Բիձինա Իվանիշվիլիի առաջին հարցազրույցը քաղաքականություն վերադառնալուց հետո

հուլիս 30, 2018 - 00:02        Viewed: 237       

Վրաստանի նախկին վարչապետ և «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին առաջին անգամ է հանրությանը ներկայացել քաղաքականություն վերադառնալուց հետո Հանրային հեռարձակողի «Արդիական թեմա» հաղորդման միջոցով: Հաղորդման հաղորդավարներն այցելել են Իվանիշվիլիի առանձնատուն նրանից հարցազրույց վերցնել: Հարցազրույցում Իվանիշվիլին մի քանի թեմա է արծարծել, այդ թվում՝ երկրի ոչ ֆորմալ կառավարման, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականի, նախագահի՝ «Վրացական երազանքի» թեկնածուի, Վրաստանի բանկային համակարգի բարեփոխման, աղքատության, լրատվամիջոցների, դենդրոպարկի և դարավոր ծառերի տեղափոխման հարցերը:

Բիձինա Իվանիշվիլին, որը վերջերս է քաղաքականություն վերադարձել որպես իշխող «Վրացական երազանքի» նախագահ, կտրականապես հերքում է այն պնդումները, թե մինչ այս նա ոչ պաշտոնապես կառավարել է պետությունը:

«Ես հանրային վերահսկողություն էի իրականացնում, սակայն ոչ պաշտոնապես բնավ չեմ կառաավարել», -հայտարարել է նա: Իվանիշվիլիի խոսքով՝ նա չէր ուղղորդում նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին և չէր միջամտում նրա աշխատանքին և գործառույթներին: Միաժամանակ նա նշել է, որ մեկ անգամ, այնուամենայնիվ, փորձել է միջամտել բանկային ոլորտի գործերին: Իվանիշվիլին նույնպես չի հերքել, որ մասնակցել է նոր վարչապետի թեկնածուի ընտրություններին, որն, ինչպես հայտնի է, դարձել է Մամուկա Բախտաձեն:

«Բանկերը կերել են երկիրը, և պետք էր կարգավորումներ ընդունել, սակայն ես չէի կարողանում հասնել դրան: Այլ հարցերով ես նրան [Գիորգի Կվիրիկաշվիլիին] չեմ դիմել, և ինձնից ոչ մի մասնավոր զանգ նրա գրասենյակ չի եղել: Եթե նույնիսկ եղել են հեռախոսազրույցներ, ապա, որպես կանոն, նա է զանգել ֆորմալ առիթներով, իսկ ես հնարավորություններիս ներածին չափ պատասխանել եմ նրա հարցերին: Այն, ինչի համար ինձ մեղադրում են, չի կոչվում ոչ պաշտոնական կառավարում, դա կոչվում է հասարակական վերահսկողություն: Նրանք, ովքեր ինձ մեղադրում են, չեն տարբերում, թե ինչ է հասարակական վերահսկողությունը, և որ ես դրա իրավունքն ունեմ՝ ունենալով հասարակության որոշակի վստահությունը: Այդ իրավունքից ես կարող եմ օգտվել ցանկացած պահի և ցանկացած պահի կարող եմ քննադատել իշխանություններին», -հայտարարել է Իվանիշվիլին:

Ըստ նրա՝ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականի պատճառն այն է, որ նա արդեն չէր կարողանում կառավարել, և նրա աշխատանքի անարդյունավետությունն իշխող թիմին լուծարման սպառնալիքի առջև էր կանգնեցրել: Իվանիշվիլին կարծում է, որ «խախտվում էր պետության և բիզնեսի միջև շահերի հավասարակշռությունը, և Կվիրիկաշվիլին ընտրություն չունե, նա էլ լքեց իր պաշտոնը»:

Հարցազրույցի ժամանակ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ նոր վարչապետ Մամուկա Բախտաձեն շատ ավելի մեծ դեր է խաղացել հարկային քաղաքականության իրականացման գործում, քան Գիորգի Կվիրիկաշվիլին որպես վարչապետ իր երկամյա աշխատանքի ընթացքում և տնտեսական զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին միասին: Հենց Բախտաձեն է բարձրացրել երկրում առկա հարկերի ավելցուկի և բանկային կարգավորումների անհրաժեշտության մասին խնդիրը:

Իվանիշվիլիի խոսքով՝ նա հաճախ է Գիորգի Կվիրիկաշվիլիին ասել, որ «երկու բանկ կերել է ողջ երկիրը»: Պարտքերի ավելցուկը միակ բանն է, ինչի համար նա մեղադրել է նախկին վարչապետին: Իվանիշվիլին հայտարարել է, որ իր համար բնակչության պարտքերի հետ կապված իրավիճակը շատ ավելի ողբերգական է դարձել, երբ ինքը ծանոթացել է UNICEF զեկույցին, որում նշվում է, որ «Վրացական երազանքի» կառավարման ժամանակահատվածում երկրում աճել է աղքատության մակարդակը:

«Այդ ցուցանիշի առյուծի բաժինը կազմել է հենց պարտքերի ավելցուկը: Բնակչությունը չի կարող դուրս գալ ստրկությունից, և դա բացարձակ նորմալ չէ: «Սաքարթվելոս բանկի»-ն և TBC-բանկը համաշխարհային վարկանիշներում շահութաբերության ցուցանիշով առաջատար դիրքեր են զբաղեցնում, ինչով կարելի է հպարտանալ, սակայն մեդալը հակառակ կողմն էլ ունի. բնակչությունն իր եկամտի ավելի քան մեկ երրորդ մասը ծախսում է բակերի տոկոսները փակելու վրա, և դա արդեն ամոթ է: Այդ երկու բաղադրիչներն անհամատեղելի են», -հայտարարել է Իվանիշվիլին, և թերահավատորեն է վերաբերվել այն առաջարկին, թե պետք է բանկերից հեռու մնալ և այն հարցին, թե արդյոք նա ընդհանրապես բանկերի հակառակորդ չէ:

Նախկին վարչապետն անդրադարձել է նաև իր ընտանիքին պատկանող «Քարթու-բանկի» մասին հարցին և ընդգծել, որ այդ բանկն աչքի չի ընկնում առանձնահատուկ շահութաբերությամբ, և դրա կապիտալն այսօր ավելի քիչ է, քան երբ այն ստեղծվել էր: Իվանիշվիլիի խոսքով՝ նա 200 միլիոն է ներդրել «Քարթու-բանկի» ստեղծման մեջ, իսկ հիմա բանկում նման գումար չկա: Նա հաղորդել է, որ մտածում է «Քարթու-բանկի» վաճառքի մասին, սակայն դա կանի համապատասխան պահի: Ըստ նրա՝ շուկայում երկու բանկը քիչ է, անհրաժեշտ է երրորդ ուժեղ մի բանկ ևս:

Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կուսակցությունում մի քանի թեկնածություն է քննարկվել նախագահական ընտրարշավին մասնակցելու համար: Նրանց թվում էին ինքը Իվանիշվիլին, ներքին տեղահանված անձանց և փախստականների գործերի նախկին նախարար Սոզար Սուբարին, Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:

Ընդ որում, Իվանիշվիլին ընդգծել է, որ դեմ է «Վրացական երազանքից» նախագահի թեկնածու առաջադրելուն, և կարծում է, որ կուսակցությունը պետք է աջակցի նախագահական ընտրությունների անկախ թեկնածուներից ամենաարժանիին: Սակայն եթե նման թեկնածու չհայտնվի, «ուրեմն թող ընդդիմությունը վերցնի [այդ պաշտոնը]»: Նրա խոսքով՝ այսօր երկրի բոլոր ղեկավար պաշտոններում՝ սկսած տեղական ադմինիստրացիաների ղեկավարներից մինչև վարչապետ, «Վրացական երազանքի» ներկայացուցիչներն են:

«Մենք խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենք, և դա Եվրոպայի համար նույնիսկ յուրատեսակ վայրենություն է: Ցավոք, որքան աղքատ է մեր տնտեսությունը, նույնքան աղքատ է մեր քաղաքական իսթեբլիշմենթը», -ասել է Իվանիշվիլին:

Հանրային հեռարձակողի Առաջին ալիքին տված հարցազրույցում Բիձինա Իվանիշվիլին անդրադարձավ նաև Արևմտյան Վրաստանի իր դենդրոպարկ դարավոր ծառերի տեղափոխման թեմային: Ըստ նրա՝ ընդդիմությունն իրեն մեղադրում է Աչարայի և Սամեգրելոյի հանդեպ բարբարոսական վերաբերմունքի համար, որ ծառերի տեղափոխման պատճառով փակվել է երկաթուղին, էլեկտրամատակարարման խափանումներ են տեղի ունեցել, ոչնչացվել է շրջանի կանաչ ծածկույթը, էկոլոգիային անվերականգնելի վնաս է հասցվել:

Իվանիշվիլին հայտարարել է, որ որպես փոխհատուցում նա տեղի բնակչությանը 12 մլն լարի է տրամադրել, իսկ ծառերի վերատնկման գործընթացը պետբյուջե լրացուցիչ 14 միլիոն լարի է բերել: Նա ընդգծել է, որ զգալի գումարներ է փոխանցել Վրացական երկաթուղուն, և նշել, որ ծառերի տեղափոխումը գրեթե չի ազդել գնացքների երթևեկության ժամանակացույցի վրա. միայն մի քանի անգամ դադարներ են՝ եղել 5-10, ամենաշատը 15 րոպե տևողությամբ: Իվանիշվիլին հաղորրդել է, որ դենդրոպարկի ստեղծումն ավելի թանկ է արժենում, քան այն իրականում արժե, սակայն այդ այգին պատկանում է հասարակությանն ու միշտ Վրաստանում է գտնվելու:

Նախկին վարչապետը Շեքվեթելիի սևծովյան իր սեփական հողում դենդրոպարկ է ստեղծում, ինչի համար այդտեղ Արևմտյան Վրաստանից բացառիկ ծառեր է բերում:

Օրացույց