Վրաստանը շուտով հերթական նոր կառավարություն կունենա

հուլիս 13, 2018 - 00:13        Viewed: 188       

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ներկայացրել է երկրի կառավարության նորացված կազմը: Դրանում միայն 3 նոր նախարար կա: Փոփոխությունները վերաբերել են միայն տնտեսական մասին: Ֆինանսների նոր նախարար կլինի Իվանե Մաչավարիանին, որը մինչ այս զբաղեցնում էր Geocell բջջային կապի ընկերության ֆինանսական և կոմերցիոն տնօրեի պաշտոնը: Իսկ Գիորգի Կոբուլիան, որը մինչ այդ աշխատում էր McKinsey & Company ամերիկյան խորհրդատվական ընկերության մոսկովյան գրասենյակում, կդառնա էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար:

Վերջին 8 ամսում արդեն երրորդ անգամ է փոխվում կրթության նախարարը: Այդ գերատեսչության նոր ղեկավար կդառնա Բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանի (BTU) ռեկտոր Միխայիլ Բատիաշվիլին:

Ավելի վաղ, Վրաստանի նոր վարչապետ Մամուկա Բախտաձեն ներկայացրել էր կառավարության «փոքր ու արդյունավետ» կառուցվածքը՝ լուծարելով մի քանի նախարարություն: Այսօր Վրաստանում 11 նախարարություն կա 14-ի փոխարեն:

Նոր կառավարության գլխավոր ինտրիգն արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի ֆիգուրն էր: Նրա հրաժարականն են արդեն մի քանի շաբաթ պահանջում քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչները: Նրա դեմ են հանդես գալիս նաև մի շարք հասարակական կազմակերպություններ: Նրանք բոլորը կարծում են, որ Ցուլուկիանիի պաշտոնավարման ընթացքում Վրաստանի դատական համակարգում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, և դրանք առավել ցայտուն կերպով արտահայտվել են Խորավա փողոցում դպրոցականների սպանության գործի քննության ժամանակ: Սակայն վարչապետը Ցուլուկիանիին իր պաշտոնում է թողել:

Կառավարության նորացված կազմին պետք է վստահություն հայտնի Վրաստանի խորհրդարանը: Քվեարկությունը նախատեսվում է մինչև շաբաթվա վերջ:

Օրացույց