Քաղաքացիական բողոքի նոր ձև

հունիս 12, 2018 - 03:41        Viewed: 158       

Թբիլիսիում՝ վարչապետի գրասենյակի մոտ անսովոր ակցիա է անցկացվել: Մարդիկ ռետինե ճտքավոր կոշիկներ (բոտեր) էին բերել և այդ կերպ իրենց վերաբերմունքն արտահայտել այն կապակցությամբ, որ վարչապետի գրառումը Ֆեյսբուքի նրա պաշտոնական էջում հարյուրավոր «լայքեր» է ստացել Վրաստանի հետ ոչ մի կապ չունեցող երկրներից: Վարչապետին մեղադրեցին, որ նրա վարչակազմը պարզապես գնել է այդ «լայքերը»:

Ամեն ինչ սկսվեց հունիսի 5-ին, երբ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ուղերձ հղեց հասարակական կազմակերպություններին՝ արդարադատության նախարարի հրաժարականի վերաբերյալ նրանց պահանջն անընդունելի անվանելով:

Արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի հրաժարականի կողմնակիցներն այդ գրառումը մեկնաբանեցին՝ «հա-հա» խորհրդանիշն օգտագործելով, ինչը ֆլեշմոբի բնույթ սկսեց կրել. շատ արագ ավելի քան 7 հազար ֆեյսբուքյան օգտատեր «քմծիծաղ տվեց»:

Միաժամանակ աճում էր այն անձանց թիվը, որոնք «լայքում» էին վարչապետի գրառումը: Սակայն Ֆեյսբուքի օգտատերերը շուտով բացահայտեցին, որ վարչապետի գրառումը հավանածների թվում շատ են այսպես կոչված «բոտերը»: Վարչապետի գրառումը զանգվածաբար հավանում էին ֆեյսբուքյան օգտատերեր Պակիստանից, Հնդկաստանից, Չինաստանից և արաբական երկրներից:

Վրաստանի վարչապետի քաղաքական ուղղվածության վերաբերյալ հնդիկների «հիացմունքը» Ֆեյսբուքի վրացական սեգմենտին զվարճացրեց: Թեև նաև հարց առաջացավ. վարչապետի աշխատակազմը «լայքեր» է գնում՝ մսխելով բյուջետային միջոցնե՞րը:

Սկանդալին նախագահի վարչակազմն արձագանքեց երկրորդ օրը: Նրա հայտարարության համաձայն՝ «լայքեր» ոչ ոք չի գնել, իսկ վարչապետի էջը Ֆեյսբուքում կիբերհարձակման է ենթարկվել:

Սա Ֆեյսբուքի վրացի օգտատերերի կողմից «հա-հա» խորհրդանիշը որպես բողոքի միջոց օգտագործելու երկրորդ դեպքն է: Առաջին անգամ նրանց «հա-հա»-ն իր կաշվի վրա զգաց Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Դաուր Կովեն:

Մի քան օր առաջ, երբ Սիրիան հայտարարեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը ճանաչելու մասին, Կովեն ֆեյսբուքյան իր էջում շնորհավորեց աբխազ ժողովրդին այդ նշանակալից իրադարձության կապակցությամբ:

Ֆեյսբուքի վրացի օգտատերերը կոչ արեցին միմյանց Դաուր Կովեի գրառմանը «հա-հա» նշանը դնել: Շուտով Դաուր Կովեի ուղերձի տակ հազարավոր «հա-հա»-ներ հայտնվեցին: Դե ֆակտո նախարարը ստիպված եղավ իր հանրային գրառմանը «մասնավորի» կարգավիճակ տալ:

Օրացույց