Վիրահայոց թեմի առաջնորդի դասախոսությունը Հայ Եկեղեցու պատմության թեմայով

հունիս 06, 2018 - 00:03        Viewed: 429       

ArmenianChurch -Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում «Հայ Եկեղեցու պատմության էջերից» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Միջոցառումը նախաձեռնել էր Վիրահայ գիտահետազոտական կենտրոնը՝ պրոֆեսոր Էմմա Ախտյանի նախագահությամբ: Դահլիճը լեփ-լեցուն էր մարդկանցով, հետաքրքրությունը՝ մեծ:

Թբիլիսահայ համայնքի անդամները եկել էին ունկնդիրը լինելու Հայոց Եկեղեցու պատմության այն էջերի, Եկեղեցական այն հարաբերությունների մեկնաբանություններին, որոնց շուրջ բանախոսելու էր գիտության այդ ոլորտի փայլուն գիտակը:

Բացելով հանդիպումը, Վիրահայ գիտահետազոտական կենտրոնի նախագահը կարևորեց թեմայի ակտուալությունը, քանզի Հայ ժողովրդի և Հայոց պատմության մասին թբիլիսահայության գիտելիքները ինքնուս են, հետաքրքրության մակարդակի:

Վազգեն Սրբազանի դասախոսությունը վերաբերում էր Հայոց Եկեղեցու պատմության կարևորագույն ժամանակաշրջանին՝ մինչև 5-րդ դարի Քաղկեդոնյան ժողովը և հետո ընկած ժամանակաշրջանը, շոշափվեցին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու նմանություններն ու տարբերությունները, դարերի պատմություն ունեցող միջեկեղեցական հարաբերությունները, Հավատքի շուրջ ազգի համախմբման գործում Հայոց Եկեղեցու դերի և նշանակության հարցերը, այլ եկեղեցիների հետ դավանաբանական և ծիսական արարողությունների տարբերությունները:

Թեմակալ առաջնորդի բանախոսությամբ ճշգրտվեց և լրացվեց, վավերագրված տեղեկություններով ամրագրվեց ունկնդիրների իմացածը Հայոց Եկեղեցու պատմության կարևորագույն էջերի, քույր եկեղեցիների և տարբեր դավանանքների հետ նմանությունների ու տարբերությունների մասին:

Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը պատասխանեց ներկաների հարցերին: Առաջարկություն արվեց նման հանդիպում-դասախոսությունները, հատկապես Եկեղեցու պատմության և հոգևոր կյանքի մասին, դարձնել պարբերական, եռամսյակային կտրվածքով:

Օրացույց