Պահանջը մեկն է՝ ամրապնդել Թուրքիայի հետ սահմանի անվտանգությունը

մայիս 29, 2018 - 00:00        Viewed: 291       

Սուլդա գյուղում առավոտից շուրջ 70 մարդ փակել էին մայրուղին, նրանց էին միացել նաև Թուշերը, որոնցից գիշերը գողացել էին 63 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Ճանապարհը փակողների պահանջը մեկն է՝ ամրապնդել Թուրքիայի հետ սահմանի անվտանգությունը:

Սուլդայի և հարևան՝ Խավեթ, Մյասնիկյան, Բոզալի, Դադեշ գյուղերի բնակիչները, ինչպես նաև թուշերը, ովքեր անասունները արածեցնում են Թուրքիայի սահմանի մոտ գտնվող տարածքում, արգելափակել էին Սուլդա տանող ճանապարհը: Մայրուղու վրա հավաքվել էին 8 բեռնատար, որոնք ուղևորվում էին Թուրքիա, ինչպես նաև մոտ 10 մարդատար մեքենա:

Գիշերը թուշերից գողացել են 63 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Սկզբում 8 հովիվներին կապել են, անասունների գողացել ու հետո նրանց ձեռքերն ազատ արձակել: Թուշերից մեկը պատմում է, որ անասունները գողացողները խոսոել են թուրքերեն:

Ճանապարհը փակողների նպատակն է ուշադրություն հրավիրել սահմանամերձ գյուղերից անասունների առևանգման խնդրին:

Բողոքողների մոտ են եկել տեղական իշխանությունների ներկայացուցիչները և խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:

Թուրքիայի հետ սահմանակից արոտավայրերից 65 խոշոր եղջերավոր անասունների գողության փաստով, Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հարուցվել է գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով` «կողոպուտ» կատարված է մի խումբ անձանց կողմից:

Սագարեջո գյուղի բնակիչների անասունները, Կարծախի Դադեշ գյուղի մոտակայքում գտնվող արոտավայրերից գողացել են մայիսի 27-ի գիշերը: Այսօր մերձակա գյուղերի բնակիչները արգելափակել էին Ախալքալաք-Կարծախ ճանապարհը, պահանջելով ուժեղացնել սահմանի վերահսկումը, քանի որ Սագարեջոյի հովիվները ասում են, որ անասունները գողացողները թուրքեր են: Անցյալ տարվա աշնանը կատարված անասունների գողության հետքերը նույնպես տանում էին դեպի Թուրքիայի հետ սահմանը:

Ներքին գործերի նախարարությունում մեզ հայտնեցին, որ այդ գործով «ինտենսիվ հետաքննություն» է ընթանում:

Ախալքալաքի շրջանի Թուրքիային սահմանակից գյուղերից անասունների գողությունը կատարվում է պարբերաբար: Տարվա մեջ այդ գյուղերից լինում է անասունների մեկ կամ երկու խոշոր գողություն: Բնակիչներն անընդհատ բողոքում են և պահանջում են ուժեղացնել սահմանը: Նրանք նաև հաստատում են, որ այդ հանցագործությունների ոչ մի դեպք չի բացահայտվել:Տեղեկություն համար, թե կան արդյոք անասունների գողության դեպքերի բացահայտումներ, մենք դիմեցինք Վրաստանի ներքին գործերի նախարարություն և սպասում ենք պատասխանի:

Աղունիկ Այվազյան

Օրացույց