Ինչ անում ենք՝ ժողովրդի կողմից մեզ տրված մանդատն իրացնելու համար ենք անում

հուլիս 23, 2018 - 01:18        Viewed: 147       

Ռուսաստանը պատերազմ տարածաշրջանում թույլ չի տա, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «ՌԴ-ն որպես գերտերություն ունի հնարավորություն թույլ չտալ պատերազմի վերսկսումը մեր ռեգիոնում: Եվ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում պատերազմի վերսկսումը թույլ չտալու համար: Ես չեմ հավատում դրան: Ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմ կամ չի օգտագործի իր լծակներն Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար», -հայտարարել է Փաշինյանը:

Միաժամանակ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը շարունակելու պատրաստակամության մասին: Սակայն բացառել է միակողմանի զիջումների հնարավորությունը. «Մեզ համար անընդունելի է ռազմաշունչ եւ ագրեսիվ հռետորությունը, որը վարում է Ադրբեջանը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, որը փչացնում է Ադրբեջանը: Դուք Հայաստանի կողմից ոչ մի նման քայլ չեք տեսնի: Երբ մենք ուղերձ ստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք այդ ժամանակ կքննարկենք, ընդ որում, ոչ միայն կառավարության մակարդակով, այլ ազգովի, թե մեզ համար փոխզիջման ինչ սահման գոյություն ունի:

Հայաստանի վարչապետը մեկնաբանել է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և դրան հետևած բացասական արձագանքը Ռուսաստանի կողմից: Նա նշել է, որ չի մասնակցել այնպիսի միջոցառումների, որոնք կարող էին հակասել Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր ուղղվածությանը:

Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական ուղղվածության մեջ կտրուկ փոփոխությունների չի գնալու: Հայաստանը կմնա ՀԱՊԿ կազմում, որը գործում է Ռուսաստանի հովանու ներքո: Դա նշվեց ՀԱՊԿ անդամ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու համատեքստում, իսկ Ադրբեջանն այդ կազմակերպության անդամ չէ և Հայաստանի հետ կոնֆլիկտի մեջ է:

«Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահի հետ հանդիպմանն, ապա իր հետ զրույցում ես մտահոգություններս հայտնել եմ [Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ]։ Այդ հարցը կմնա օրակարգում: Եթե մենք ՀԱՊԿ ենք, նշանակում է՝ մենք ձեր առջև ունենք պարտավորություն, դուք՝ մեր առջև։

Փաշինյանը պատասխանեց, որ իր՝ Բրյուսել կատարած այցի ժամանակ հանդիպումներում հստակ արձանագրել է՝ ժողովրդավարությունը ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ համոզմունք ու հավատամք: «Վերջերս տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ դա ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է: Բացի այդ՝ երկար տարիներ ԵՄ-ն ասել է, որ Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերվում է «Ավելին ավելիի դիմաց» բանաձևով: Ավելին վերաբերել է այն հռչակված արժեքներին, որը հայտնի է բոլորիս՝ ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ, օրենքի գերակայություն, կոռուպցիայի դեմ պայքար: Մինչև իմ բրյուսելյան այցը՝ ԵՄ-ից հայտարարություն է եղել, որ Հայաստանին պատրաստվում է աջակցել ինչ-որ ձևով, և ես էլ այս համատեքստում իմ տարակուսանքն եմ արտահայտել, որ ԵՄ առաջարկած բանաձևը չի աշխատում, փաստորեն, հենց ԵՄ քաղաքականության համար», -ասաց Փաշինյանը:

Նա նշեց նաև, որ իր համար տարակուսելի է նաև, որ ԵՄ մի շարք գործընկերների հետ հանդիպումների ժամանակ իրեն ասել են, թե ինչպես նախկինում, այնպես էլ այժմ սպասում են փոփոխություններ Հայաստանում: Փաշինյանի խոսքով՝ իր համար զարմանալի է, որ ԵՄ-ում դեռ կան պաշտոնյաներ, ովքեր չեն նկատում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները:

«Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, ես օրինակներ եմ բերել՝ ասելով, որ, օրինակ, այսօրվա կառավարությունը երկու ամսում կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան ԵՄ-ի և Հայաստանի նախկին կառավարությունների միջև համագործակցությամբ է տեղի ունեցել` տասնյակմիլիոնավոր եվրոներ ծախսելով: Նույնը կարող եմ ասել նաև անկախ դատական համակարգ ունենալու մասին: Մենք, հանուն ֆինանսական աջակցության, ոչինչ չենք արել ու չենք անելու, ինչ անում ենք՝ ժողովրդի կողմից մեզ տրված մանդատն իրացնելու համար ենք անում: Մեր ուղերձները հստակ հղել ենք մեր գործընկերներին», -ասաց վարչապետը:

Օրացույց