Միայն 2018թ-ին վրացական հանքավայրերում 16 մարդ է զոհվել

հուլիս 17, 2018 - 00:16        Viewed: 269       

Թկիբուլիի Մինդելիի անվան հանքավայրում հուլիսի 16-ին տեղի ունեցած հերթական պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 6-ը վիրավորվել է: Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ ենթադրաբար վթարի պատճառ է դարձել մեթանի պայթյունը, որն էլ իր հերթին հանքի վերին մասի և պատերի դեֆորմացիա և փլուզում է առաջացրել:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ՝ Թկիբուլիի բոլոր հանքավայրերում աշխատանքները դադարեցված են մինչև քննության ավարտն ու միջազգային մասնագետների մասնակցությամբ բարձր որակավորում ունեցող փորձաքննության անցկացումը: Թկիբուլիում ընդհանուր 25 հանքավայր կա:

Տեղի ունեցած փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել՝ Վրաստանի ՔՕ 240-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, ինչը ենթադրում է անվտանգության կանոնների խախտում լեռնային, փրկարարական կամ այլ արտադրական աշխատանքների ժամանակ: Հարցաքննության են կանչվել Մինդելիի անվան հանքի ադմինիստրացիայի պատասխանատու անձինք:

Սա արդեն երրորդ ողբերգությունն է այս տարվա ընթացքում: Հանքավայրերում միայն 2018թ-ին զոհվել է 16 մարդ: Իսկ ընդհանուր առմամբ, սկսած 2010թ-ից, հանքավայրերում ծառայողական պարտականությունների կատարման պահին մահացել է ավելի քան 30 մարդ:

2010թ-ի մարտի 4-ին Մինդելիի անվան հանքավայրում պայթյունի հետևանքով 4 հանքափոր էր մահացել: 2010թ-ի օգոստոսի 27-ին Մինդելիի անվան հանքավայրում պայթյունի հետևանքով 3 հանքափոր է զոհվել, յոթ մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել: 2011թ-ի նոյեմբերի 6-ին Մինդելիի անվան հանքավայրում ծածկի փլուզման հետևանքով 2 հանքափոր է մահացել: 2011թ-ի հունվարի 22-ին Մինդելիի անվան հանքում պայթյունը մեկ հանքափորի կյանք է խլել, 4 մարդ ծանր վնասվածքներ է ստացել: 2013թ-ի հոկտեմբերի 13-ին Մինդելիի անվան հանքում դժբախտ պատահարի հետևանքով մեկ մարդ է զոհվել: 2015թ-ի փետրվարին Թկիբուլիի քարածխի հանքում մեկ բանվոր է զոհվել: 2016թ-ի հոկտեմբերին Մինդելիի անվան հանքում մահացած բանվոր է գտնվել: 2017թ-ի մայիսի 7-ին Մինդելիի անվան հանքում բեռնատար վերելակի վերանորոգման աշխատանքի ժամանակ ճոպանի կտրվելու հետևանքով 4 մարդ է զոհվել: 2018թ-ի ապրիլի 5-ին Թկիբուլիի Մինդելիի անվան հանքում ծածկի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 3-ը վնասվածքներ է ստացել: 2018թ-ի մայիսի 9-ին հանքում տեղի ունեցած վթարը 4 մարդու կյանք է խլել: 2018թ-ի հունիսի 2-ին 2 հանքափոր է մահացել Թկիբուլիում՝ քարածխի բաց եղանակով արդյունահանման աշխատանքների ժամանակ:

Օրացույց