Ներկայիս ընտրույթուններն նախագահի վերջին համաժողովրդական ընտրություններն են

հուլիս 31, 2018 - 00:05        Viewed: 177       

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն, ըստ ամենայնի, թեկնածու չի առաջադրի գալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նա նշել է, որ «Վրացական երազանքի» շարքերում քիչ չեն մարդիկ, որոնք կարող էին «արժանի արդյունք գրանցել» նախագահի ընտրություններին: Սակայն այն ֆոնին, որ իշխող կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն ունի խորհրդարանում, մեծամասնություն է կազմում ինքնակառավարման մարմիններում, «մեր ժողովրդավարության համար ավելի լավ կլիներ, որպեսզի «Վրացական երազանքն» ընդհանրապես թեկնածու չունենար նախագահական ընտրություններին», -հայտարարել է վարչապետը: Իր վերջնական դիրքորոշումը կուսակցությունը մտադիր է ձևավորել մոտակա օրերին:

Այն մասին, որ Վրաստանի իշխող կուսակցությունը կարող է նախագահի թեկնածու չառաջադրել առաջիկա ընտրություններին, հուլիսի 24-ին հեռուստահարցազրույցի ժամանակ հայտարարել է «Վրացական երազանք» կուակցության նախագահ և նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:

Տվյալ պահին հայտնի են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացրած երկու թեկնածուների անունները: «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը (ստեղծվել է Միխեյիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախկին անդամների կողմից) որպես թեկնածու առաջադրել է Դավիթ Բակրաձեին՝ Սահակաշվիլիի պաշտոնավարման տարիներին խորհրդարանի նախկին խոսնակին: «Միասնական ազգային շարժումն» ինը ոչ մեծ ընդդիմադիր կուսակցությունների հետ միավորվել է և դաշինք կազմել: Վերջինս միասնական թեկնածու է առաջադրել՝ 2008-2012թթ-ին արտաքին գործերի նախկին նախարար Գրիգոլ Վաշաձեին:

Ենթադրաբար իր թեկնածությունն է մտադիր առաջադրել Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ (2012-2016) Հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին: Նա հանրային կերպով ցանկություն է հայտնել այդ առիթով խորհրդատվություն անցկացնել գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Հուլիսի սկզբին վրացական լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ իշխող կուսակցությունը, հնարավոր է, նախագահի թեկնածու չառաջադրի և սատարի անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը:

Այն բանից հետո, երբ «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իշխող կուսակցությունը, հնարավոր է, որ իր թեկնածուն չունենա, «Վրացական երազանքի» ներկայացուցիչները հանրային կերպով համակրանք են արտահայտել Զուրաբիշվիլիի հասցեին:

«Սալոմե Զուրաբիշվիլին երկրում, արտասահմանում և խորհրդարանում մեծ հարգանք է վայելում: Եթե նա որոշի իր թեկնածությունն առաջադրել, կլինի ամենաուժեղ թեկնածուներից մեկը», -հուլիսի 25-ին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Տալակվաձեն: Սակայն, ըստ նրա, կուսակցությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել: Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին անպատասխան է թողնում լրագրողների այն հարցը, թե արդյոք պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին, և խոստանում է հայտարարություն անել գալիք շաբաթ:

Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է Ֆրանսիայում և աշխատել այդ երկրի դիվանագիտական ծառայությունում: 2003-04թթ-ին նա Վրաստանում Ֆրանսիայի դեսպան է եղել: Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 2004թ-ին նրան վրացական քաղաքացիություն է շնորհել և նշանակել արտգործնախարար: Զուրաբիշվիլին հրաժարական է տվել 2005թ-ին իշխող կուսակցության հետ ծագած կոնֆլիկտի պատճառով: Այդ օրվանից նա Սահակաշվիլիի կառավարության ընդդիմությունում էր: 2016թ-ի հոկտեմբերին Զուրաբիշվիլին մեծամասնական անկախ պատգամավոր է ընտրվել Թբիլիսիի Մթածմինդայի թաղամասից, որտեղ իշխող կուսակցությունն իր թեկնածությունը չէր առաջադրել: Այս ընթացքում Զուրաբիշվիլին կրկնակի քաղաքացիություն է ունեցել՝ Վրաստանի և Ֆրանսիայի: Սակայն, ըստ Սահմանադրության, Վրաստանի նախագահ չի կարող լինել այլ պետության քաղաքացի: Զուրաբիշվիլին չի մեկնաբանում լրագրողների այն հարցերը, թե արդյոք նա հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից:

Վրաստանում նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերին: Հստակ ամսաթիվը հայտնի չէ. այն պետք է հայտարարի գործող նախագահը: Գործող Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի նախագահը սահմանափակ լիազորություննե ունի. նա հիմնականում ներկայացուցչական գործառույթներ է իրականացնում, մասնակիորեն ներգրաված է նաև արտաքին քաղաքականությանը: Ներկայիս ընտրույթուններն, ըստ Սահմանադրության, նախագահի վերջին համաժողովրդական ընտրություններն են: Հաջորդ նախագահին արդեն կընտրեն խորհրդարանի պատգամավորները:

Օրացույց