Բարձրացված էին նաև այն խնդիրները, որոնք դեռևս առկա են Վրաստանում

հուլիս 24, 2018 - 00:03        Viewed: 231       

CDD-ի (Զարգացման և Ժողովրդավարության կենտրոն) նախաձեռնությամբ, Եվրախորհրդարանայինների Թբիլիսի կատարած այցի շրջանակներում, Թբիլիսի Մարիոտ հյուրանոցում կայացավ «Եկեղեցիների և կրոնական համայնքների դերը եվրոպական ինտեգրման գործընթացում՝ Վրաստան-Եվրամիության հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը: Միջոցառումն ընթացավ կլոր սեղան- երկխոսության ձևաչափով:

Կոնֆերանսին հրավիրված էին Վրաստանի կրոնական բոլոր համայնքների ներկայացուցիչները: Ներկա էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Փոթիի և Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլ Բիրբիճաշվիլին և Բոդբեի Իակոբ եպիսկոպոս Իակոբիշվիլին: Իրենց մասնակցությունն էին բերել Եվրոպայի ժողովրդական կուսակցության եկեղեցիների և կրոնական համայնքների հետ երկխոսության աշխատանքային խմբի համանախագահներ Գիորգի Հոլվենը և Իան Օլբրիխտը: Վիրահայոց թեմը ներկայացնում էին «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը և Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը:

Կոնֆերանսի օրակարգում ընդգրկված էր նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ելույթը «Եկեղեցու դերը և Կրոնական համայնքները Եվրոպական ինտեգրման գործընթացում» թեմայով: Ելույթը ներկայացրեց Միքայել Ավագյանը: Թեմակալ առաջնորդի ելույթում անդրադարձ կատարելով Եվրամիությանը կրոնական համայնքների ինտեգրման գործընթացին, կարևորվել էր այդ նորմերի ներդաշնակումը Վրաստանի իրատեսությանը:

Ելույթում հանգամանալից խոսվում էր այն դրական մոտեցումների մասին, որոնք իրականացվում են Վրաստանի իշխանությունների կողմից կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, թերևս բարձրացված էին նաև այն խնդիրները, որոնք դեռևս առկա են Վրաստանում: Դրանք խորհրդային տարիներին բռնագրավված տաճարները իրավական սեփականատերերին վերադարձնելու, հարկագանձումների, ԶԼՄ-ների կողմից կրոնական փոքրամասնությունների գործունեության լուսաբանման հարցերն են:

Քննարկվող հարցին Վիրահայոց թեմի տեսակետը և մոտեցումները բարձրաձայնեց Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Հոգևոր հայրը կարևորեց Հանդուրժողականությունը և Եկեղեցու դերը այդ նորմի պահպանությանը: Անդրադարձ կատարելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, Տեր Կիրակոսը ընդգծեց նաև հոգևոր արժեքների պահպանումը, հարգելով ազատության և իրավունքի ընդունված նորմերը:

Կոնֆերանսում լսվեցին Վրաց Ուղղափառ Եկեղեցու և մյուս կրոնական կազմակերպությունների գնահատականները և մոտեցումները:

Օրացույց