Գիտության և կրթության նախարարությունը միավորվել է Մշակույթի և սպորտի նախարարության հետ

հունիս 27, 2018 - 00:03        Viewed: 204       

Վրաստանի նոր վարչապետ Մամուկա Բախտաձեն անցկացրել է կառավարության առաջին նիստը, որի ժամանակ ներկայացրել է դրա կառուցվածքը: Փոփոխությունների համաձայն՝ Վրաստանում 14 նախարարությունների փոխարեն կգործի 10 նախարարություն և պետական նախարարի աշխատակազմ. Մշակույթի և սպորտի նախարարությունը միավորվել է գիտության և կրթության նախարարության հետ: Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարույթունը մտել է արդարադատության նախարաթյան մեջ: Լուծարվել է օկուպացված տարածքներից փախստականների և բռնի տեղահանվածների նախարարությունը: Դրա գործառույթները վերաբաշխվել են այլ գերատեսչությունների միջև. վերաբնակեցման և բնակելի պայմանների ապահովման հարցերով զբաղվելու է տարածքային զարգացման և ենթակառուցվածքի նախարարությունը, միգրացիոն բաղադրիչն անցնում է ներքին գործերի նախարարությանը, իսկ սոցիալական հարցերը լուծելու է առողջապահության նախարարությունը:

Այդ նախարարության ենթակայության տակ գտնվող կրոնի հարցերով գործակալությունը վերաենթարկեցվել է հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմին:

Նոր վարչապետ Մամուկա Բախտաձեն որպես իր աշխատանքի առաջնահերթություններից մեկը նշել է փոքր ու արդյունավետ կառավարության ստեղծումը: Ընդ որում, նա չի հստակեցրել, թե ովքեր են գլխավորելու նորացված նախարարությունները: Ըստ նրա՝ բարեփոխված կառավարությունում, որը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը, շատ նոր դեմքեր կլինեն:

Բրիֆինգի ժամանակ տրված առաջին հարցն արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի մասին էր: Նրա հրաժարականն են արդեն մի քանի շաբաթ պահանջում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու ընդդիմությունը: Նրա դեմ է հանդես եկել նաև մի շարք հասարակական կազմակերպություն: Նրանք բոլորը կարծում են, որ Ցուլուկիանիի պաշտոնավարման ժամանակ Վրաստանի դատական համակարգում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, և դրանք առավել տեսանելի կերպով արտացոլվել են Խորավա փողոցում դպրոցականների սպանության գործում:

Որպեսզի վարչապետի ներկայացրած կառուցվածքային փոփոխություններն ուժի մեջ մտնեն, խորհրդարանը մի քանի օրենսդրական փոփոխություն պետք է մտցնի: Կառուցվածքային բարեփոխումների իրականացման համար կառավարությունն այսօր իսկ մտադիր է դիմել խորհրդարանին: Համապատասխան օրենսդրական փոփոխությունների վրա պատգամավորները կսկսեն աշխատել այս շաբաթ:

Կառավարությունը, որը հունիսի 20-ին ներկայացրել է նոր վարչապետ Մամուկա Բախտաձեն և որը ձայների մեծամասնությամբ հաստատել է խորհրդարանը, ժամանակավոր է: Մոտ երկու շաբաթից Բախտաձեն կներկայացնի կաբինետի նոր կազմը, որում 14 նախարարի փոխարեն կլինի միայն 11-ը: Թե ովքեր կստանան նախարարական պորտֆելներ, ում նկատի ունի Մամուկա Բախտաձեն, երբ ասում է «նոր դեմքեր», դեռևս հայտնի չէ: Վրաստանի խորհրդարանը Մամուկա Բախտաձեին հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում և վստահություն հայտնել հունիսի 20-ին ներկայացրած նրա կառավարությանը:

Օրացույց