Վազգեն Միրզախանյանը հանդիպեց վրաց Պատրիարքին

հունիս 11, 2018 - 00:22        Viewed: 283       

ՎիրաՀայոց Թեմ՝ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրախանյանը, Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանում հանդիպեց Համայն Վրաց կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդին: 

Հանդիպմանը ներկա էին Պատրիարքի տեղապահ միտրոպոլիտ Շիո Մուջիրին, Գորիի և Աթենի միտրոպոլիտ Անդրեա Գվազավան, հոգևոր և աշխարհիկ պաշտոնյաներ:

Վազգեն Սրբազանին ընկերակցում էին առաջնորդի օգնական բարեշնորհ Գևորգ սարկավագ Անտոնյանը և Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը:

Հանդիպման սկզբում Թեմի առաջնորդը երախտագիտություն հայտնեց Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքին ընդունելության համար և հավաստիացրեց, որ Վիրահայոց թեմը անշեղորեն համագործակցում է Վրաց Եկեղեցու և Պատրիարքարանի հետ և անձամբ իր հարգանքի հավաստիքը բերեց Իլիա Երկրորդին:

Վազգեն Սրրբազանը կարևորեց հայ և վրաց եկեղեցիների հազարամյակների բարեկամությունը, ընդգծեց, որ բոլոր ժամանակներում առաջնորդարանի և Պատրիարքարանի համագործակցությունը կլինի համահունչ և երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցերը կգտնեն ընդհանուր լուծումներ քրիստոնեական սիրո և եղբայրության ոգով:

Վազգեն Սրբազանը Պատրիարքին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջերմ ողջույնները և եղբայրական սերը, Ով իր աղոթքներում մշտապես հիշում է Վրաց Պատրիարքին: Առաջնորդի կողմից Նորին Սրբությանը տեղեկացվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորը տպավորությունները Վրաց Պատրիարքի հետ հանդիպման առիթով: Նշվեց նաև, որ ՀՀ նորընտիր վարչապետը շատ մեծ կարևորություն է տալիս հայ և վրաց ժողովուրդների և Եկեղեցիների բարեկամությանը և համագործակցությանը:

Թեմակալ առաջնորդը Համայն վրաց Պատրիարքին ներկայացրեց վիրահայությանը հուզող Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցը և ցանկություն հայտնեց, որ խնդիրը մեկ անգամ ևս խորությամբ ուսումնասիրվի և քննվի Պատրիարքարանում, որպեսզի դատավարության փոխարեն միասնաբար գտնեն ամենքին բավարարող լուծումներ:

Պատրիարք Իլիա Երկրորդն Իր օրհնությունը բաշխեց Սրբազանի խնդրանքին և հանձնարարեց՝ Պատրիարքարանում կազմակերպել հանդիպում վերոհիշյալ հարցը համակողմանի ուսումնասիրելու և լուծումներ գտնելու համար:

Իլիա Երկրորդը Թեմի Առաջնորդին խնդրեց Իր եղբայրական սերն ու ողջույնները փոխանցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և տեղեկացնել, որ Ինքը բարձր է գնահատում Հայոց Հայրապետի՝ հայ-վրացական եկեղեցական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերը, և Իր ամբողջական աջակցությունն է հայտնում Նորին Սրբության Կաթողիկոսական առաքելության Աստվածընտիր ծառայությանը:

Վրաց Եկեղեցու Հովվապետը կարևորեց Հայաստանի և Վրաստանի հնամենի քրիստոնեական եկեղեցիների և ժողովուրդների բարեկամության անսասանությունը, որը պետք է հենված լինի փոխադարձ սիրո, հարգանքի և համագործակցության վրա:

Համայն վրաց կաթողիկոս-պատրիարքը իր օրհնությունը բաշխեց և ասաց, որ մոտ օրերս Պատրիարքարանում կկայանա երկկողմ հանդիպում նշված խնդրի առնչությամբ և իր աղոթքը և օրհնությունը փոխանցեց թեմակալ առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: 

Օրացույց