավի-2»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության նախագահ Գիորգի Մշվենիերաձեն:

Պատրիարքարանն առաջին անգամ չէ մեղադրում լրագրող Գիորգի Գաբունիային հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար: Մարտին, լրագրող Գաբունիան իր սյուժեում անդրադարձել էր Աջարայից և Գուրիայից դարավոր ծառերը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դենդրոպարկ տեղափոխելուն և հայտարարել էր, թե «Հիսուս Քրիստոսը սխալվել է՝ երկու հազար տարի առաջ իր քարոզների համար ընտրելով Իսրայելը, նա պետք է գար Աջարա. այնտեղ նրան չէին կարողանա խաչել, քանի որ այդ շրջանում խաչերի համար փայտ չէր լինի»: Այս արտահայտությունը ոչ միայն պատրիարքարանի ցասումն էր առաջացրել, այլ նաև «Վրացական երթ» նեոնացիստական կազմակերպության ներկայացուցիչների ակցիայի պատճառ էր դարձել: Նրանք հավաքվել էին «Ռուսթավի-2»-ի գրասենյակի մոտ, արգելափակել այն մեքենայի տեղաշարժը, որում գտնվում էր Գաբունիան, և ծեծի ենթարկել լրագրողներից մեկին:

Օրացույց