Դատարանը մասնակիորեն արդարացրել է երկու դեռահասների սպանության մեղադրյալներին

հունիս 01, 2018 - 00:06        Viewed: 347       

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական է տվել նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին երկու դպրոցականների սպանության աղմկահարույց գործի վերաբերյալ դատարանի այսօրվա որոշմանը հետտևած ցույցերից հետո: Շոթաձեի հայտարարությունը հրապարակվել է գլխավոր դատախազության կայքում:

Իր հայտարարությունում Շոթաձեն ևս մեկ անգամ ցավակցել է սպանված դեռահասների ծնողներին և նշել, որ «արել է ամեն ինչ, որպեսզի հանցագործները պատասխանտվության ենթարկվեն»:

Շոթաձեի հրաժարականի պահանջով բողոքի տարերային ակցիան սկսվեց գլխավոր դատախազության շենքի մոտ Թբիլիսիի կենտրոնում 16-ամյա դեռահասներ Լևան Դադունաշվիլիի և Դավիթ Սարալիձեի սպանությունների մասին գործի վերաբերյալ Թբիլիսիի քաղաքային դատարանի վճռի հրապարակումից անմիջապես հետո: Դատարանը մասամբ արդարացրեց այդ գործով մեղադրյալներին՝ երկու դեռահասներին:

Մեղադրյալներից մեկը մեղավոր ճանաչվեց Դադունաշվիլիի սպանության մասով, սակայն արդարացվեց Սարալիձեի սպանության մասով: Ինչ վերաբերում է սպանության երկրորդ մեղադրյալին, ապա դիտավորյալ սպանություն մեղադրանքը վերավորակավորվել է որպես դիտավորյալ սպանության փորձ:

Այսպիսով, դատավորը համարել է, որ մեղադրյալներից ոչ ոք մեղավոր չէ Սարալիձեի սպանության համար, իսկ իրական մարդասպանը մինչև հիմա չի գտնվել:

Դատարանի որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել: Սպանվածներից մեկի հայրը՝ Զազա Սարալիձեն, կոչ է արել Վրաստանի բնակիչներին աջակցել իրեն և փողոց դուրս գալ՝ պահանջելով գլխավոր դատախազի հրաժարականը:

Ավելի վաղ Սարալիձեն բազմիցս հայտարարել է, որ ոստիկանությունը ձերբակալել է ոչ բոլոր մեղավորներին: Սարալիձեն մի քանի ամիս շարունակ մեղադրում էր դատախազությանն այն բանի համար, որ այն խոչընդոտում է անաչառ հետաքննության անցկացմանն ու պաշտպանում գերատեսչության նախկին աշխատակցի որդուն, որը մասնակից է իր որդու սպանությանը:

«Իմ խոսքերը հաստատեց դատարանը, որն արդարացրեց իմ որդու գործով ձերբակալվածներին: Այս որոշմամբ դատարանը դատախազությանը ցույց տվեց, որ իրական մարդասպաններն ազատության մեջ են», -լրագրողներին հայտարարել է Սարալիձեն դատից հետո:

Բողոքի ցույցին են միացել ընդդիմադիր քաղաքական գործիչներ և հանրության ներկայացուցիչներ: Նրանք դատախազությանը մեղադրել են հետաքննության վարման ոչ կոմպետենտության և իրական հանցագործների անունները կոծկելու համար:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անձամբ է եկել խորհրդարանի շենքի մոտ անցկացվող ցույցին, որը կազմակերպել էր Զազա Սարալիձեն՝ նախորդ տարվա դեկտեմբերին սպանված 16-ամյա դեռահասի հայրը: Սակայն վարչապետին թույլ չտվին խոսել: Մարդիկ սկսեցին սուլել և պլաստիկե շշեր նետել նրա ուղղությամբ: «Հեռացի՛ր», -վանկարկում էր ամբոխը:

Կառավարության ղեկավարը, բարձրախոսը ձեռքին, մի քանի անգամ փորձեց դիմել ցուցարարներին և բացատրել նրանց, թե ինչպիսի քայլեր է մտադիր ձեռնարկել կառավարությունը, որպեսզի անչափահաս Դավիթ Սարալիձեի սպանությունից 6 ամիս անց գտնի և պատժի նրանց, ովքեր սպանել են տղային:

Ամբոխն անընդհատ ընդհատում էր նրան և թույլ չէր տալիս խոսել: «Դուք եկել եք կրկին մեզ խաբելու», -բղավում էին մարդիկ:

Երկար դադարից հետո Կվիրիկաշվիլին սկսեց բացատրել հավաքվածներին, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան օրենքի շրջանակում: Նա խոստացավ, որ սպանության հետաքննությունը նորովի սկսկվի արդեն ոչ թե դատախազությունում, այլ Վրաստանի ՆԳՆ-ում:

Սակայն մարդիկ էլ ավելի բարձր սկսեցին սուլել և վանկարկել՝ «Հեռացի՛ր»: Վարչապետի ուղղությամբ սկսեցին շշեր նետել: Անվտանգության աշխատակիցները նրան դուրս բերեցին խորհրդարանի առջևի հրապարակից:

Օրացույց