Տերյանական օրը Ջավախքում վերածվեց իսկական ժողովրդական տոնի

հուլիս 26, 2018 - 00:39        Viewed: 213       

Սկսած 1967 թվականից հուլիս ամսվա նախավերջին հանգստյան օրը նվիրվում է Ջավախք աշխարհի պանծալի զավակ, հայ դասական գրականության տաղանդավոր քնարերգու Վահան Տերյանին ու նրա ստեղծած անկրկնելի պոեզիային: Եվ ահա ավանդույթի ամրակուռ ուժով Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում վերստին մեծարվեց տաղանդավոր բանաստեղծը՝ որպես նրա պոեզիայի անմահության խորհրդանիշ:

Առավոտից մարդաշատ էր Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղը, հագեցած տոնական շնչով: Ժամանել էին հյուրեր Թբիլիսիից, Վրաստանի տարբեր տարածաշրջաններից, մայր հայրենիք Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից:

Տոնական օրն սկսվեց անմահ քնարերգուի պապի՝ Տեր Գրիգորի կողմից 1859 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցում, որտեղ օրվա առիթով Սուրբ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝մասնակցությամբ Նինոծմինդայի շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի և Ախալքալաքի շրջանի Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի:

Հընթացս Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց օրվա Եկեղեցական տոնին՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների տոնին և նաև Տերյանական օրվա խորհրդին:

Հավարտ Սբ. Պատարագի, հանդիսապետությամբ Թեմակալ առաջնորդի և մասնակցությամբ հոգևոր հայրերի կատարվեց հոգեհանգստյան պաշտոն Վահան Տերյանի և նրա գերդաստանի ննջեցյալների հոգու խաղաղության համար:

Պատարագին միացած Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը և մյուս ղեկավար անձինք այցելեցին Վահան Տերյանի տուն-թանգարան, որտեղ նրանց դիմավորեց տնօրեն Վաղարշակ Թանգամյանը: Հյուրերը շրջայց կատարեցին թանգարանում, դիտելով հայ մեծ քնարերգուի մասին պատմող թանգարանային նմուշները և փաստագրական նյութերը: 

Ապա կեսօրին Գանձա գյուղի դաշտավայրում սկսվեց Տերյանական օրվան նվիրված ավանդական դաշտահանդես, քանզի ոչ մի դահլիճ չի կարող տեղավորել տերյանական պոեզիայի երկրպագուներին, մեծ բանաստեղծի հիշատակի առջեւ իրենց խոնարհումը բերել ցանկացողներին:

Տերյանական ավանդական միջոցառմանը իրենց ներկայությունն էին բերել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Տարոն Շագոյանը և ուրիշներ: Խոսքով հանդես եկան Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը և այլք:

Ախալքալաքի,Ծալկայի և տեղի երգի-պարի համույթների և անհատ երգիչ-երգչուհիների և ասմունքողների ելույթներով տերյանական օրվա դաշտահանդեսը Ջավախքում վերածվեց իսկական ժողովրդական տոնի: 

Օրացույց