Ղարաբաղյան խնդիրն ուժային լուծում չունի, սակայն անհրաժեշտության դեպքում բանակն արժանի հակահարված կտա

հունիս 08, 2018 - 00:01        Viewed: 315       

Հայաստանի Ազգային ժողովն քննարկել և հաստատել է նախարարների կաբինետի ներկայացրած ծրագիրը: Ծրագրի հիմնական դրույթներն է ներկայացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն իր ելույթի սկզբում հայտարարել է, որ ներկայիս կառավարության վրա պատմական առաքելություն է դրված՝ հասնել ետհեղափոխական հաջողությունների: Եվ դա անհրաժեշտ է անել, նախևառաջ, ժողովրդի ազատ և արդար կամարտահայտման հիման վրա:

«Հայաստանի զարգացումն արգելափակած անկյունաքարային հիմնախնդիրը, որը հարուցիչ ու պատճառ է դարձել մեր երկրի բոլոր համակարգային պրոբլեմների, ընտրությունների ընթացքում ժողովրդի կամքի հետևողական և շարունակական ձևախեղումն է։ Մենք հենց սա ենք համարում հանրապետության պատմության չարիքների-չարիքը: Հայաստանի անկախացումից հետո տեղի ունեցած բոլոր խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են, բացառությամբ 1991 թվականի նախագահական և 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների։

Գործնական առումով մեր կարևորագույն խնդիրը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, և այդ ընտրությունների հիմնական նպատակը պետք է լինի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների մեխանիզմն ու հնարավորությունը ժողովրդին վերադարձնելը»:

Փաշինյանը հայտարարել է Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխման և մեկ տարվա ընթացքում անշտապ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին. «Դա հնարավորություն կտա ոչ միայն բարեփոխել Ընտրական օրենսգիրքն, այլ նաև որոշ քաղաքական ուժերի թույլ կտա դուրս գալ ցայտնոտի վիճակից և որոշակի ընտրական նախապատրաստություններ տեսնել»:

Վարչապետը հայտարարել է, որ իր գլխավորած կառավարությունը պատրաստվում է կոշտ պայքար մղել կոռուպցիայի դեմ, և իրենց համար դժվար չի լինի հաջողության հասնել, քանի որ պետության ղեկավարը կոռումպացված չէ: Իսկ դա, վստահ է Փաշինյանը, կարևորագույն նախապայման է կռուպցիան արմատախիլ անելու համար. «Վարչապետի պաշտոնում չեմ մտնելու կոռուպցիոն որևէ գործարքի մեջ, վարչապետի պաշտոնավարումից որևէ «կողմնակի» եկամուտ չեմ ունենալու, որևէ գույք, բիզնես, բաժնետոմս ձեռք չեմ բերելու։ Եվ նման մոտեցում եմ պահանջում նաև կառավարության յուրաքանչյուր անդամից, յուրաքանչյուր պաշտոնյայից»:

Նոր կառավարությունը պատրաստվում է նաև պայքար մղել մենաշնորհների դեմ և ձգտում է հավասար պայմաններ ստեղծել բիզնեսի և ներդրումներ ներգրավելու համար. «Յուրաքանչյուր ներդրող Հայաստան մտնելուն պես պետք է պաշտպանված զգա իրեն։ Եվ ուզում եմ հայտարարել, որ վարչապետի պաշտոնում անձամբ ինձ համարում եմ Հայաստանում իրականացված ցանկացած ներդրման երաշխավորը: Արդեն իսկ հանձնարարել եմ Ազգային անվտանգության ծառայությանը, որ այդ կառույցում ստեղծվի ներդրումների անվտանգությունն ապահովող բաժին»:

Փաշինյանը կոչով դիմել է սփյուռքի հայերին, որպեսզի նրանք գան իրենց պատմական հայրենիք և ներդրումներ անեն: Նա վստահեցրել է, որ արհեստական խոչընդոտների Հայաստանում չեն հանդիպի, քանի որ իր կառավարությունը պատրաստվում է քայլեր ձեռնարկել իշխանությունն ու բբիզնեսը տարանջատելու համար:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հեղափոխությունից հետո շատ միջազգային կազմակերպություններ և երկրներ են պատրաստակամություն հայտնել Հայաստանին աջակցություն ցուցաբերելու, և կառավարությունը պատրաստվում է օգտվել այդ հնարավորությունից:

Տնտեսական քաղաքականության առանցքային խնդիրների թվում Նիկոլ Փաշինյանը նշել է նոր աշխատատեղերի ստեղծումն, աղքատության կրճատումն, աշխատավարձերի և նպաստների բարձրացումը, մարդկանց բարեկեցության մակարդակի հետևողական բարձրացումը:

Կառավարության ծրագրի համաձայն՝ Հայաստանը կմնա Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմում, որոնք գործում են Ռուսաստանի հովանու ներքո: Կառավարության թիվ մեկ խնդիրը համագործակցությունը խորացնելն է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ և Եվրամիության հետ:

«Մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու ամերիկամետ, մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու եվրոպամետ, մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու ռուսամետ։ Հարկ եմ համարում ընդգծել նաև, որ մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու հակաամերիկյան, մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու հակաեվրոպական, մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու հակառուսական։

Մեր արտաքին քաղաքականության առանցքային նպատակը մեր երկրի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությունն է, մեր երկրի ազգային շահերի սպասարկումը», -հայտարարել է վարչապետը:

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններ են հայտարարվել Իրանն ու Վրաստանն, ինչպես նաև Չինաստանը: Փաշինյանը նշել է. «Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Չինաստանի հետ հարաբերություններին և կարծում ենք, որ Չինաստանի ակտիվությունը մեր տարածաշրջանում կարող է նոր խթան հանդիսանալ Հայաստան, Իրան, Վրաստան հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար»:

Մեկնաբանելով ղարաբաղյան հիմնադիրը՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նշել է, որ բանակցային գործընթացը չի կարող արդյունավետ և ամբողջական լինել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության.

«Մեծագույն ցանկության դեպքում անգամ չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ, որովհետև դրա համար չկա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմնավորում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում հայաստանյան ընտրություններին, չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացին, փոխարենն ունի իր իշխանությունը՝ իր Ազգային ժողովը, կառավարությունն ու նախագահը և նրան կարող է ներկայացնել միայն դա անելու օրինական և լեգիտիմ հիմք ունեցող ներկայացուցիչը»:

Նա հայտարարել է նաև, որ ղարաբաղյան խնդիրն ուժային լուծում չունի, սակայն անհրաժեշտության դեպքում բանակն արժանի հակահարված կտա:

Օրացույց