Մամուկա Բախտաձեն արմատական փոփոխություններ և թարմացումներ նախատեսում կառավարությունում

հունիս 20, 2018 - 00:12        Viewed: 137       

Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն արմատական փոփոխություններ և թարմացումներ նախատեսում կառավարությունում: Սա՝ 2-3 շաբաթից, իսկ մինչ այդ խորհրդարան է ներկայացվել կառավարության ֆորմալ կազմը, որի անդամների մի մասը թարմացված կառավարության կազմում չի լինի:

Վարչապետի թեկնածուն այդ քայլը բացատրում է նրանով, որ կառուցվածքային բարեփոխումը, որը նա պլանավորում է իրագործել, օրենսդրական փոփոխություններ է պարունակում, ինչի համար տեխնիկապես 2-3 շաբաթ է պահանջվում:

Սպասվելիք փոփոխությունների մասին նա պատմել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում խորհրդարանական մեծամասնության հետ հանդիպումից հետո:

Գլխավոր կառուցվածքային փոփոխությունը, որի մասին հայտարարել է վարչապետը, փոքր կառավարության ձևավորումն է: Բարեփոխումը նախատեսում է 14 նախարարությունների կրճատում մինչև 11:

Բախտաձեի խոսքով՝ փոփոխությունները կվերաբերեն 6 նախարարությունների, սակայն չհստակեցրեց, թե որոնց: Ենթադրաբար, կառավարության նոր կազմում չեն լինի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն և էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին: Ընդ որում, չի հստակեցվում, թե նախարարներից էլ ով կարող է զրկվել պորտֆելից:

Բրիֆինգին Մամուկա Բախտաձեն միայն նշել է, որ նոր կառավարությունում իրոք նոր դեմքեր կլինեն:

Ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն հունիսի 14-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրվել է որպես Վրաստանի վարչապետի թեկնածու այն բանից հետո, երբ հրաժարական է տվել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Որպես հրաժարականի պատճառ Կվիրիկաշվիլին նշել է կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ տարաձայնությունները:

Կվիրիկաշվիլիի հրաժարականին նախորդում էր լարված երկու շաբաթ. Ռուսթավելիի պողոտայում մեկը մյուսի ետևից բազմահազարանոց ակցիաներ անցկացվեցին: Հունիսի սկզբին խորհրդարանի շենքի մոտ ցույցեր էին անցկացվում Խորավա փողոցում երկու դպրոցականների սպանության գործի կողմնակալ հետաքննության դեմ: Այդ ակցիաների գլխավոր պահանջներից մեկը վարչապետի հրաժարականն էր:

Այն բանից հետո, երբ վարչապետ Կվիրիկաշվիլին լքեց պաշտոնն, ըստ օրենսդրության, կառավարության բոլոր անդամների պաշտոններին ավելացավ «պաշտոնակատար» բառը: Նոր վարչապետի թեկնածությունը, նոր կառավարության կազմն ու դրա հանդեպ վստահության հարցը խորհրդարանը կդիտարկի ընթացիկ շաբաթվա վերջին:

Օրացույց