Ջավախքում վերաօծվեց հերթական հայոց եկեղեցին

հուլիս 12, 2018 - 00:03        Viewed: 314       

ՎիրաՀայոց Թեմ՝ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց 1865 թվականին կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցին: Եկեղեցու առաջին վերանորոգությունը կատարվել է դեռևս անցյալ դարի 90-ական թվականների վերջերին, տեղացի Ստեփան Ուզունյանի բարերարությամբ: Տարիներ անց գյուղի բնակչությունը բավարար չնկատելով եղած վերանորոգությունը, միավորվեց և բարերարներ Ստեփան Ուզունյանի, Ղազար Միրանյանի և համայնքի ուժերով ամբողջությամբ վերանորոգեց տաճարը, բարեկարգեց եկեղեցու շրջապատը, պատրաստեց հայկական զարդանախշերով հարուստ Սուրբ սեղան և առավել փառավոր տեսք տվեց Սուրբ Երրորդություն եկեղեցուն:

Թեմակալ առաջնորդին և հոգևոր սպասավորներին գյուղի բնակչությունը դիմավորեց գյուղի կենտրոնում՝ դհոլ-զուռնայով և ավանդական աղ ու հացով:

Ամենուր տիրում էր տոնական տրամադրություն, գյուղացիները հավաքվել էին եկեղեցու բակում, որտեղ գյուղի հարգարժան այրերից Սարգիս Ուզունյանը ներկաներին ողջունեց և ներկայացրեց Կուլիկամ գյուղի պատմությունը:

Այնուհետև նախագահությամբ Թեմակալ առաջնորդի, մասնակցությամբ Ախալքալաքի Սուրբ խաչ և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, ընկերակցությամբ Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի կատարվեց եկեղեցու վերաօծման արարողությունը: Դռնբացեքի արարողությունից հետո Սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Երրորդություն եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը և 16 սյուները:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի տեղական ինքնակառավարման ներկայացուցիչները, հյուրեր տարբեր շրջաններից ու գյուղերից, ինչպես նաև Հայաստանից:

Նորաբաց և վերաօծված եկեղեցում անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցեց արժ. Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ և հավատացյալները ստացան հաղորդություն:

Հավարտ Սուրբ Պատարագի, Թեմակալ առաջնորդը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական օրհնությունը և ջերմ բարեմաղթանքները, շնորհավորեց Սուրբ Երրորդություն եկեղեցու վերաօծման առիթով և մաղթեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ճառագող լույսը միշտ լուսավոր և հավատավոր պահի այս խնդրակատար Աստծու Տունը Կուլիկամ գյուղում:

Սրբազանը իր գնահատանքը բերեց և օրհնությունը հղեց եկեղեցու վերակառուցման աշխատանքների բոլոր մասնակիցներին՝ շինարարներին, վարպետներին, բարերարներին և մյուս հայորդիներին: Սուրբ Պատարագն ավարտվեց Վիրահայոց թեմի առաջնորդի Պահպանիչ աղոթքով:

Հավարտ Սբ. Պատարագի ներկաները տեղափոխվեցին գյուղի հրապարակ, որտեղ կատարվեց ՀՀ Ստեփանավանի բնակիչ կուլիկամցիների ընտանիքում ծնված և 1992 թվականին Արցախում զոհված Արթուր Ղարիբյանի հուշաքարի բացումը, կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որին ներկա էին զոհված երիտասարդի ազատամարտիկ ընկերները:

Այնուհետև ծայր առավ մշակութային միջոցառումը, որի համերգային ծրագրում հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, ժողովրդական և ազգագրական երգ ու պար տեղի և Հայաստանից ժամանած շնորհալի կատարողների, ինչպես նաև Հայաստանից ժամանած ազատամարտիկների մասնակցությամբ:

Տոնական օրվա ավարտին նորաբաց հանդիսությունների սրահում կատարվեց մատաղի օրհնություն և հյուրասիրություն:

Կուլիկամը Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Բնակիչների նախնիները եկել են 1830 թվականին Էրզրումի վիլայեթի Անկարիչ գյուղից: Գյուղն ունեցել է իր եկեղեցին, որին կից գործել է ծխական ուսումնարան:

Օրացույց