Հայաստանում ընտրել են «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության հերթական դափնեկրին

հունիս 13, 2018 - 00:01        Viewed: 216       

Մարդասիրական իրավունքի ոլորտում «Ավրորա» խոշորագույն մրցանակը ստացավ փաստաբան Չժո Լա Աունը Մյանմարից: Արդեն երկար տարիներ նա պայքարում է ռոհինջա մուսուլմանների իրավունքների համար, որոնք բնակվում են Մյանմարի տարածքում և հետապնդումների են ենթարկվում:

«Ավրորա» իրավապաշտպան մրցանակը հանձնվում է արդեն երրորդ տարին: Այն անցկացվում է Հայաստանում: Հիմնադիրները հայ գործարարներ և բերեգործներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանն են: Անցյալ տարի մրցանակի դափնեկիր դարձավ Թոմ Քաթինան, որն Աֆրիկայում հազարավոր կյանքեր է փրկել:

Այս տարի մրցանակին հավակնում էր 750 մարդ աշխարհի 115 երկրից: Ինչպես նշվում է ընտրական հանձնաժողովի պաշտոնական որոշման մեջ, Չժո Լա Աունը պարգևատրվել է «Մյանմարում ռոհինջա [ժողովրդի] իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի համար պայքարին հավատարիմ լինելու համար»:

Մրցանակի դափնեկիր Չժո Լա Աունն իր իրավապաշտպան գործունեության ընթաքում 12 տարի բանտում է անցկացրել, սակայն չի հրաժարվել Մյանմարում մուսուլմաններին հալածելու դեմ պայքարից: Մրցանակաբաշխության ժամանակ նա ևս մեկ անգամ պատմել է ռոհինջա ժողովրդի հետ կապված իրավիճակի մասին և կոչ արել համաշխարհային հանրությանն ուշադրություն դարձնել դրան:

«Իմ ժողովրդի վրա խիստ սահմանափակումներ են դրված: Նրանք կորցրել են քաջությունն ու հավատն իրենց հանդեպ, նրանք զրկվել են կրթության հասանելիությունից և, որպես հետևանք, դարձել շատ աղքատ: Սիրտս պայթում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է իմ ժողովուրդը նման խտրականության ենթարկվում: «Ավրորա» մրցանակի աջակցությունը թույլ է տալիս մարդու իրավունքների խախտումներից տուժած մուսուլմաններին ճանաչման հասնել, և դա շատ կարևոր է: Աստիճանաբար ռոհինջա ժողովրդի տառապանքների մասին աշխարհում ավելի ու ավելի շատ մարդ է իմանում»:

Ստացած 1,1մլն դոլարից 100 հազարն իրավապաշտպանը կարող է ծախսել իր նախագծերի վրա: Մնացած գումարն, ըստ մրցանակի կանոնների, պարտավոր է տրամադրել այլ կազմակերպությունների: Չժո Լա Աունը արդեն կողմնորոշվել է այդ կազմակերպությունների հարցում: Խոսքը «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության (Մեծ Բրիտանիա), Բուժօգնության ցուցաբերման մալայզիական կազմակերպության ու Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովի (ԱՄՆ, Շվեյցարիա) մասին է:

Amnesty International-ը ռոհինջա մուսուլմանների հետ կապված իրավիճակը տվյալ պահին գլխավոր հումանիտար աղետ է անվանում: Մյանմարում առկա կոնֆլիկտը ավելի քան մեկ հարյուրամյակ է ձգվում: Ռոհինջա ժողովուրդն իրեն Մյանմարի Ռակհայն նահանգի բնիկ է համարում, սակայն դրա հետ համաձայն չեն պաշտոնական իշխանություններն ու երկրի բուդդայական բնակչությունը: Կառավարությունը հրաժարվում է նրանց քաղաքացիություն տրամադրել և նրանց ապօրինի միգրանտներ է անվանում:

Վերջին սրեցման փուլում, որը 2016թ-ին էր, ինչպես պնդում են փախստականները, Մյանմարի զինվորները բուդդայական կամավորների օգնությամբ սպանել և բռնաբարել են ռոհինջա բնակիչներին: Արդյունքում, Բանգլադեշ է փախչել ավելի քան 700 հազար մարդ: Այդ պահի դրությամբ հարևան երկրում արդեն 300 հազար ռոհինջա էր բնակվում, որոնք այնտեղ էին տեղափոխվել նախորդ բախումների ժամանակ:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը 2018թ-ի փետրվարին Մյանմարից մուսուլմանական բնակչության արտաքսումն էթնիկ զտում է անվանել.

«Քաղաքացիությունից զրկված լինելով՝ նրանք ծայրահեղ դաժան վերաբերմունքի են արժանացել զինված ուժերի և այլ անձանց կողմից: Նրանք արտաքսվել են իրենց տներից և երկրից, ինչն էթնիկ զտման պարզ օրինակ է»:

Օրացույց