Ի՞նչ են քննարկել և ինչ եզրակցությունների են հանգել ՆԱՏՕ-ի անդամ երկրները Բրյուսելում

հուլիս 16, 2018 - 03:08        Viewed: 238       

«ԱՄՆ-ն անհրաժեշտություն չունի այժմ քննարկելու ՆԱՏՕ-ն լքելու հավանականությունը», -ասել է ԱՄՆ նախագահը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսին՝ ամփոփելով այնտեղ հուլիսի 11-12-ը կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները: Այս արտահայտությունը որոշակիորեն հանրագումարի է բերել գագաթնաժողովի բավականին լարված և տեղ-տեղ նույնիսկ սկանդալային համատեքստը: Այնտեղի նյուսմեյքերն, ինչպես սպասվում էր, Դոնալդ Թրամփն էր, նախևառաջ, որովհետև երկու օրում հասցրեց Գերմանիան «Ռուսաստանի պատանդ» անվանել և ՆԱՏՕ-ի անդամներից պահանջել դաշինքում ավելի շատ միջոցներ ներդնել:

Գերմանիան Թրամփի քննադատությանն էր արժանացել այն կապակցությամբ, որ գերմանական իշխանությունները թույլտվություն են տրամադրել ռուսական գազի մատակարարման նպատակով «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության և շահագործման համար: Կանցլեր Անգելա Մերկելն ի պատասխան հիշեցրել է խորհրդային ժամանակների փորձը և ասել. «Թրամփը հազիվ թե լավ հասկանա, թե ինչ է նշանակում լինել Ռուսաստանի պատանդ»:

Այնուհետև նրանք գագաթնաժողովի կուլիսներում քննարկում ունեցան: Սակայն Թրամփի կարծիքն, ըստ ամենայնի, չփոխվեց. գիշերը նա իր Թվիթերում գրել էր, որ ոչ ոք չպետք է Ռուսաստանից գազ գնի, քանի որ դա նշանակում է ֆինանսավորել այդ երկիրը: Եվ բառացիորեն միանգամից ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներով էր սպառնացել նրանց, ովքեր ներդրումներ են անում «Հյուսիսային հոսք 2»-ում:

Գագաթնաժողովը բառացիորեն սկսվեց նրանով, որ ԱՄՆ նախագահը դաշնակիցներին մեղադրեց կազմակերպության ընդհանուր բյուջեում ոչ բավականաչափ ներդրում անելու համար: Նա այս մասին առաջին անգամ չի խոսում և մեղադրում է (ինչպես նշում են փորձագետները՝ կեղծ) Եվրոպային պարտքերի և պայմանավորվածությունների խախտման համար:

Հիմա ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի սպառազինության վրա ծախսում է սեփական ՀՆԱ չորս տոկոսից մի քիչ պակաս գումար այն դեպքում, երբ դաշինքի մնացած մասնակիցները պաշտպանության վրա միջինում ծախսում են իրենց ՀՆԱ մոտ 1.5 տոկոսը: Փորձագետները կարծում են, որ դա կապված է 2013թ-ին ֆինանսական ճգնաժամից հետո եվրոպական երկրների բյուջեի կրճատման հետ:

Ավելի վաղ ստորագրած համաձայնագրի համաձայն՝ 2024թ-ին ՆԱՏՕ-ի բոլոր անդամների պաշտպանության ծախսերը պետք է կազմեն երկրի ՀՆԱ ոչ պակաս, քան երկու տոկոսը: Սակայն Թրամփն առաջարկել է այդ գումարը հասցնել ՀՆԱ մինչև 4 տոկոսին: Արդյոք որևէ որոշում կա այդ կապակցությամբ, դժվար է ասել: Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ Եվրամիության երկրները պատրաստ են ավելացնել ֆինանսավորումը, որ ավելի շատ է վճարելու, քան համաձայնեցվել է 4 տարի առաջ կայացած հանդիպմանը:

Գագաթնաժողովին շատ ժամանակ է տրամադրվել Ռուսաստանին: Գագաթնաժողովի արդյունքների ընդհանուր արձանագրությունը, մասնավորապես, քննադատել է Ռուսաստանին հետևյալ գործողությունների համար. Ղրիմի բռնակցում, Մոսկվայի՝ Ուկրաինայի արևելքի ապակայունացմանն ուղղված գործողություններ, քիմիական զենքի կիրառում Մեծ Բրիտանիայի տարածքում, դիտավորյալ ապատեղեկատվություն և կիբերհարձակումներ, այլ երկրների ներքին քաղաքականությանը միջամտելու փորձեր:

Ամփոփիչ արձանագրությունում խոսվում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին: ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին «զորքերը դուրս բերել Աբխազիայի և Ցխինվալիի/Հարավային Օսիայի տարածքից, …դադարեցնել սահմանային ցանկապատեր կառուցել այն հատվածներում, որտեղ դրանք սահմանակից են վրացական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներին, …և դադարեցնել այդ շրջանների ռազմականացումը»:

Գագաթնաժողովի արձանագրությունում ասված է նաև «30-30-30-30» ծրագրի ընդունման մասին: Ծրագիրը նշանակում է, որ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրներից յուրաքանչյուրի հանդեպ ագրեսիայի դեպքում 30 օրում կմոբիլիզացվի 30 ցամաքային գումարտակ, 30 ավիացիոն էսկադրիլիա և 30 ռազմանավ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, (ինչպես և Թրամփը՝ Թվիթերում) ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին ասել է, որ դա «անօգուտ ռազմական դաշինք է, որն ատամներն է կրճտացնում Բրյուսելում» և առաջարկել է փոխարենը ֆուտբոլ դիտել:

ԱՄՆ նախագահը Բրյուսելից ուղևորվել է Լոնդոն: Իսկ հուլիսի 16-ին Դոնալդ Թրամփը Հելսինկիում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվելիք հարցերում ներառված էր նաև Ուկրաինայի արևելքում իրավիճակն ու պատերազմը Սիրիայում:

Բի-Բի-Սիի կողմից հարցված փորձագետները կարծում են, որ այն փաստը, որ այդ հանդիպումը նշանակվել է, արդեն Ռուսաստանի դիվանագիտական հաղթանակն է: Փորձագետներն ասում են, որ Պուտինը փաստացի հնարավորություն է ստացել ցույց տալու, որ ինքը նախկինի պես համաշխարհային քաղաքականության առանցքային խաղացողներից է: «Այն փաստը, որ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից անմիջապես հետո Հելսինկի է մեկնում, և այդ գագթնաժողովին նա դաշնակիցների հետ տարաձայնություններ է ունեցել, էլ ավելի կամրապնդի Կրեմլի դիրքերը», -կարծում է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուն: «ՆԱՏՕ-ի կազմաքանդումը Պուտինի երազանքն է», -ասել է նա Բի-Բի-Սիին:

Ինչ վերաբերում է Մակեդոնիային, ապա այդ երկիրը հրավեր է ստացել ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցություններ սկսելու:

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին և Հայաստանին, Բրյուսելում կայացած գագաթնաժողովին հանդիպել են երկու երկրների արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Զոհրաբ Մնացականյանը: Այստեղ կարևորն այն է, որ դա նախարարների առաջին հանդիպումն էր Հայաստանում իշխանափոխությունից և նոր կառավարություն ձևավորումից հետո: Այդ հանդիպման արդյունքների մասին ոչինչ չի հաղորդվում:

Օրացույց