Պետությունը փող չունի, որ օդորակիչներ տեղադրի քննական կենտրոններում

հուլիս 02, 2018 - 02:21        Viewed: 143       

Եւ այս տարի քննական կենտրոնները, որտեղ վրացի դիմորդները պետք է միասնական ազգային քննություններ հանձնեն, օդորակիչներով զինված չեն լինի: «Օդորակման համակարգերը պահանջում են մեծ ֆինանսական ծախսեր», -այսպես է կրթության նախարարի որոշումը բացատրել Քննությունների և գնահատականների ազգային կենտրոնի տնօրեն Մայա Միմինոշվիլին:

Միմինոշվիլիի խոսքով՝ միայն Ռուսթավիի քննական կենտրոնում օդորակիչ կաշխատի: Միմինոշվիլին այն «պիլոտային նախագիծ» անվանեց:

«Ռուսթավիի քննական կենտրոնում շատ բարդ իրավիճակ է. այնտեղ շոգ է, շենքն էլ մշտապես արևի տակ է գտնվում, այդ պատճառով էլ որոշվել է այնտեղ նման պիլոտային նախագիծ իրականացնել», -ասում է նա:

Ընդ որում Միմինոշվիլին ընդգծել է, որ անձամբ կարծում է, որ քննությունները պետք է անցկացնել նորմալ պայմաններում, սակայն միաժամանակ «հիշում է» օդորակիչների շահագործման հետ կապված խնդիրների մասին:

«Շատերը չեն կարողանում տանել օդորակիչների աշխատանքը: Բացի այդ, դրանք աղմկոտ են: Դժվար է բոլորին հարմարեցնել ու բոլոր մարդկանց ցանկությունները բավարարել: Տվյալ պահին որոշվել է, որ օդորակիչ կլինի Ռուսթավիի քննական կենտրոնում», -հայտարարել է Միմինոշվիլին:

Օդորակիչների խնդիրը Վրաստանում առաջանում է յուրաքանչյուր տարի քննությունների շրջանում: Բոլոր վերջին տարիներին և դիմորդները, և նրանց համար անհանգստացող ծնողները բողոքում են օդի պակասից և անտանելի շոգից և խոսում օդորակիչների անհրաժեշտության մասին: Եվ դա անհիմն չէ. որոշ դիմորդների ինքնազգացողությունը վատացել է շոգի պատճառով:

Միասնական ազգային քննությունները Վրաստանում կսկսվեն հուլիսի 2-ին և կավարտվեն հուլիսի 26-ին: Հուլիսը սովորաբար ամենաշոգ ամիսն է երկրում: Իսկ այս տարին, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, խոստանում է առավել արևոտ լինել: Այսօր ջերմաստիճանը հասնում է արդեն 40-41 աստիճան ջերմության:

Օրացույց