Եկեք Ռուսաստանի վրա ուշադրություն չդարձնենք, երբ խոսքը գնում է մեր շահերի մասին

հունիս 28, 2018 - 00:04        Viewed: 159       

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին որոշել է փաստաթուղթ հրապարակել, որն արտացոլում է հակամարտությունների կարգավորման իր տեսակետն ու մոտեցումը: Փաստաթուղթը մշակվել է 2014թ-ին, սակայն Վրաստանի կառավարությունը դրան այդպես էլ «կանաչ լույս» չտվեց: Պաատա Զաքարեիշվիլին նոր նախաձեռնություններում վրացական կառավարության ներդրած գաղափարները ճիշտ է համարում, սակայն այն ձևին, որով դրանք ներկայացվել են, բավականին քննադատորեն է մոտենում: Հարցազրույցում Զաքարեիշվիլին անդրադառնում է այն հարցերին, որոնք տարբերում են իր սեփական մոտեցումներն իշխանության ներկայիս քաղաքականությունից:

«Կառավարությունում իմ աշխատելու ժամանակահատվածում այս փաստաթուղթն այդպես էլ «կառավարական փաստաթղթի» կարգավիճակ չստացավ: Իմ կարծիքով՝ եթե Վրաստանին իրոք հաջողվի կարգավորել հակամարտությունները, դա տեղի կունենա մոտավորապես այն ուղղությամբ, որը նախանշված է այս փաստաթղթում:

Ես գիտեի, որ իմ նախկին գերատեսչությունում առաջարկներ են մշակվում («Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» պետական ծրագիր): Գիտեի, թե ինչի մասին է խոսքը, և չէի ուզում իրադարձություններից առաջ ընկնել:

Այդ առաջարկները գործնականում գոյություն ունեցող մշակումների կրկնություն են՝ որոշակի առումով ձևափոխված և գովազդված: Նախաձեռնությունը երկու գլխավոր բաղադրիչ ունի՝ կրթություն և առևտուր. երկուսի համար էլ գրանցում է անհրաժեշտ:

Դա ճիշտ գաղափար է, զարգացնելու ուղիները ճիշտ են նախանշած: Սակայն այդ ամենն արդեն գովազդված է, ինչն ինձ համար միշտ անընդունելի է եղել:

Մենք նախապես հայտարարեցինք, թե ինչ ենք առաջարկում իրենց, փոխարենը պարզապես պետք էր գործ անել: Եվ հասարակությունները (աբխազական և օսական) փակվեցին: Գործի գովազդված լինելը փչացրեց ամեն ինչ:

«Ազգային շարժումը» լավ գաղափարներ շատ ուներ, սակայն մշտական փիարն աբխազական և օսական հասարակություններում այդ գաղափարներն անընդունելի էր դարձնում և թույլ չէր տալիս նրանց օգտվել դրանցից: Այսինքն՝ մենք չպետք է նման բան անենք, որ Աբխազիայի դե ֆակտո իշխանությունն իր ժողովրդին կոչ անեն չմասնակցել այս կամ այն նախագծին:

Այդ փիարը մեկ փաթեթում հավաքեց գրանցումը, միջազգային կրթությունն ու առևտուրը: Մի կրակոցով մենք կամ սպանեցինք բոլոր երեք գաղափարները, կամ, ընդհակառակը, զարգացրինք դրանք: Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը:

Կարծում եմ, որ այդ առաջարկը ներկայացնելուց առաջ պետք էր աշխատել քաղաքական թեմաների վրա: Խաղաղության քաղաքականության մասին վարչապետ Կվիրիկաշվիլիի դատողություններն իրականում դարձան Սահակաշվիլիի խաղաղության քաղաքականության շարունակությունը, ոչինչ չէր փոխվել: Իսկ ես ուզում էի փոփոխություններ մտցնել և այլ բան անել:

Ուժի չկիրառման համաձայնագիրն այն գաղափարներից մեկն է, որն ամենաշատն է անհանգստացնում աբխազական և օսական կողմերին: Նրանք հստակ և պարզ ասում են, որ մինչև վրացական կողմը նման փաստաթուղթ չստորագրի, նրանք ընդառաջ ոչ մի քայլ չեն անելու: Բնականաբար, նրանց այդ պայմանը զգալիորեն ամրապնդվում է Ռուսաստանի նույնատիպ պահանջով: Իսկ մենք չենք արձագանքում, լռում ենք կամ կտրականապես մերժում:

Վրաստանը դրանից ոչինչ չի շահի: Ժամանակ է անցնում, աբխազներն ու օսերն, այդ սկզբունքից ելնելով, կոնտակտի չեն գնում: Իսկ Ռուսաստանն այդ ընթացքում ավելի ու ավելի շատ է ուժեղացնում իր ազդեցությունն ու շարունակում խորացնել բռնակցումը: Մենք մեր լռությամբ ոչ միայն տարածքներ ենք կորցնում, ինչը մեր ցավն ու մտահոգությունն է առաջացնում, այլ մարդկանց, որոնք ապրում են այդ տարածքներում: Այդ պատճառով էլ ես կոչ եմ անում. եկեք մտածենք, եկեք դիտարկենք մինչ այս մեզ համար անընդունելի, ոչ պոպուլյար գաղափարները: Չեմ խոսում դրանք ընդունելու կամ ինչ-որ բան ստորագրելու մասին, բայց գոնե դիտարկենք, իսկ հետո արդեն կարող ենք կամ հրաժարվել, կամ ընդունել դրանք:

Եկեք Ռուսաստանի վրա ուշադրություն չդարձնենք, երբ խոսքը գնում է մեր շահերի մասին: Եկեք հայտարարենք, որ մեզ չի հետաքրքրում այն, ինչ ասում է Ռուսաստանը, եկեք մենք՝ վրացիներս, կլոր սեղանի շուրջ հավաքվենք: Եթե հնարավորություն լինի, հրավիրենք աբխազներին և օսերին, կամ գոնե նրանց իրազեկենք, թե ինչ ենք քննարկում և ինչպես ենք քննարկում, ինչն է մեզ ձեռնտու և ինչն է անընդունելի: Ես կարծում եմ, որ ուժի չկիրառման մասին այդ համաձայնագիրը ոչինչ չի տալիս: Սակայն եկեք քննարկենք, թե որն է դրա պլյուսն ու մինուսը և ինչը կարող է պլյուս կամ մինուս դառնալ, եթե ստորագրենք այդ համաձայնագիրը:

Մենք կարող ենք հակըննդեմ առաջարկ անել. համաձայնագրում ներառել այնտեղի բնակչության, գոնե Գալիի շրջանի բնակիչների պաշտպանվածության, այդ բնակչության՝ կրթություն ստանալու իրավունքի մասին կետ: Այսինքն՝ փաստաթուղթը պետք է այնպես կազմած լինի, որ, եթե դրա համաձայն վրացական կողմը որոշակի պատասխանատվություն է վերցնում, ապա հակառակ կողմը պետք է պատսախանատվության իր մասը ստանձնի:

Օկուպացված տարածքների մասին օրենքում, ցավոք, փոփոխված չէ այն, ինչ ես կցանկանայի փոփոխել: Փոփոխությունները պետք է անել հիմա կառավարական նախաձեռնության շրջանակում: Եթե մենք ուզում ենք նպաստել առևտրի զարգացմանն, ապա օրենքն անպայման պետք է փոխել:

Փոփոխությունների վերաբերյալ իմ գաղափարն այլ էր և վերաբերում էր մարդու իրավունքների պաշտպանությանը: Որպես կանոն, Աբխազիայի տարածքով Վրաստան են մտնում ոչ թե ռուսները (Ռուսաստանի քաղաքացիները), այլ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները: Ես միշտ ասել եմ, որ այդ գործողությունները չպետք է քրեորեն պատժելի լինեն, այդ մարդիկ հատուկ չեն խախտում սահմանը: Պսոուում նրանց չի դիմավորել վրացի սահմանապահը, և դա նրանց մեղքը չէ: Իսկ եթե նրանցից մեկը կրկին Վրաստան մտնի Աբխազիայի տարածքով, դա արդեն կարելի է գիտակցված խախտում համարել:

Իմ կարծիքով՝ մենք պետք է նստենք և ազնիվ քննարկում սկսենք որոշակի հարցերի շուրջ, օրինակ, թե ինչ են մեզ տալիս ամեն տարի ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի քննարկմանը դրվող բանաձևերը: Մենք ամեն տարի ամբողջ աշխարհին ասում ենք, թե որքան սարսափելի է Ռուսաստանը: Դա իրոք այդպես է, և բոլորն են դա տեսնում: Սակայն մենք դրանով շահո՞ւմ ենք, թե՞ պարտվում: Մենք այդ պրակտիկան սկսել ենք 2008թ-ին, և 10 տարի շարունակ բանաձև ենք ներկայացնում:

Եվ բռնի տեղահանված քանի՞ անձ է այդ ընթացքում իր տուն վերադարձել՝ բանաձևի համաձայն: Ոչ ոք չի վերադարձել: Մենք ՄԱԿ-ում լրացուցիչ ձայներ ենք ստանում, և հաջողությունը միայն դա է: Իսկ Ժնևի բանակցություններին փախստականների հարցերի շուրջ քննարկումների ժամանակ մենք մեզ զավեշտալի իրավիճակի մեջ ենք գցում:

Վրացի դիվանագետը թղթապանակից ինչ-որ փաստաթուղթ է հանում, սկսում բռնի տեղահանված անձանց մասին խոսակցություն, իսկ օսերն ու աբխազները պարզապես վեր են կենում և լքում բանակցությունների դահլիճը: Երբեմն ռուսներն էլ են լքում: Մնում են միայն ՄԱԿ և Եվրամիության ներկայացուցիչները: Ուզում ես՝ Ժնևում կարդա այդ փաստաթղւթն, ուզում ես՝ Զեստաֆոնիի մերձակայքում ինչ-որ տեղ: Ինչո՞ւ են նրանք հեռանում բանակցությունների սեղանից: Նրանք բացատրում են. եթե դուք ՄԱԿ եք մտցնում այդ բանաձևերը, ՄԱԿ-ի հետ էլ զրուցեք, մենք ի՞նչ կապ ունենք: Մենք ձեզ համար հակամարտության կողմ չենք: Դուք, ի՞նչ է, կարծում եք, որ փախստականները կվերադառնան առանց մեր համաձայնությա՞ն: Լավ, այդպես էլ մտածեք:

Իսկ իմ առաջարկը հետևյալն էր. Կիպրոսի օրինակով մեկ տարի դադար վերցնել և ՄԱԿ-ում բանաձևեր չներկայացնել: Եվ այդ մասին հայտարարել Ժնևում: Տարեկան Ժնևում 4 քննարկում է անցկացվում: Եթե մենք ոչ մի արդյունք չստանանք, հաջորդ տարի կրկին կսկսենք բանաձևեր ներկայացնել: Եկեք քննարկենք սա:

Ցավում եմ, որ այս հարցերն անգամ չեն քննարկվում: Հիմա ես տեսնում եմ, որ իշխանություններն ինչ-որ քայլեր ձեռնարկել են, և ինձ արդեն չեն մեղադրի, որ ես ինչ-որ մեկին խանգարում եմ, առաջ եմ ընկնում և ինչ-որ մեկին ինչ-որ բան եմ թելադրում: Ես ուզում եմ հրապարակել այս փաստաթուղթը, ներկայացնել այն հասարակությանը: Վստահ եմ, որ վաղ թե ուշ Վրաստանի իշխանությունները ստիպված կլինեն հաշվի առնել դրանում շարադրված գաղափարները: Թեև համոզված եմ, որ 90 տոկոսի համար այս փաստաթուղթն այսօր էլ անընդունելի կլինի»:

Դիմիտրի Ավալիանի

Օրացույց