Սինոդը լսել է ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիայի մասին տեղեկատվությունը, այդ հարցը հետազոտվում է

հունիս 26, 2018 - 00:13        Viewed: 290       

Վրաց եկեղեցու գլխավոր մարմին Սուրբ սինոդը քննարկել է «Ուկրաինայում ստեղծված բարդ եկեղեցական վիճակի» հարցը: Նիստի արձանագրությունում ասվում է, որ Վրաստանի պատրիարքարանը 3 նամակ է ստացել Ուկրաինայում գործերի դրության վերաբերյալ: Առաջինը Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունից է, երկրորդը՝ Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքությունից, երրորդը՝ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Մոսկվայի թեմից:

Այսօր ուկրաինական եկեղեցին գտնվում է ռուսական եկեղեցու ենթադատության տակ, և դրա ավտոկեֆալիան, այնսինքն՝ անկախությունը, չի ճանաչվել ոչ մի ուղղափառ եկեղեցու կողմից:

Ուկրաինայի ազգային և հոգոր իշխանությունները վերջերս դիմել են Տիեզերական պատրիարքությանը՝ խնդրելով ուկրաինական եկեղեցուն ավտոկեֆալիա տրամադրել: Այդ հարցն արդեն սկսել է քննարկել Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունը:

Վրացական սինոդի ժողովի արձանագրությունում ասվում է, որ հունիսի 21-ին ստացված բոլոր երեք նամակները քննարկվել են: Սակայն եկեղեցական իշխանությունները որևէ գնահատական չեն տալիս:

«Սինոդը լսել է ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիայի մասին տեղեկատվությունը, այդ հարցը հետազոտվում է, և ապագայում եզրակացություն կարվի», -հայտարարել է քահանայապետ Զոսիմեն լրագրողներին սինոդի ժողովի ավարտից հետո:

Ավելի մանրամասն մեկնաբանություն լրագրողներին տվեց սինոդի անդամ, միտրոպոլիտ Չկոնդիդցին, քահանայապետ Պետրե Ցաավան: Նրա խոսքով՝ ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիայի մասին հարցի քննարկումները լրջորեն կմեկնարկեն այն բանից հետո, երբ իր դիրքորոշումը հայտնի Տիեզերական պատրիարքությունը:

«Կարծում եմ, Վրաց ուղղափառ եկեղեցին խոհեմ դիրքորոշում է ընդունել, -հայտարարել է քահանայապետ Պետրեն՝ միաժամանակ իր անձնական կարծիքը հայտնելով, -ես անձամբ կարծում եմ, որ Ուկրաինան՝ 40 մլն բնակչություն ունեցող երկիրը, պետք է անկախ եկեղեցի ունենա և չպետք է իր աղոթքներում հիշատակի Ուկրաինայի հանդեպ ագրեսոր համարվող պետության հայրապետին: Նա նաև չպետք է ենթակա լինի եկեղեցական առումով, սակայն ընթացակարգային առումով այս հարցի լուծումը ժամանակային առումով կձգվի», -հայտարարել է քահանայապետ Պետրեն:

Ուկրաինական կողմը հույս ունի, որ վրաց պատրիարքությունն իրեն կաջակցի ավտոկեֆալիայի հարցում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պառուբին: Մյուս կողմը նույնպես ակտիվություն է ցուցաբերում: Ապրիլին Վրաստանում էր Ռուսաստանի պատրիարքարանի միջազգային հարցերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոնը: Ինչպես հայտարարել է Վրաստանի պատրիարքության քարտուղար սարկավագ Միքայել Բոտկովելին, միտրոպոլիտ Իլարիոնն ու համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդը քննարկել են Ուկրաինայի ավտոկեֆալիայի հարցը:

Ապրիլի 22-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կոստանդնուպոլսի պատրիարքությունը պարտադիր ընթացակարգեր է սկսել Ուկրաինայում միասնական ավտոկեֆալիա ունեցող եկեղեցու ստեղծման ուղղությամբ: Կոստանդնուպոլսի պատրիարքության սինոդը հայտարարել է, որ ակտիվորեն համագործակցելու է ուղղափառ եկեղեցիների հետ ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիայի հարցում իրազեկման և համակարգման ուղղությամբ: Այսօր Ուկրաինայում գործում է կանոնական ուկրաինական եկեղեցին, որը ենթարկվում է Մոսվայի պատրիարքարանին, ինչպես նաև երկու չճանաչված եկեղեցիներ՝ Կիևի պատրիարքության եկեղեցին և Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին:

Օրացույց