Վիրահայոց թեմի հոգածության ներքո են սահմանամերձ հայաբնակ գյուղերը

հուլիս 18, 2018 - 00:04        Viewed: 208       

ՎիրաՀայոց Թեմ՝ Առաջնորդարանի ուշադրության ներքո են գտնվում Վրաստանի հայաբնակ, նաև սահմանամերձ գյուղերն և բնակավայրերը, որտեղ պարբերաբար կազմակերպվում են հոգևոր հայրերի այցելություններ և մատուցվում արտագնա Սուրբ Պատարագներ, կատարվում տարբեր ծիսական արարողություններ:

Այդ տեսակետից Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավոր արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի նախաձեռնությամբ և անմիջական կազմակերպմամբ բազմիցս իրականացվել են այցելությունները Վրաստան-Հայաստան սահմանին գտնվող Մառնեուլիի շրջանի Ախքյորփի հայաբնակ գյուղ, որի բնակչության և թբիլիսահայ ուխտավոր հավատացյալների միջև ստեղծվել է յուրահատուկ հոգևոր կապ և մտերմություն:

Պայծառակերպության տոնի նախօրեին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգենեպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, ուխտի փափագով Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու եկեղեցասեր տիկնանց խումբը արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի առաջնորդությամբ ուղևորվեց Ախքյորփի գյուղ:

Նպատակը և" հոգևոր, և" աշխարհիկ բովանդակություն ուներ: Տեր Մանուկ քահանան որոշել էր գյուղի բնակիչ, սոցիալապես անապահով տիկին Ամալյայի խնդրանքին ընդառաջ ի կատար ածել նրա և առողջական խնդիր ունեցող նրա երեխաների մկրտությունը հատկապես Վարդավառի տոնին, իսկ Սուրբ Էջմիածին եկեղեցու հավատացյալների կողմից կազմակերպված նվիրատվություններով եկեղեցասեր տիկնանց խումբը որոշել էր մի փոքր թեթևացնել ընտանիքի և հաշմանդամ երեխաների կարիքներն հոգացող միայնակ կնոջ հոգսերը:

Մկրտության Սրբազան կանոններով քրիստոնեական Սուրբ Մյուռոնով Արժ. Տեր Մանուկ քահանան օծեց երեխաներին և նրանց մորը, նվիրելով օրհնված խաչեր և սրբապատկերներ, իսկ հավատացյալները մկրտվածներին ուրախացրին իրենց հետ բերած տարբեր նվերներով և նյութական օգնությամբ:

Անօգնականին, կարիքավորին ձեռք մեկնելու և բարեգործություն կատարելու զգացումից հոգեպես թեթևացած թբիլիսահայ հավատացյալ կանանց խումբն ուղղվեց դեպի Մոսե պապի մատուռ: Հինավուրց մատուռում մոմեր վառելուց և աղոթք անելուց հետո հոգևոր հոր կողմից կատարվեց խոստովանության կարգ և հավատացյալները ստացան հաղորդություն:

Տեղի բնակիչ Աննա Թանդարյանի ընտանիքը Թբիլիսիից ժամանած հյուրերի համար կազմակերպեց հյուրասիրություն, որտեղ միանշանակ շնորհակալության խոսքեր ուղղվեցին հոգևոր ծառայողին և հավատացյալներին պարբերական այցելությունների, կարիքավորներին օգնության ձեռք մեկնելու և գյուղի բնակչությանը Հայոց Եկեղեցու պատվիրաններին հաղորդակից դարձնելու համար: 

Օրացույց